Uncategorized

«ԴՈՒԱԼ կրթությունը ինձ վերադարձրեց իմ երազանքները» ՄԱՎԵՏԱ ծրագրի աշկերտ Ամալյա Ջհանգիրյան

Ամալյա Ջհանգիրյան / Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա / Գորիսի ԲՊՔ

Ես Արցախից բռնի տեղահանված եմ։ Երբ տեղափոխվեցի Հայաստան, թվում էր՝ իմ կրթությունը, իմ մասնագիտությունը, իմ երազանքները կիսատ մնացին։ Այն ժամանակ ես չէի էլ կարող պատկերացնել, որ MAVETA ծրագիրը, ԴՈՒԱԼ կրթության ներդրման միջոցով, դառնալու էր այն շրջադարձային կետը, որը փոխելու էր իմ կյանքը։ MAVETA-ն պարզապես հնարավորություն չտվեց շարունակելու ուսումս այն վերականգնեց իմ վստահությունը, վերաիմաստավորեց իմ մասնագիտական ուղին և վերադարձրեց հավատը, որ իմ երազանքները դեռ հասանելի են։

Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում (այժմ՝ Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ) ԴՈՒԱԼ կրթական ծրագրում ընդգրկվելով՝ ես մուտք գործեցի մի համակարգ, որտեղ ուսումն այլևս սահմանափակված չէր միայն լսարաններով։ Տեսությունը անմիջապես կապվում էր գործնականի հետ, և կրթությունը վերածվեց կենդանի, դինամիկ գործընթացի։

Սկզբում նույնիսկ վստահ չէի, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել։ Սակայն հենց սկսեցի զուգահեռաբար սովորել տեսական դասերը և աշխատել արտադրությունում, ամեն ինչ փոխվեց։ «Էլոլա» ՓԲԸ-ում և «Գորիս Կաթ»-ում ներգրավված էի ամբողջ արտադրական շղթայում՝ կաթի ընդունումից և լաբորատոր փորձաքննությունից մինչև վերամշակում, փաթեթավորում և պահեստավորում։

Դասարանում կարդացած յուրաքանչյուր տող արտադրությունում կենդանանում էր։ Երբեմն էլ հակառակը՝ գործնականում կատարած աշխատանքն ավելի խորությամբ էր ամրապնդվում տեսական դասը։ Այդ փոխկապակցվածությունը ինձ դարձրեց ոչ թե պարզապես ուսանող, այլ արդեն ձևավորվող մասնագետ։

Արդյունքն ինքնին խոսուն է

Այսօր ես արդեն աշխատանքային փորձ ունեցող մասնագետ եմ։ Կարող եմ գործատուին վստահ ասել՝ ես գիտեմ այս գործը։ 

Իմ երկարաժամկետ նպատակը հստակ է Հայաստանում հիմնել սեփական արտադրություն և արտադրել պանրատեսակներ, որոնք դեռևս չեն արտադրվում մեր երկրում։

ԴՈՒԱԼ կրթությունը ինձ համար պարզապես ուսուցման մեթոդ չէ։ Այն հնարավորություն տվեց իրական պայմաններում հասկանալ, որ իմ ընտրած մասնագիտությունը իսկապես իմն է։

Խորհուրդ կտա՞մ ԴՈՒԱԼ կրթությունը այլ երիտասարդների

Աներկբայորեն՝ այո։ Երբ շփվում եմ այլ ուսանողների հետ, որոնք սովորում են միայն տեսական ծրագրով, հասկանում եմ՝ նրանք կորցնում են ամենաթանկը՝ փորձն ու ժամանակը։ ԴՈՒԱԼ կրթությունը երիտասարդին տալիս է ոչ միայն գիտելիք, այլ նաև ինքնավստահություն, հստակ նպատակ և աշխատաշուկա մուտք գործելու պատրաստություն։

Իմ կարծիքով՝ ԴՈՒԱԼ կրթությունը շատ ավելին է, քան պարզապես գիտելիքների, հմտությունների և կարողությունների փոխանցում այն ձևավորում է ինքնավստահություն, հստակ ուղղվածություն և իրական մասնագիտական պատրաստվածություն։ Իրական արտադրական միջավայրում սովորելը ինձ հնարավորություն տվեց զարգացնել ոչ միայն մասնագիտական տեխնիկական կարողություններ, այլև այն կարևոր փափուկ հմտությունները, որոնք գործատուները բարձր են գնահատում՝ թիմային աշխատանք, հաղորդակցություն, պատասխանատվություն, ժամանակի կառավարում և խնդիրների լուծում։ Իրական գործընթացների և որոշումների մեջ ներգրավված լինելը ինձ ուսանողից վերածեց երիտասարդ մասնագետի, որը հստակությամբ և ինքնավստահությամբ պատրաստ է մուտք գործել աշխատաշուկա։

Եթե մեկ նախադասությամբ ասեմ՝ ՄԱՎԵՏԱ ծրագիրը ԴՈՒԱԼ կրթության միջոցով վերադարձրեց ինձ իմ երազանքները և տվեց դրանց հետևելու վստահությունը։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։

«Երբ սիրով ղեկավարվող նախաձեռնությունը վերածվում է նորարարական գինեգործական բիզնեսի» ԼԻԼԱ ծրագրի շահառու Տաթևիկ Գաբրիելյան

Վայոց ձորի Վերնաշեն բնակավայրում գործող «Կրիա» գինու գործարանը և համտեսի սրահը, հիմնված է էկոլոգիապես կայուն արտադրության սկզբունքների վրա՝ նպատակ ունենալով առավելագույնս օգտագործել բարձրադիր կլիմայական պայմանների առավելությունները և բարելավել խաղողի որակը։

Տաթևիկ Գաբրիելյանը 2020 թվականին ստեղծեց գործարանը՝ մի կարևոր համոզմունքով. «Գինու պատրաստման ամենակարևոր կետերից մեկն այգիներն են. ճիշտ մշակված այգիները ապահովում են բարձրորակ խաղող, որը հնարավոր է վերածել բացառիկ գինիի»։ Գործարանի հիմնումից հետո Տաթևիկը նկատեց, որ տարեցտարի աճում է զբոսաշրջիկների այցելության հետաքրքրությունը, ինչը դարձավ հիմք գինու համտեսի սրահ ստեղծելու համար՝ հենց խաղողի այգիներում, թույլ տալով այցելուներին անմիջապես ծանոթանալ արտադրության պրոցեսին և փորձել մեկ բաժակ բացառիկ գինի։

 «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի աջակցությամբ կառուցվեց համտեսի սրահը, Վերնաշենի խաղողի հին այգիները վերականգնվեցին և ներդրվեց մթերման էկոլոգիապես մաքուր մոդել՝ ստեղծելով նոր տուրիստական հոսքեր և աշխատատեղեր տեղի բնակիչների համար։ Այս համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ոչ միայն պահպանել բնապահպանական արժեքները, այլև բարձրացնել գինու որակը և ընդլայնել Վերնաշենի գինեգործության տնտեսական և զբոսաշրջային ներուժը։

Տաթևիկի ռազմավարական մտածողությունը և համայնքի նկատմամբ պատասխանատվությունը դարձնում են նրան նոր սերնդի կին գործարարի օրինակ, ով ցույց է տալիս, թե ինչպես կարող է տեղական ռեսուրսների խելամիտ օգտագործումը և կանանց առաջնորդությունը դառնալ տնտեսական աճի ու տարածաշրջանային զարգացման իրական շարժիչ ուժ։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան) «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ–ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից։

Uncategorized

«Ես ընտրեցի այն ոլորտը, որտեղ պակաս կար մասնագետների, և այսօր արդեն պատրաստ եմ լրացնել այդ բացը» ՄԱՎԵՏԱ ծրագրի աշկերտ Էդիկ Տատինցյան

Էդիկ Տատինցյան | Գյուղատնտեսության մեքենայացում | Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

Երբ ընտրում էի մասնագիտությունս, ինձ համար պարզ էր մեկ բան․ հատկապես Սյունիքում գյուղատնտեսության մեքենայացման ոլորտում մասնագետների պակաս կա։ Մեր մարզը գյուղատնտեսական է, սակայն ժամանակակից տեխնիկայի հետ աշխատող մասնագետները քիչ են։ Երբ տեսա, որ դիմողների թիվն էլ փոքր է, դա ինձ համար լրացուցիչ մոտիվացիա դարձավ․ եթե մասնագետները քիչ են, ուրեմն ոլորտը սպասում է մեզ։

Մինչ ԴՈՒԱԼ կրթությանը միանալը երբևէ չէի լսել այս ծրագրի մասին։ Սակայն գործնական ուսուցումը փոխեց իմ պատկերացումները կրթության մասին։

Վերիշենում Նորայր Դավթյանի մոտ ես ոչ թե պարզապես դիտորդ էի, այլ ակտիվ մասնակից։ Ամեն գործընթաց սկսում էինք կարճ տեսական ակնարկից, հետո անցնում բուն աշխատանքին։ Քանդում էինք, հավաքում, վերլուծում, կրկնում՝ մինչև լիարժեք յուրացում։ Անվտանգության կանոններից մինչև ժամանակի կառավարում՝ յուրաքանչյուր քայլ սովորում էի իրական միջավայրում։

Քանի որ դասագրքերը հաճախ ժամանակավրեպ էին, հենց գործնական աշխատանքն էր լրացնում այդ բացը։ Ես ձեռք բերեցի ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլ նաև հաճախորդների հետ շփման, աշխատանքի պլանավորման և ժամանակի կառավարման կարողություններ։

Արդյունքն ինքնին խոսուն է

Այսօր ես ոչ միայն վստահ եմ իմ մասնագիտական կարողությունների վրա, այլ նաև արդեն իրական բիզնես նախաձեռնություն ունեմ։ MAVETA ծրագրի շրջանակում մասնակցեցի «Farming as Business» դասընթացին, մշակեցի մեղվաբուծության գործարար ծրագիր և ընտրվեցի տեխնիկական աջակցության համար։ Արդյունքում զարգացնում եմ սեփական մեղվաընտանիքները։ Արդեն սկսել եմ վաճառել մեղրը՝ գիտելիքը վերածելով իրական եկամտի և ապացուցելով, որ իմ բիզնես գաղափարը գործում է նաև գործնականում։

ԴՈՒԱԼ կրթությունը ինձ համար պարզապես ուսուցում չէր։ Այն ինձ տվեց զգացում, որ ես պատրաստ եմ աշխատաշուկային և ուզում եմ որքան հնարավոր է շուտ գործի անցնել։

Խորհուրդ կտա՞մ ԴՈՒԱԼ կրթությունը այլ երիտասարդների

Աներկբայորեն։ Ավելին՝ կարծում եմ, որ բոլոր մասնագիտությունները պետք է անցում կատարեն ԴՈՒԱԼ ծրագրին։ Երբ կարդացածդ կատարում ես քո ձեռքով, գիտելիքը դառնում է հմտություն, իսկ հմտությունը՝ վստահություն։

Եթե մեկ նախադասությամբ ձևակերպեմ իմ հաջողության պատմությունը՝ ԴՈՒԱԼ կրթությունը ինձ տվեց ոչ միայն գիտելիք, այլ նաև պատրաստակամություն և վստահություն՝ իմ մասնագիտությամբ իրական արժեք ստեղծելու համար։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։
Uncategorized

«Փոքր Նարեի երազանքը ԴՈՒԱԼ կրթությունը դարձրեց իրականություն» ՄԱՎԵՏԱ ծրագրի աշկերտ Նարե Կիրվանյան

Նարե Կիրվանյան / Անասնաբուժություն / Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ 

Ես փոքր տարիքից գիտեի, որ անասնաբույժ եմ դառնալու։ Կենդանիները միշտ եղել են իմ կյանքի մասը, սակայն հենց ԴՈՒԱԼ կրթության միջոցով եմ ես իսկապես հասկացել մասնագիտության պահանջած պատասխանատվության և պրոֆեսիոնալ նվիրվածության խորությունը։ Եվ միայն այն ժամանակ, երբ ԴՈՒԱԼ կրթությունը մեր քոլեջում ներկայացվեց ՄԱՎԵՏԱ ծրագրի միջոցով, իմ մանկության երազանքը սկսեց իրական, կառուցվածքային ձև ստանալ։

Շվեդիայում ապրելու տարիներին արդեն ծանոթ էի ԴՈՒԱԼ կրթությանը, սակայն Հայաստանում դրա կիրառումը ինձ համար դարձավ մեծ հնարավորություն՝ թույլ տալով ոչ միայն սովորել, այլ անմիջապես մտնել մասնագիտական իրական միջավայր։

Գործնական ուսուցում եմ անցել երեք կլինիկաներում՝ «Ամիրյան Վետ», «Վետլայն» և «Յան Վետ»։ Այսօր արդեն «Յան Վետ»-ում ոչ միայն պրակտիկա եմ անցնում, այլ աշխատում եմ որպես թիմի անդամ։ Սկսել եմ ամենապարզ գործողություններից՝ կենդանիների ֆիքսում, ներարկումներ, կատետր տեղադրում, և աստիճանաբար ներգրավվել վիրահատություններին՝ որպես ասիստենտ։ Այժմ արդեն խորանում եմ վիրաբուժական ուղղության մեջ և հստակ որոշել եմ՝ սա է իմ մասնագիտական ճանապարհը։

Թեև տեսական դասերը հիմնականում ուղղված էին գյուղատնտեսական կենդանիներին, կլինիկական փորձառությունը լրացրեց մանր կենդանիների բուժման բոլոր բացերը։ Յուրաքանչյուր միջամտությունից առաջ ստանում էինք հստակ բացատրություն, հետո միայն անցնում գործնական կիրառման։ Այդ մոտեցումը ձևավորեց ոչ միայն գիտելիք, այլ վստահություն։

