«Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ անդամների հանդիպում-քննարկում. ընթացիկ աշխատանքների COVID-19-ի պայմաններում

Սույն թվականի հոկտեմբերի 20-21-ին Սյունիքի Անասնաշուկայում ՌԶԳ ՀԿ և ԱԱԱ ՀԿ համանախաձեռնությամբ տեղի ունեցավ «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի անդամ անասնաբույժների երկօրյա հանդիպում-քննարկում՝ համավարակի պայմաններում իրականացված, ընթացիկ և պլանավորվող աշխատանքների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են ասոցիացիայի անդամ անասնաբույժները, ինչպես նաև Արցախի Հանրապետության «Անասնաբուժական սպասարկման կայան» ՊՈԱԿ-ների ղեկավարները, Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը և ՀՀ ՍԱՏՄ ղեկավար կազմի ներկայացուցիչներ Նարեկ Հայրապետյանը և Գեորգի Ավետիսյանը:

 

Հանդիպման առաջին օրը քննարկվեցին ոլորտային մի շարք հրատապ հարցեր, հատկապես անասնաբույժների որակավորման և հակաբիոտիկների կիրառման հետ կապված խիստ կարևոր հարցեր, որոնք  նաև փոխկապակցված են: Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ անասնաբուժների որակավորման խնդրի լուծումը պահանջում է օրենսդրական փոփոխություններ, որոնք ներկայումս գտնվում են ընթացիկ փուլում՝ համապատասխան գերատեսչական մարմինների կողմից: ԱԱԱ ՀԿ անդամ անասնաբույժների միաձայն քվեարկությամբ ընդունվեց նաև անդամավճարների չափն ու ժամկետները:

 

Հանդիպման երկրորդ օրը տեղի ունեցավ տեսազանգ Եվրոպայի անասնաբույժների ֆեդերացիայի (FVE) ղեկավար կազմի հետ, ովքեր FVE-ի՝ դեռևս հայցորդ հանդիսացող ԱԱԱ ՀԿ անդամներին ներկայացրեցին կազմակերպության կազմը, աշխատանքների բնույթը, պատասխանեցին հայկական կողմից հնչող մի շարք հարցերի և այլն:  Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումներով, որոնց հաջորդեց գործնական որոշ ներկայացումներ՝ մասնագետների պրակտիկ հմտությունների զարգացման նպատակով:

Արկածային արշավ Լոռիում՝ ապագա գիդերի համար

Ս. թ. հոկտեմբերի 9-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ կողմից Sida-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում իրականացվեց Արկածային արշավ Լոռիում միջոցառումը: Ծրագրի գործընկերն է, ոլորտում հայտնի «Հայ լեռնագնացների միություն» ՀԿ-ն:

Նախքան արշավելը մասնակիցներին տեղեկատվություն տրամադրվեց արշավային տուրիզմի վերաբերյալ և ներկայացվեց արշավների մասնակցության ընհանուր կանոններն ու հրահանգները:

Արշավին մասնակցեցին արկածախնդիր 40 երիտասարդներ և կանայք, ովքեր ցանկանում են հետագայում դառնալ ուղեկցորդներ և վարել արկածային արշավներ: Միջոցառման ընթացքում քայլարշավ իրականացվեց (14-15կմ) դեպի Հոռոմայրի Սուրբ Նշան վանք և Քոբայրավանք:

Որպեսզի մասնակիցներն անմոռանալի ժամանց ունենան և ստանան ադրենալինի թույլատրելի չափաբաժին, արշավն ավարտեցինք էքստրեմալ սպորտաձևով. բոլոր մասնակիցների համար կազմակերպվեց  ռաֆտինգ, որը հնարավորություն տվեց մասնակիցներին վայելել արկածային տուրիզմի բերկրանքը՝ 1.5 ժամ ռաֆտելով Դեբեդ գետի վրա:

Մասնակիցները մեծ բավականություն ստացան և արդեն իսկ արշավի ընթացքում որոշները մտածում էին իրենց արշավային ճանապարհային քարտեզը մշակելու և իրենց մարզում արշավներ իրականացնելու մասին:

«ՀՀ-ում պանրագործության ոլորտի մարտահրավերները և Հայաստանի պանրագործների միության դերը» թեմայով կլոր-սեղան քննարկում

Հոկտեմբերի 14-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող և Sida-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից ֆինանսավորվող «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրգանակներում տեղի ունեցավ «ՀՀ-ում պանրագործության ոլորտի մարտահրավերները և Հայաստանի պանրագործների միության դերը» թեմայով կլոր-սեղան քննարկում:

Միջոցառման մասնակիցների ցանկում էին Հայաստանի տարբեր մարզերի կաթ վերամշակող 25 ընկերությունների, Հայաստանի պանրագործների միության և ՌԶԳ ՀԿ-ի ներկայացուցիչները:

Հանդիպման առաջին մասում քննարկվեց Հայաստանի պանրագործների միության դերը և գործունեության հիմնական ուղղություններն առաջիկա տարիներին: Ինչպես նաև միության կողմից առաջարկվող դասընթացների մանրամասներն ու միությանն անդամակցման այլ առավելություններն ու պայմանները:

Երկրորդ մասում մատնանշվեցին պանրի արտադրության ոլորտի մարտահրավերներն ու արտահանման պայմանների բարելավման նախապայմանները:

Հանդիպումն ամփոփվեց միությանն անդամակցության դիմումների ստորագրման պաշտոնական արարողությամբ:

Խնձորուտ. երիտասարդ անասնաբույժը `որպես ոգեշնչման աղբյուր

29-ամյա Սևադան Վայոց ձորի Խնձորուտ գյուղի միակ անասնաբույժն է: Նա իր մասնագիտությունն ընտրել է իրենց գյուղի նախորդ անասնաբույժի խորհրդով և ի տարբերություն իր հասակակիցների, Սևադան քաղաքում ապրելու երազանքներ չունի:

Երիտասարդ մասնագետը վստահ է, որ իր մասնագիտությունն օգտակար է գյուղում ապրելու պարագայում: Նա դեռ նպատակ ունի կատարելագործել իր հմտությունները և այժմ սովորում է Սիսիանի գյուղատնտեսական համալսարանում՝ հեռակա կարգով:

Խնձորուտը այն գյուղերից է, որը 2015 թվականին միացել է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող “Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում’’ ծրագրին:

Անասնաբուժական ծառայության կետի ստեղծումը, անասնաբուժական և արհեստական ​​սերմնավորման ծառայությունների հասանելիության բարելավումը ֆերմերներին աջակցվող նախաձեռնություններից էին:

Նախքան ծրագրին միանալը Սևադա Հմայակյանի գործունեությունը սահմանափակվում էր միայն պետական ​​պատվերի պատվաստման ծառայություններով: Նա անասնաբուժական սարքավորումներ և գործիքներ չուներ, գյուղում չկար դեղորայք և նա չէր վարձատրվում աշխատանքի համար: Դեղորայք գնելու ամենամոտ կետը Վայք քաղաքում էր, և այնտեղից դեղը վերցնելը մի քանի ժամ էր տևում: Հետեւաբար, իրենց գյուղում անասունների կորուստ հաճախ էր տեղի ունենում:

2015 թ. Նոյեմբերին Խնձորուտ գյուղում բացվեց անասնաբուժական ծառայության կետը` հագեցած բոլոր անհրաժեշտ գործիքներով, դեղամիջոցներով և միջոցներով: Երիտասարդ մասնագետն էլ իր հերթին մասնակցեց ծրագրի կողմից կազմակերպված մի քանի դասընթացների, որոնց ընթացքում կատարելագործեց իր հմտությունները և սովորեց անասունների արհեստական ​​սերմնավորում անել: Այսօր անասնաբուժական կետը փոքր բիզնես է դարձել Սևադայի համար՝ նա կազմակերպում է դեղորայքի և ներդրումների մատակարարումը, իսկ ֆերմերները սկսել են վճարել ոչ թե դեղորայքի, այլ ծառայության դիմաց:

Սևադան խորապես հավատում է, որ իմաստ չունի հեռանալ գյուղից, եթե ունես սիրելի աշխատանք: Նա հույս ունի, որ Խնձորուտի անասնաբուժական կետը կլինի ամենահայտնին տարածաշրջանում և նա կդառնա ամենապահանջված անասնաբույժը ոչ միայն Խնձորուտում, այլ նաև հարևան գյուղերում:

Uncategorized

Հանդիպում«Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում

Ս. թ. սեպտեմբերի 30-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց ՄԿՈւ ոլորտում ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպությունների քննարկումների հարթակի հերթական հանդիպումը:

Ծրագիրն իրականացվում է Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի (HAFL) հետ համատեղ՝ Շվեյցարիայի եկեղեցու օգնության (HEKS/EPER) կազմակերպության աջակցությամբ:

 

Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Հայկական Կարմիր խաչի ընկերության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան ներկայացուցչության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ՀՀ ԿԳՄՍՆ) նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար տկն Արմենուհի Պողոսյանը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ պրն Մկրտիչ  Այվազյանը: Վերջիններս իրենց խոսքում  կարևորեցին ոլորտում գործող ինչպես արդեն որոշակի փորձառություն ձեռք բերած, այնպես էլ նոր ծրագրերի փոխկապակցվածության և փորձի փոխանակման ապահովումը:

 

Հանդիպման առաջին հատվածում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացվեց ՀՀ կառավարության ծրագրի ՆՄՄԿՈՒ միջոցառումները և ռազմավարական հիմնական ուղղությունները: Միջոցառման երկրորդ կեսին կազմակերպությունները, ովքեր ՄԿՈՒ համակարգում մեկնարկել էին նոր ծրագրեր, ներկայացրին տվյալ ծրագրերի նպատակները, խնդիրները և ակնկալվող արդյունքները:

 

Հանդիպման ամբողջ ընթացքը հագեցած էր ակտիվ քննարկումներով, հարց ու պատասխաններով, առկա համակարգի թերությունների և բացերի վերհանմամբ և դրանց ուղղված լուծումների վերաբերյալ առաջարկություններով: Այս անգամ ևս հանդիպումը հանդես եկավ որպես ՄԿՈՒ ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակման հարթակ, որը մասնակից կազմակերպություններին նաև հնարավորություն ընձեռեց տեղեկանալ ոլորտի այլ ծրագրերի առանցքային ուղղություններից և գտնել միմյանց հետ համագործակցության նոր եզրեր: