HomePageARM, NEWSARM

«Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ անդամների հանդիպում-քննարկում. ընթացիկ աշխատանքների COVID-19-ի պայմաններում

Սույն թվականի հոկտեմբերի 20-21-ին Սյունիքի Անասնաշուկայում ՌԶԳ ՀԿ և ԱԱԱ ՀԿ համանախաձեռնությամբ տեղի ունեցավ «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի անդամ անասնաբույժների երկօրյա հանդիպում-քննարկում՝ համավարակի պայմաններում իրականացված, ընթացիկ և պլանավորվող աշխատանքների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են ասոցիացիայի անդամ անասնաբույժները, ինչպես նաև Արցախի Հանրապետության «Անասնաբուժական սպասարկման կայան» ՊՈԱԿ-ների ղեկավարները, Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը և ՀՀ ՍԱՏՄ ղեկավար կազմի ներկայացուցիչներ Նարեկ Հայրապետյանը և Գեորգի Ավետիսյանը:

 

Հանդիպման առաջին օրը քննարկվեցին ոլորտային մի շարք հրատապ հարցեր, հատկապես անասնաբույժների որակավորման և հակաբիոտիկների կիրառման հետ կապված խիստ կարևոր հարցեր, որոնք  նաև փոխկապակցված են: Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ անասնաբուժների որակավորման խնդրի լուծումը պահանջում է օրենսդրական փոփոխություններ, որոնք ներկայումս գտնվում են ընթացիկ փուլում՝ համապատասխան գերատեսչական մարմինների կողմից: ԱԱԱ ՀԿ անդամ անասնաբույժների միաձայն քվեարկությամբ ընդունվեց նաև անդամավճարների չափն ու ժամկետները:

 

Հանդիպման երկրորդ օրը տեղի ունեցավ տեսազանգ Եվրոպայի անասնաբույժների ֆեդերացիայի (FVE) ղեկավար կազմի հետ, ովքեր FVE-ի՝ դեռևս հայցորդ հանդիսացող ԱԱԱ ՀԿ անդամներին ներկայացրեցին կազմակերպության կազմը, աշխատանքների բնույթը, պատասխանեցին հայկական կողմից հնչող մի շարք հարցերի և այլն:  Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումներով, որոնց հաջորդեց գործնական որոշ ներկայացումներ՝ մասնագետների պրակտիկ հմտությունների զարգացման նպատակով: