Տավուշի մարզի Գոշ գյուղում անցկացվեց «Արշավային տուրիզմ» չորսօրյա դասընթաց
Ս.թ նոյեմբերի 1-4-ը Տավուշի մարզի Գոշ գյուցում անցկացվեց «Արշավային տուրիզմ» դասընթաց, որը մշակվել և կազմակերպվել է Հայ լեռնագնացների միություն հասարակական կազմակերպության կողմից «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրի աջակցությամբ, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից #RECONOMY-ի շրջանակներում, որը HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից իրականացվող Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրն է:
«Արշավային տուրիզմ» դասընթացի մոդուլը համակցում է գործնական և տեսական մեթոդներ՝ երաշխավորելով մատուցվող նյութի արդյունավետ իրացումը։ Դասընթացի նպատակն է մասնակիցներին վերազինել կիրառելի գիտելիքներով՝ նպաստելով զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող գյուղում ոլորտային կադրերի ինքնաբավությանը և (ինքնա)զբաղվածության բարելավմանը։
Դասընթացին հրավիրվել էին նաև ոլորտում գործող և տարիների փորձ ունեցող մասնագետներ՝ «ԱՍ Տուր Ակումբ-ի տնօրեն Էդգար Նավասարդյանն ու «ՎԱՆԱՏՈՒՆ» հյուրանոցի տնօրեն Գևորգ Ավետիսյանը, ովքեր իրենց փորձով և պրակտիկ խորհուրդներով կիսվեցին մասնակիցների հետ և պատասխանեցին մասնակիցներին հուզող բոլոր հարցերին:
Չորսօրյա դասընթացի արդյունքում մասնակիցները ծանոթացան արշավային տուրիզմի հիմնական միտումներին, մեծ տարածում ստացած հավելվածներին և անվտանգության բոլոր կանոններին։ Դասընթացի վերջին օրը կազմակերպվեց արշավ դեպի Գոշ լիճ։ Արշավի ընթացքում մասնակիցները գործնականորեն կիրառեցին ստացած գիտելիքները՝ խորապես ծանոթանալով արշավային խմբին առաջնորդելու, անվտանգ արշավ կազմակերպելու կանոններին։