Շրջադարձային պահը վիրահատարանում էր։ Մինչ պրակտիկան սկսելը չէի պատկերացնում ինձ որպես վիրաբույժ։ Երբ առաջին անգամ տեսա վիրաբուժական գործիքները, մտածեցի՝ դժվար թե կարողանամ երբևէ դրանք վստահ օգտագործել։ Սկզբում վախ կար՝ հանկարծ չվնասեմ կենդանուն։ Սակայն փորձառու բժիշկների վերահսկողությունն ու վստահությունը ինձ ուժ տվեցին։ Այսօր արդեն վստահ կար եմ դնում, մասնակցում վիրահատություններին և ինքնուրույն կատարում մի շարք միջամտություններ։

Արդյունքն ինքնին խոսուն է

Ես այլևս միայն ուսանող չեմ։ Առավոտյան սովորում եմ քոլեջում, իսկ հետո մինչև երեկո աշխատում եմ կլինիկայում՝ կիրառելով իմ գիտելիքները։ Իմ ձեռքերը դարձել են հմուտ, իսկ ընտրած ուղղությունը՝ հստակ։ Ես որոշել եմ շարունակել վիրաբուժության ոլորտում և իմ ամբողջ կյանքը կապել անասնաբուժության հետ։

Խորհուրդ կտա՞մ ԴՈՒԱԼ կրթությունը այլ երիտասարդների։

Միանշանակ։ ԴՈՒԱԼ-ը քեզ տալիս է ոչ միայն դիպլոմ, այլ մասնագիտական ինքնություն։ Այն օգնում է հասկանալ՝ արդյոք սա իսկապես քո ճանապարհն է, և եթե այո՝ վստահ քայլել այդ ուղղությամբ։

Եթե մեկ նախադասությամբ ձևակերպեմ իմ հաջողության պատմությունը՝
ՄԱՎԵՏԱ ծրագրի միջոցով ԴՈՒԱԼ կրթությունը փոքր Նարեի երազանքը վերածեց իրական մասնագիտական կարիերայի։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։
Uncategorized

«Երբ սերը բնության հանդեպ դառնում է բիզնեսի հիմք» ԼԻԼԱ ծրագրի շահառու Մարիամ Յեգանյան

Լոռու սարահարթերում մեծացած երիտասարդ գործարար Մարիամ Եգանյանը փոքր տարիքից մասնակցել է վայրի դեղաբույսերի հավաքին՝ զգալով հատկապես չքաղած ուրցի անուշաբույրը, որը նրա համար դարձավ ոչ միայն հիշողություն, այլև արժեքային հիմք։ Այդ զգացողությունը տարիների ընթացքում վերածվեց հստակ տեսլականի՝ ստեղծել արտադրանք, որը կմիավորի բնությունը, որակը և պատասխանատվությունը։

Մայրիկի գաղափարով 2022թ․ նրանք հիմնեցին ընտանեկան չորանոց-թեյարանը՝ դնելով Loreni բրենդի հիմքը։ Մարիամի առաջնորդությամբ նախաձեռնությունը դարձավ կանանց ներգրավմամբ զարգացող բիզնես, որտեղ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում պատասխանատու վայրի հավաքին․ բույսերը կտրվում են մկրատի կամ դանակի օգնությամբ՝ առանց արմատը վնասելու, որպեսզի պահպանվի բնական վերարտադրությունը։

2022 թվականին, Մարիամի մայրիկի՝ Մանիկի գաղափարից ծնվեց ընտանեկան նախաձեռնությունը, որը Մարիամի առաջնորդությամբ ձևավորվեց որպես Loreni բրենդ։ Նախաձեռնությունը դարձավ կանանց ներգրավմամբ զարգացող բիզնես, որտեղ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում պատասխանատու վայրի հավաքին․ բույսերը կտրվում են մկրատի կամ դանակի օգնությամբ՝ առանց արմատը վնասելու, որպեսզի պահպանվի բնական վերարտադրությունը և կենսաբազմազանությունը։

Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար (LILA) ծրագրի աջակցությամբ կառուցվեց ժամանակակից չորանոց-թեյարան, արդիականացվեց չորացման գործընթացը, և բարելավվեց փաթեթավորումն ու բրենդավորումը։ Արդյունքում ընտանեկան գաղափարը վերածվեց կայուն ձեռնարկության, որը մատակարարում է թեյեր նաև գյուղական հյուրատներին՝ կապելով արտադրությունը համայնքային զարգացման և զբոսաշրջության հետ։

Այսօր Մարիամ Եգանյանը մարմնավորում է նոր սերնդի գործարար կնոջ կերպարը՝ ռազմավարական մտածողությամբ, արժեքահեն կառավարմամբ և հստակ պատասխանատվությամբ համայնքի ու բնության նկատմամբ։

Սա վառ օրինակ է, թե ինչպես կարող է կանանց առաջնորդությունը և տեղական ռեսուրսների խելամիտ օգտագործումը ձևավորել տնտեսական աճի և տարածաշրջանային զարգացման իրական շարժիչ ուժ։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան) «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ–ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից։