Մեծ ընտանիքի բոլոր անդամների ջանքերի շնորհիվ միասնական նպատակը իրատեսական դարձավ

Վայոց Ձոր մարզի Ելփին գյուղական բնակավայրը ոչնչով չէր տարբերվի մարզի և Հայաստանի այլ բնակավայրերից, եթե այստեղ հիմնված չլիներ պանրի արտադրության յուրօրինակ արտադրամաս:

«Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվը, որը շուկայում ներկայանում է «ԱրտՉիզ» ապրանքանիշի ներքո, պանրի արտադրությունը սկսել է 2016թ.-ին՝ 3 աշխատակցի ներգրավմամբ: Կոոպերատիվի հիմնադիրներից՝ Արթուր Նազարյանը, ստանձնել է պանրի արտադրամասի գործունեության ղեկավարումը, իսկ կոոպերատիվի մնացած անդամները ներգրավված են ինչպես կաթի արտադրության, այնպես էլ վերամշակման և արտադրանքի իրացման գործընթացներում: Տարիների ընթացքում աշխատողների թիվն ավելացել է հասնելով տասի։ Միաժամանակ արտադրամասը նաև կաթ է մթերում տարածաշրջանի ֆերմերներից և հանդիսանում է եկամտի կայուն աղբյուր շուրջ 35 գյուղացիական տնտեսության համար:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ կոոպերատիվի աշխատակիցները մասնակցել են մի շարք մասնագիտական վերապատրաստումների, բարելավել են իրենց գիտելիքները կաթի արտադրության և վերամշակման ոլորտում, ստացել են անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և ձեռք բերված հմտություններն ու գիտելիքը ներդրել աշխատանքի մեջ։ Ծրագրի աջակցությամբ վերջին տարիներին իրականացվել է նաև արտադրամասի վերակառուցում՝ համապատասխանեցնելով սննդամթերքի արտադրության միջազգային ստանդարտներին և ավելացնելով արտադրական հզորությունները: Արդյունքում բարելավվել է արտադրանքի որակը, հիմք է դրվել նոր արտադրատեսակների արտադրությանը և շուկայահանմանը:

«Մեծ ընտանիքի բոլոր անդամների ջանքերի համատեղմամբ միասնական նպատակը՝ ավելի մեծ ճանաչման և սպառման հասնելը, շատ ավելի իրատեսական է դառնում: Մեր կայուն զարգացման և ձեռքբերումների գրավականն է հետևողական գործելակերպը և շարունակական ներդրումները` հզորությունների ընդլայնման, կաթի մթերման, արտադրական, շուկայահանման գործընթացների բարելավման ուղղությամբ: Երբ դեռ նոր էինք հիմնադրել կոոպերատիվը արտադրում էինք միայն ավանդական պանրի տեսակներ՝ լոռի, չանախ, անգամ չէինք էլ մտածում, որ կարելի է սկսել զբաղվել նաև բարձրարժեք պանիրների արտադրությամբ։ «Անասնապահության զարգացումը Հայաստանի հարավում» և մի շարք այլ ծրագրերի հետ համագործակցության շնորհիվ, սկսեցինք արտադրել  նաև բարձրարժեք պանիրներ»,- նշում է Արթուր Նազարյանը։

Արդեն 2017թ-ին արտադրվել և փորձնական վաճառքի են հանվել պարմեզան և գաուդա տեսակի պանիրները և նկատվող պահանջարկից ելնելով դրանց արտադրական ծավալները տարեցտարի ավելանում են: Այսօր կոոպերատիվն արտադրում է 14 տեսակի պանիր և շուկայահանում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանի Դաշնությունում ու ԱՄՆ-ում։

Ամփոփելով` Արթուր Նազարյանն ասում է,-«Մեր աշխատանքի արդյունքում Ելփինի և հարակից բնակավայրերի բազմաթիվ ընտանիքներ արդեն վստահ քայլեր են անում անասնապահության զարգացման ուղղությամբ՝ հավատալով, որ ապագայում խնդիր չեն ունենա կաթի իրացման հետ կապված: Արտադրության զարգացման պլաններն այսքանով չեն սահմանափակվում, այլ նախատեսում ենք ավելացնել արտադրանքի ծավալներն ու ընկերության տեսականին ներկայացնող վաճառակետերի քանակը, սկսել նոր կաթնաթթվային ապրանքատեսակների արտադրություն (մածուն, թան, թթվասեր)»։

Հաջողված համագործակցություն և փոխադարձ վստահություն

Առաջատար ֆերմեր Արթուր Բեկչյանն իր մեծ ընտանիքի հետ բնակվում և անասնապահական գործունեություն է ծավալում Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում: Մասնագիտությամբ շինարար Արթուրը նախկինում մեկնում էր արտագնա աշխատանքի, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում  վերադարձել է հայրենիք և զբաղվել է անասնապահությամբ:

2017թ-ին վերադառնալով Հայաստան, Արթուրը որոշեց գրանցվել որպես անհատ ձեռներեց և սկսեց զբաղվել կենդանիների առքուվաճառքով: Ծանոթանալով «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի համագործակցության պայմաններին նա միացել է ծրագրին:

Ծրագրին միանալու արդյունքում հաջողվել է բարելավել կենդանիների խնամքի պայմանները, ձեռք բերել կերաբաշխիչ, որը հնարավորություն է տալու կենդանիների թաց ու չոր կերերը վերածել միասեռ զանգվածի և ավելի արդյունավետ կազմակերպել կենդանիների կերակրումը: Ծրագրի կողմից հիմնված նոր անասնաբուժական կետից ֆերմերը ստանում է նաև անհրաժեշտ դեղորայք և խորհրդատվություն, ինչի արդյունքում, անցյալի հետ համեմատած, բարելավվել է նաև անասնաբուժական ծառայությունների մատուցման որակը:

Ծրագրի տեխնիկական աջակցության արդյունքում ֆերմերը նաև որոշակի շտկման քայլեր է ձեռնարկել բնապահպանական և բնական ռեսուրսների խնայման ուղղությամբ. արդեն իսկ արեվային ջրատաքացուցիչ է տեղադրվել՝ էլեկտրաէներգիայի խնայման նպատակով:Ծրագրի միջամտությամբ նաև կառուցվել է հյութալի պահածոյացվող կերերի (սիլոս) պատրաստման համար նախատեսված գետնափոր բետոնապատ տարողություններ, որոնք հնարավորթյուն են տալիս վեգետացիոն ժամանակահատվածում հյութալի պահածոյացվող կերերի (սիլոս) պատրաստում իրականացնել, ինչն էլ օգտագործվում է ձմեռային-մսուրային ժամանակահատվածում կենդանիների կերակրումը հյութալի կերերով կազմակերպելու համար:

«Ծրագիրն իմ ընտանիքին ու գործունեությանը մեծ նվաճում է բերել: Աշխատասիրությունը, հայրենասիրությունը և նվիրվածությունը միասին տվել են դրական արդյունք: Իմ ապագա պլանները կապված են մսի արտադրության հետ, նաև ծրագրել եմ կազմակերպել կենդանիների բաց պահվածք: Համագործակցելու եմ Վանաձորի սպանդանոցի հետ՝ սննդի անվտանգության կանոններին համապատասխան՝ մսամթերքի արտադրության պատշաճ գործունեություն ծավալելու նպատակով՚ – նշում է ֆերմերը 

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի գործընկերների հանդիպում-քննարկում

2021թ. նոյեմբերի 12-13-ին տեղի ունեցավ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի գործընկերների հանդիպումը`ծրագրի գործընկեր կառույցների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության, Հայ լեռնագնացների միության, Հայաստանի պանրագործների միության, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Լինքս Թեքնոլջիսի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից #RECONOMY-ի շրջանակներում, որը HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից իրականացվող Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրն է: Վերջինիս նպատակն է աջակցել գործազուրկ կանանց և երիտասարդներին, ինչպես նաև խոցելի խմբերի այլ ներկայացուցիչներին բարելավելու իրենց (ինքնա)զբաղվածությունը՝ բարձրացնելով հմտություններ և գիտելիք մատուցող կազմակերպությունների և գործատուների կարողությունները և մոտիվացիան՝ համագործակցելու, մշակելու և առաջարկելու տուրիզմի/հյուրընկալության և գյուղատնտեսության/ագրոբիզնեսի ոլորտներում բարելավված և աշխատաշուկայի կարիքներին համապատասխան ոչ ֆորմալ դասընթացներ:

 

Հանդիպման ընթացքում յուրաքանչյուր գործընկեր ներկայացրեց համագործակցության ընթացքում կատարած աշխատանքները, COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած մարտահրավերներն ու դրանց լուծման մեխանիզմները: Ներկայացվեց նաև   առաջիկայում սպասվող գործողություններն ու միջոցառումները, ինչը հնարավորություն տվեց քննարկել յուրաքանչյուր ոլորտի խնդիրները, բացերը և արդյունավետ համագործակցության եզրերը:

 

Հանդիպումը նշանավորվեց նաև նոր գործընկերների հետ փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ:

 

Երկօրյա հանդիպման արդյունքում ծրագրի գործընկերները հանդես եկան երկարաժամկետ առաջարկություններով, ինչպես նաև քննարկվեց հետագա գործունեության ճանապարհային քարտեզը:

«Փափուկ հմտություններ» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթաց

Ս․թ․նոյեմբերի 08-10-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության և իրենց տարածքային կենտրոնների աշխատակիցների համար «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում իրականացվեց «Փափուկ հմտություններ» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթաց: Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան զարգացնելու հաղորդակցման, ներկայացման և բանակցային գիտելիքներն ու հմտությունները։

Տարբեր դերային խաղերի, վարժանքների, ներկայացումների և քննարկումների միջոցով մասնակիցները ստացան  համապատասխան գիտելիք ու ծանոթացան այն գործիքակազմի հետ, որոնք հետագայում կկիրառեն իրենց կողմից մատուցվող ծառայություններն առավել արդյունավետ տրամադրելու, ինչպես նաև կին, երիտասարդ շահառուների համար արդյունքահեն դասընթացներ կազմակերպելու նպատակով։

Պիլոտային ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից, #RECONOMY-ի շրջանակներում, որը HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից իրականացվող Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրն է։

 

Uncategorized

Բացվել է Բալահովիտի կաթնամթերքի վարպետաց դպրոցը

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-ին, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության կաթնամթերքի վարպետաց դպրոցի հանդիսավոր բացման արարողությունը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՌԶԳ ՀԿ-ի հետ համատեղ վերանորոգված և կահավորված վարպետաց դպրոցը հնարավորություն կտա կարճաժամկետ դասընթացի մասնակիցներին ոչ միայն գործնական հմտություններ և կարողություններ ձեռք բերել՝ ամրապնդելով ստացած տեսական գիտելիքը, այլ նաև գիշերելով հենց ուսումնական կենտրոնում, մաս կազմել ամբողջ ուսումնական գործընթացին՝ կաթի ընդունումից մինչև իրենց իսկ պատրաստած արտադրանքի համտեսումը:

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից #RECONOMY-ի շրջանակներում, որը HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից իրականացվող Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրն է: