Uncategorized

Ամեն մի բուժած կենդանու աչքերի մեջ շնորհակալություն եմ տեսնում

«Ամեն մի բուժած կենդանու աչքերի մեջ շնորհակալություն եմ տեսնում, որ փրկել եմ իր կյանքը։ Այդ հայացքները միշտ ինձ հետ են»,- անասնաբուժական կլինիկայում այցելուներին ճանապարհելուց հետո անթաքույց ոգևորությամբ զրույցը սկսեց Վահագն Սարգսյանը։

Վահագն Սարգսյանի անասնաբուժական կլինիկան ու դեղատունը գտնվում են Կապանում։ Մեր այցելելու պահին նա իր կլինիկայում շան պատվաստում էր արել և կենդանուն խնամելու վերաբերյալ հոգատարությամբ խորհուրդներ տալով՝ հրաժեշտ տվեց տիրոջն ու շանը։

«Մասնագիտության նկատմամբ սերս առաջացել է աշխատանքի ընթացքում։ Այն ընտրել եմ մայրիկիս խորհրդով»,- շարունակեց անասնաբույժը՝ ավելացնելով, որ միայն ուրախ է, որ հետևել է մոր խորհրդին։

Նույն ոգևորությամբ պատմեց իր առաջին վիրահատության մասին, որը կատարել էր լինելով դեռևս երրրորդ կուրսի ուսանող։

«Ամառային արձակուրդի ժամանակ գյուղում էի: Տեղեկացա, որ ոչխարներից մեկը, որը հղի էր, ճողվածք ունի և կսատկի, եթե չմորթենք։ Բարեբախտաբար, ճողվածքը հաջողությամբ հեռացրեցի և ոչխարը նորմալ  ծնեց»,- Վահագն Սարգսյանը հիշում է, թե ինչպես են ամբողջ գյուղում մեծ խանդավառությամբ խոսել այդ դեպքի մասին։

Անասնաբույժը շատ է ցանկանում, որ որդիներից մեկը շարունակի իր գործը։ Ավելին՝ նա դպրոցահասակ տղաներին ներգրավում է աշխատանքում, փորձում սեր սերմանել աշխատանքի ու անասնաբույժի մասնագիտության նկատմամբ։

«Նրանց վարձատրում եմ իրենց «աշխատանքի» դիմաց, որ իրապես պատկերացնեն թե՛ ոլորտը, թե՛ աշխատանքը»,- մասնագիտության խթանման իր այս փորձի մասին ժպտալով պատմեց Սարգսյանը՝ մատնացույց անելով դասերից հետո կլինիկա շտապած տղաներին։

Ինչևէ, կլինիկայից դուրս աշխատանքն ավելի գրավիչ է 15 տարվա փորձ ունեցող անասնաբույժի համար։ Լինելով համայնքային անասնաբույժ՝ նա հաճախակի է այցեր անում գյուղեր ու ֆերմաներ։

«Գյուղացիների վերաբերմունքը, ջերմությունը, հարգանքը շատ ոգևորիչ են և միաժամանակ՝ պարտավորեցնող։ Երբ հեղինակություն ես ունենում՝ ավելի քիչ ես չարչարվում, բայց պատասխանատվությունն է մեծանում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հենց այս պատասխանատվության զգացումն էր, որ Սարգսյանին մղեց կենդանաբուժական դեղատան հիմնմանը․  համայնքում գործող միակ դեղատան տեսականին հաճախակի չէր թարմացվում ու պահանջվող դեղերը չէին ճարվում։

«Անասնաբույժի զենքը դեղերն են։ Առանց դեղերի քո գործողությունները սահմանափակ են»,- համոզված է անասնաբույժը։ Միևնույն ժամանակ նա չի պատրաստվում բավարարվել ունեցած գիտելիքներով ու փորձով։

«Կենդանաբուժության բնագավառն էլ է արագ զարգանում և այս առումով վերապատրաստման կարիք եմ զգում՝ ծանոթանալու միջազգային առաջատար փորձին, մասնավորապես՝ ընտանի կենդանիների բուժման ոլորտում»,- Վահագն Սարգսյանը գիտակցում է ժամանակին համընթաց քայլելու կարևորությունը, բայց չի պատրաստվում լքել հայրենի բնօրրանը։  Խոստովանում է՝ ունեցել է նման միտք, բայց 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հաստատապես որոշել է ապրել ու երեխաներին մեծացնել Կապանում, որն այսօր արդեն սահմանային բնակավայր է։

«Անասնաբույժ լինել, նշանակում է ուժեղ կամք ունենալ, ինքնդ քեզ համար ճանապարհ հարթել։ Դա է մեր մասնագիտությունում հաջողության բանաձևը»,- խորը համոզմունքով զրույցը եզրափակեց Վահագն Սարգսյանը։

Անասնաբույժ լինելը պատվաբեր աշխատանք է

«Անասնաբույժ լինելը պատվաբեր աշխատանք է, որովհետև գործ ունես կենդանիների հետ»,- հատուկ հանդերձանքով դեպի անասնագոմ քայլերն ուղղելով համոզիչ ձայնով զրույցը սկսեց Արթուր Տիտանյանը։

Անասնաֆերման, որտեղ հանդիպեցինք Արթուր Տիտանյանին, գտնվում է Տաշիր համայնքում։ Այն կառուցված է ժամանակակից չափանիշներին համապատասխան և ներդաշնակորեն լրացնում է Լոռվա գեղատեսիլ բնությունը՝ ստեղծելով ագրարային կյանքի հիասքանչ տեսարան։

Հենց այս բնապատկերներն են ուղեկցել 60-ամյա անասնաբույժին ամբողջ կյանքում, ազդել մասնագիտության ընտրության վրա։

«Ծնողներս պահում էին խոշոր եղջերավոր կենդանիներ։ Հետաքրքրությունս ու սերս նրանց նկատմամբ հենց այդտեղից է սկսվել»,- մանկությունն է վերհիշում Տիտանյանը՝ հավելելով, որ ծնողները չեն խառնվել և իր ցանկությամբ է անասնաբույժ դարձել։

Բազմամյա աշխատանքային գործունեության ընթացքում համոզվել է, որ կենդանիների կյանքը փրկելով՝ օգնում է մարդկանց։ Այդպիսի մի դրվագի մասին պատմեց մեծ ոգևորությամբ։

«Գիտե՞ք՝ ոչ մեծ ֆերմաներում, ծայրը ծայրին հասցնող ընտանիքներում եկամտի հիմնական աղբյուրը կովերն են ապահովում։ Մի անգամ այդպիսի ընտանիքներից մեկում կովը պետք է ծներ, սակայն բարդություն էր առաջացել։ Չէին կարողացել ճիշտ օգնություն ցուցաբերել և երբ հասա՝ արդեն որոշել էին մորթել։ Ծննդօգնության սարքի միջոցով ինձ հաջողվեց փրկել և՛ կովին, և՛ հորթին։ Չեք պատկերացնի տերերի երջանկության չափը։ Այնքան էին ուրախացել, որ որոշեցին հորթին նվիրել ինձ։ Իհարկե, չվերցրեցի, բայց այդ զգացումը, որ ոչ միայն  կենդանիներին փրկեցի, այլ օգնեցի մի ընտանիքի, միշտ ինձ հետ է»,- հպարտության զգացումն ու աչքերի փայլը չի թաքցնում Արթուր Տիտանյանը։

Չնայած իր մասնագիտության նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքին՝ Տիտանյանը ցավով է խոսում հանրության կողմից կարծրատիպային ընկալումների մասին, որ անասնաբույժի մասնագիտությունը հիմնականում ասոցացնում են տհաճ հոտերի ու կեղտոտ աշխատանքի հետ։ Հիմնական խնդիրը տեսնում է մասնագիտության մոռացվածության, իրազեկվածության պակասի մեջ։

«Մենք փրկում ենք ոչ միայն կենդանիների կյանքեր, այլ կանխում հանրային հիվանդությունների, համաճարակների տարածումը»,- անասնաբույժների դերի կարևորությունն է ընդգծում մեր զրուցակիցը՝ հոգու խորքում ակնկալելով հանրության փոխարժեք ընկալումն ու համապատասխան վերաբերմունքը։

Մինչդեռ անասնաբույժի աշխատանքը պահանջված լինելով հանդերձ՝ քչերին է գրավում որպես մասնագիտություն։

«Չկա այնպիսի օր, որ անասնաբույժը տնից դուրս գա, բարի գործ չանի ու չվարձատրվի»,- վստահեցնում է Արթուր Տիտանյանը, ընդգծելով, որ լավ մասնագետը գնահատվում ու վարձատրվում է համատախասխանաբար։ Նույնն ասում է անասնաֆերմա այցելող ուսանողներին ու աշկերտներին։ Վերջիններս քոլեջներում դուալ կրթական մոտեցմամբ սովորող ուսանողներն են։

Անասնաբույժի խոսքով՝ վերջին տարիներին մասնագիտության խթանման ուղղությամբ դրական տեղաշարժ է արձանագրվում «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շնորհիվ, որի շրջանակներում անասնաբուժությունը ներդված է դուալ կրթական մոտեցմամբ ուսուցանվող մասնագիտությունների շարքում։

Արթուր Տիտանյանը նաև հույս ունի, որ շատ աղջիկներ կընտրեն այս մասնագիտությունը։

«Այն հնարավորությունները, որ բացում է ոլորտը, մեծ է։ Անպայման չի մտնեն անասնագոմ,  կարող են հագնել գեղեցիկ հանդերձանք և աշխատել սննդի անվտանգության բնագավառում, լաբորատորիաներում, կենդանաբուժական դեղատներներում, դեկորատիվ կենդանիների կլինիկաներում»,- անասնաբույժի մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունն փորձում է խթանել Տիտանյանը՝ օգտագործելով իր հետ հարցազրույցի այս առիթը։

 

 

Uncategorized

Գործ, որի կարևորագույն սկզբունքը սերն է կենդանու նկատմամբ

Լոռու մարզում, Ստեփանավան քաղաքից ոչ հեռու Ագարակ գյուղում ապրում է Լեյլի Չոբանյանը, ով փորձառու ֆերմեր է։ Արդեն 25 տարի, Լեյլին իր ամեն օրը սկսում է կենդանիներին խնամելուց, ջանք ու եռանդ չի խնայում իր ֆերմերային տնտեսությունը բարեկեցիկ պահելու և զարգացնելու համար։

1990թ․-ին ամուսնացա և Վանաձորից տեղափոխվեցի Ստեփանավանից ոչ շատ հեռու գտնվող՝ Ագարակ գյուղ։ Ամուսնուս ընտանիքն երեք կով ուներ, սկեսուրս շատ հմուտ էր վերամշակում կաթը, համեղ պանիր և այլ կաթնամթերք պատրաստում։

Սկզբից ինձ համար դժվար էր զբաղվել անասնապահությամբ, քանի որ ծնվել և մեծացել էի քաղաքում, սակայն քիչ-քիչ սկսեցի սովորել և արդեն մի քանի տարի անց սկսեցի օգնել ամուսնուս և որոշեցինք ավելացնել կենդանիների քանակը։

Մեր տնտեսությունը փոքր էր, սակայն ջանասիրաբար աշխատելու շնորհիվ ավելացրեցինք կենդանիների քանակն ու ներկայումս ունենք 70 խոշոր և 30 մանր եղջերավոր կենդանի։ Այժմ կենդանիների քանակն նակինում անհամեմատ շատ է, բայց ինձ ավելի հեշտ է, քանի որ շատ գործառույթներ մեքենայացված են, տարբեր տեսակի տեխնիկա ունենք՝ կթելու սարք, սերզատիչ և այլն:

Ստացված կաթի մի մասը վաճառում ենք, մյուս մասն էլ ես ինքս եմ վերամշակում՝ պանիր, կարագ ու մածուն պատրաստում, ունեմ իմ հաճախորդները, որոնք անհամբեր սպասում են, թե երբ եմ իմ պատրաստածը քաղաք տանելու և վաճառելու։

Կենդանիների կերային բազան ապահովելու համար 60 հա հողատարածք ենք վարձակալել։ Երկու տղա ունեմ, ովքեր ամուսնուս ու ինձ հետ հավասար աշխատում են` մեր կենդանիներին ապահովում ենք կերով և ավելացածը վաճառում հարևան ֆերմերներին։

Եթե գյուղում ապրելով ցանկանում ես հաջողել, ապա ամեն օր պետք է աշխատես։ Կենդանիները պահանջում են ամենօրյա խնամք՝ յուրաքանչյուր օրդ պետք է սկսես կենդանիներիդ մասին մտածելով, անելով ամեն ինչ, որպեսզի բարելավես իրենց պայմանները, ճիշտ կազմակերպես սնունդն ու խնամքը։

Կարծում եմ, որ մեր հաջողության հիմքում ընկած էր նաև այն, որ ամուսինս մեծացել է գյուղում և ծնողների հետ մասնակցել գյուղատնտեսական աշխատանքներին, նա հմտացել է հողի մշակման և անասնապահության հարցում։

Շատ-շատ գործառույթներ ինձ էլ է սովորեցրել, այժմ մենք միասին ծինն էլ ենք ընդունում, երկուսով կենդանիներին արոտավայրեր էլ ենք տանում, նույնիսկ կարողանում ենք կենդանիներին առաջին բուժօգնություն ցուցաբերել մինչ անասնաբույժի ժամանելը։

Uncategorized

Մասնագիտության գիտակցված ընտրություն

Հիրիքնազ Էգնատոսյանն երկար տարիներ աշխատել է, որպես Ամասիա համայնքի Գտաշեն բնակավայրի անասնաբույժ։ Նա արդեն երկար տարիներ նաև զբաղվում է անասնապահությամբ։

Անասնաբուժությունը կենդանասերների համար ամենացանկալի մասնագիտությունն է, և շատ երեխաներ սկսում են նշել իրենց հետաքրքրությունն այս մասնագիտության նկատմամբ դեռ շատ վաղ տարիքից:
Ես դեռ մանկուց  շատ էի սիրում կենդանիների հետ խաղալ, նրանց խնամել, և արդեն դպրոցական տարիներին սիրեցի նաև  կենսաբանություն և քիմիա առարկաները։  Երբ պետք էր մասնագիտության հարցում որոշում կայացնեի հասկացա, որ  ցանկանում եմ դառնալ անասնաբույժ։ Ծնողներս հետաքրքրվեցին և իմացան, որ գյուղաբնակների համար կա հնարավորություն ուղեգրով ընդունվել Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ՝ ավարտելուց հետո մարզ վերադառնալու և Ամասիայում, որպես անասնաբույժ աշխատելու պայմանով։

Այս միտքն ինձ շատ ոգևորեց, մտածեցի լավ հնարավորություն է երազանքս իրականացնել, բարձրագույն կրթություն ստանալ, աշխատանքով ապահովված լինել և մնալ հենց այն նույն վայրում, որտեղ ծնվել ու մեծացել եմ։
Սովորելու համար Երևան տեղափոխվեցի, այստեղ հանդիպեցի նաև ապագա ամուսնուս, ով եկել էր Վրաստանից Հայաստան՝ անասնաբուժություն ուսանելու։

Քանի որ երկուսս էլ սիրում էինք այս մասնագիտությունը, մենք մեծ սիրով և ոգևորությամբ  մասնակցում էինք թե տեսական և թե գործնական դասերին։ Ավարտելուց հետո բնակություն հաստատեցինք Ամասիայի Գտաշեն գյուղում և երկուսս էլ ապահովվեցինք աշխատանքով, ես սկսեցի աշխատել, որպես Գտաշենի տեղամասային անասնաբուծական-անասնաբուժական կայանի վարիչ, իսկ ամուսինս՝ անասնաբույժ։

Անասնաբույժի մասնագիտությունը շատ հետաքրքիր է։ Եթե սիրեք Ձեր մասնագիտությունը հաստատ կհաջողեք։ Ձեր կյանքի գործը պետք է Ձեզ ուրախություն, բավարարվածություն պատճառի և բարձրացնի Ձեր ինքնագնահատականը:

Արդեն շուրջ 30 տարի է, ես ու ամուսինս աշխատում ենք, որպես անասնաբույժ, սպասարկելով երկու գյուղ՝ Գտաշենն ու Կամխուտը։ Ունենք շուրջօրյա անասնաբուժական կետ-դեղատուն։

Ուրախ եմ, որ ժամանակին ճիշտ որոշում եմ կայացրել մասնագիտության ընտրության հարցում և եթե նորից ընտրության հնարավորություն ունենայի, կնտրեի նույն մասնագիտությունը։

Անասնաբուժությունը շատ կարևոր մասնագիտություն է մարդկության առողջապահության պահպանման տեսանկյունից։ Մենք՝ անասնաբույժներս, հաճախ ենք ասում, որ բժիշկը բուժում է մարդուն, իսկ անասնաբույժը՝ մարդկությանը։ Շատերը չգիտեն, որ կան զոոնոզ հիվանդություններ, որոնք մարդուն փոխանցվում են կենդանու միջոցով և եթե մենք չբուժենք կենդանիներին կամ չկանխարգելենք նրանց մոտ հիվանդությունների տարածումը, մարդկանց մոտ հիվանդությունների, համաճարակների քանակը մի քանի անգամ ավելի բարձր կլինի։

Ես հպարտ եմ, որ երկար տարիներ աշխատելով, որպես անասնաբույժ օգնել եմ բազում ֆերմերի, խորհուրդներ տվել, ինչպես ճիշտ խնամել կենդանիներին կամ արագ արձագանքել հիվանդություններին մինչ անասնաբույժների օգնության հասնելը։

Uncategorized

Փոքրիկ քայլերով դեպի մեծ երազանք

Անի Սուքիասյանը ծնվել է 2002 թվ․-ին Լոռվա մարզի Տաշիր քաղաքում։ Չնայած երիտասարդ տարիքին արդեն մի քանի տարի է աշխատում է «Լոռվա կաթ» ընկերությունում։

1998 թվ․ ծնողներս հիմնել էին փոքրիկ կաթնամթերքի արտադրամաս, որը իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ այսօր դարձավ Տաշիրում հայտնի կաթնամթերք արտադրող ընկերություններից մեկը։

Ամբողջ կյանքս՝ մանկությունս ու պատանեկությունս անցել է այդ արտադրամասում։ Դպրոցն ավարտելուց հետո առանց վարանելու որոշում կայացրեցի ընդունվել Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ՝ կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա բաժին։

2019 թվ․-ին, լինելով դեռ ուսանող մասնակցեցի Վրաստանում կայացած երիտասարդ տեխնոլոգների մրցույթին և պատրաստածս պանրի շնորհիվ գրավեցի առաջին պատվավոր հորիզոնականը։

Երեք տարի և վեց ամիս քոլեջում սովորելուց հետո ընդունվեցի ՀԱԱՀ-ի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետը և սկսեցի աշխատել ծնողներիս կողմից հիմնած պանրի և կաթնամթերքի արտադրամասում։

Ինձ վստահվեց նաև լինել պրակտիկայի ղեկավար և կազմակերպել Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա բաժնում սովորող ուսանողների 2021-2022 ուսումնական տարվա պրակտիկան։

Տեխնոլոգիաների զարգացումն ու աշխատանքների մեքենայացումն այլևս ֆիզիկական ուժ չի պահանջում․ այսօր կարևոր դեր է խաղում կրթությունն ու գիտական ​​մեթոդների ներդրումը։ Ցանկանում եմ նշել, որ մասնագիտություն ընտրելիս մի մտածեք՝ արդյոք ձեր ընտրած մասնագիտությունը տղամարդու, թե կնոջ մասնագիտություն է։ Առաջնորդվեք Ձեր նախասիրությունների բնույթով։  

Կաթնամթերքը կարևոր դեր է խաղում մադու սննդակարգում, այն համարվում է անփոխարինելի և ունի բացառիկ նշանակություն երեխաների սննդի մեջ, հատկապես նրանց կյանքի սկզբնական շրջանում:

Դեռ մանկուց մի երազանք ունեմ, որը ամեն գնով կփորձեմ իրականացնել՝ դա Հայաստանում մանկական կաթնախառնուրդի և պաղպաղակի արտադրությունն է։ Կաթնախառնուրդ արտադրելու համար անհրաժեշտ է մեծ ծավալներով կաթ հավաքագրել, որն այս պայմաններում հնարավոր չէ, սակայն ես հուսով եմ, որ մի օր կիրականացնեմ երազանքս և կհիմնեմ գործարան, որը կդառնա արժանի մրցակից ներկրվող տեսականուն։

Երազանքս իրականացնելու ուղին արդեն սկսել եմ, այս տարի ծնողներիս օգնությամբ նախաձեռնել եմ պաղպաղակի արտադրամասի հիմնումը, որը հուսով եմ շուտով իր արտադրանքով կուրախացնի Լոռու մարզի մանուկներին։