Uncategorized

«ԴՈՒԱԼ կրթությունը իմ հետաքրքրությունը վերածեց իրական մասնագիտական հմտությունների» ՄԱՎԵՏԱ ծրագրի աշկերտ Մարտուն Մինասյան

Մարտուն Մինասյան / Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա / Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ

Վստահ էի, որ ցանկանում եմ դառնալ կաթնամթերքի ոլորտի մասնագետ։ Այս ոլորտը միշտ հետաքրքրել է ինձ, և ուզում էի իմ մասնագիտական ապագան կապել հենց այդ աշխատանքի հետ։ Երբ ընդունվեցի Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ (այժմ՝ Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ) և ընտրեցի «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունը, արդեն հստակ պատկերացնում էի, որ ցանկանում եմ աշխատել հենց այս ոլորտում։

Մինչ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում ներդրված ԴՈՒԱԼ կրթական ծրագրին միանալը, այս կրթական մոդելի մասին երբևէ չէի լսել։ Սակայն ծրագրին մասնակցելուց հետո շատ արագ հասկացա, թե որքան արդյունավետ կարող է լինել այս մոտեցումը։ ԴՈՒԱԼ կրթությունը հնարավորություն տվեց տեսական ուսուցումը համադրել իրական աշխատանքային փորձի հետ, ինչի շնորհիվ սովորելու գործընթացը դարձավ ավելի գործնական և հասկանալի։

Գործնական ուսուցումս անցել եմ «Էլոլա» կաթնամթերքի արտադրամասում, որտեղ ներգրավված էի թթվասերի արտադրամասում իրականացվող աշխատանքներում։ Ես ոչ թե պարզապես դիտորդ էի, այլ մասնակցում էի արտադրության ամբողջ գործընթացին։ Քայլ առ քայլ ծանոթանում էի արտադրական գծի աշխատանքին՝ հասկանալով, թե ինչպես է կազմակերպվում գործընթացը և ինչպես պետք է ճիշտ աշխատեցնել սարքավորումները։ Արտադրական միջավայրում աշխատելը հնարավորություն տվեց ձեռք բերել այնպիսի գործնական հմտություններ, որոնք միայն դասագրքերից սովորել հնարավոր չէր։

ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում մասնակցել եմ նաև փափուկ հմտությունների զարգացման դասընթացների, որոնք օգնել են ավելի լավ հասկանալ թիմային աշխատանքի կարևորությունը, պատասխանատվության զգացումը և աշխատանքային հաղորդակցության սկզբունքները։

Արդյունքն ինքնին խոսուն է

Այսօր ես վստահ եմ իմ մասնագիտական կարողությունների վրա։ Իրական արտադրական միջավայրում ձեռք բերած փորձը օգնեց ավելի խորությամբ հասկանալ մասնագիտությունս և վստահորեն կատարել իմ աշխատանքային պարտականությունները։ Ամենակարևորը՝ համոզվեցի, որ սա հենց այն ոլորտն է, որտեղ ցանկանում եմ շարունակել աշխատել և զարգանալ։

Իմ նպատակն է շարունակել զարգացնել իմ մասնագիտական հմտությունները կաթնամթերքի արտադրության ոլորտում և ապագայում աշխատել այս ոլորտում։ Ես պայմանավորվածություն ունեմ իմ գործատուի հետ աշխատել ամբողջ դրույքով թթվասերի արտադրության բաժնում։ Վերջնական քննություններս ավարտելուց հետո հույս ունեմ այս տարի աշխատանքի անցնել և շարունակել աշխատել ընկերությունում։

 Խորհուրդ կտա՞մ ԴՈՒԱԼ կրթությունը այլ երիտասարդների

Աներկբայորեն՝ այո։ ԴՈՒԱԼ կրթության միջոցով կարելի է շատ ավելի բան սովորել, քան միայն տեսական կրթության դեպքում։ Երբ գիտելիքը անմիջապես կիրառվում է գործնականում, այն վերածվում է իրական հմտության, իսկ դա մեծ առավելություն է աշխատաշուկա մուտք գործելու համար։

Եթե մեկ նախադասությամբ ձևակերպեմ իմ փորձը՝ ԴՈՒԱԼ կրթությունը ինձ տվեց գործնական փորձ և ինքնավստահություն՝ որպես մասնագետ զարգանալու և մեր ոլորտի զարգացմանը նպաստելու համար։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։
Uncategorized

«Գյուղում աշխատանք կա․ ես դա ապացուցում եմ ամեն օր» ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր Մարինե Զադայան

Մարինե Զադայան / Ֆերմեր, մանկավարժ  / Վերիշեն, Գորիս

Ինչպե՞ս դարձա ՄԱՎԵՏԱ գործընկեր

Ավելի քան 35 տարի անասնապահությունը իմ կյանքի անբաժանելի մասն է։ Մեծացել եմ գյուղում, որտեղ աշխատանքն ու կենդանիների հանդեպ սերը բնական կենսակերպ էին։ Տարիների ընթացքում ձևավորեցի կայուն տնտեսություն՝ ընդլայնելով ֆերման, ավելացնելով կենդանիների թիվը, կառուցելով նոր գոմ և բարելավելով պայմանները։ Այսօր ունեմ 12 մանր և 30 խոշոր եղջերավոր կենդանի։

Միաժամանակ 25 տարի աշխատում եմ որպես մանկավարժ, դպրոցում դաստիարակության գծով փոխտնօրեն։ Թերևս հենց այդ երկակի փորձառությունն էր, որ ինձ բերեց ԴՈՒԱԼ կրթություն։ ՄԱՎԵՏԱ ծրագրի կողմից կազմակերպված “Մասնագիտությունների օրվա” շրջանակում աշակերտներիս ուղեկցեցի «Դը Ռանչ», որտեղ առաջին անգամ ծանոթացա ԴՈՒԱԼ կրթությանը։ Այդ այցը շրջադարձային էր․ հասկացա, որ իմ տնտեսությունը կարող է դառնալ ոչ միայն արտադրական, այլև ուսումնական միջավայր։

Այդպես սկսվեց իմ ճանապարհը որպես գործատու՝ ընդունելով աշկերտների իմ ֆերմայում։

Արդյունքն ինքնին խոսուն է

Այսօր արդեն ընդունել եմ 16 աշկերտ։ Նրանք իրենց տեսական գիտելիքները գործնականում կիրառում են իրական աշխատանքային միջավայրում։ Սակայն մեր ֆերմայում նրանք միայն մասնագիտություն չեն սովորում։ Նրանք ձեռք են բերում՝

  • պատասխանատվության և կարգապահության մշակույթ,
  • թիմային աշխատանքի հմտություններ,
  • տնտեսության կառավարման փորձ,
  • կենդանիների խնամքի և կաթի մշակման ամբողջական գործընթացի իմացություն։

MAVETA ծրագրի շրջանակում մենք ստացել ենք տեխնիկական աջակցություն՝ գյուղատնտեսական գործունեության արդիականացման և արտադրական կարողությունների ընդլայնման համար, ինչի արդյունքում մեծացել են աշակերտներ ընդունելու և նրանց պատշաճ ուսուցում ապահովելու մեր հնարավորությունները։ Մեր տնտեսությունն այսօր դարձել է լավ կահավորված և դինամիկ ուսումնառության միջավայր, որտեղ մենք ընդունում ենք նրանց ոչ թե որպես աշկերտներ, այլ որպես ընտանիքի անդամներ։ Մեր տնտեսությունը դարձել է կենդանի ուսումնական հարթակ․ ամուսինս նույնպես ներգրավված է՝ ընդունելով գյուղատնտեսական մեքենայացման մասնագիտությամբ աշկերտների։

ԴՈՒԱԼ կրթությունը փոխում է նաև երիտասարդների վերաբերմունքը գյուղի նկատմամբ։ Նրանք տեսնում են, որ գյուղատնտեսությունը միայն ֆիզիկական աշխատանք չէ, այլ գիտելիք, կառավարում և զարգացում պահանջող ոլորտ։ Նրանք սկսում են հավատալ, որ գյուղում կարելի է ստեղծել արժեք, կայանալ և արժանապատիվ ապրել։

ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացները կարևոր դեր ունեցան նաև իմ մասնագիտական աճի մեջ՝ օգնելով թարմացնել գիտելիքներս, ընդլայնել մտածելակերպս և պատրաստ լինել նոր սերնդի հետ աշխատելուն։

Արդյունքը տեսանելի է․ կրթված և գործնական փորձ ունեցող երիտասարդը դառնում է ավելի ինքնավստահ, աշխատաշուկայի համար պատրաստ և համայնքի համար արժեք ստեղծող մասնագետ։

Ինչու՞ այլ գործատուներ նույնպես պետք է ընդունեն աշկերտներ

ԴՈՒԱԼ կրթությունը շահավետ է ոչ միայն ուսանողի, այլև գործատուի համար։

  • Դուք ստանում եք մոտիվացված երիտասարդներ, որոնք սովորում են ձեր արտադրական միջավայրում և հարմարվում ձեր աշխատանքային մշակույթին։
  • Դուք ներդրում եք անում ապագա մասնագետների ձևավորման մեջ՝ ապահովելով ոլորտի շարունակական զարգացումը։
  • Դուք ուժեղացնում եք համայնքը՝ պահելով երիտասարդներին գյուղում։

Ես կոչ եմ անում գործատուներին՝ միացեք, ընդունեք աշկերտների։ Ընդունեք ոչ միայն պարտավորությամբ, այլ սրտանց ու սիրով։

Եթե ուզում ենք, որ գյուղատնտեսությունը զարգանա, պետք է պատրաստ լինենք մեր փորձը փոխանցել։

Ես միշտ ասել եմ՝ «Եկավ սովը՝ պահեց կովը»։ Այսօր ավելացնում եմ գյուղատնտեսության ապագան կրթված և գործնական փորձ ունեցող երիտասարդի ձեռքում է։

ԴՈՒԱԼ կրթությունը այն կամուրջն է, որը միացնում է գիտելիքն ու աշխատանքը, փորձն ու արդյունքը, սերունդներն ու համայնքը։

Սերը ինձ ուժ է տվել ստեղծելու։ ԴՈՒԱԼ կրթությունը հնարավորություն է տալիս այդ ուժը փոխանցելու հաջորդ սերնդին։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։
Uncategorized

«Ավանդույթը վերածելով զբոսաշրջային գրավչության և բիզնեսի» ԼԻԼԱ ծրագրի շահառու Մարիամ Սիմոնյան

«Շերամ» ազգային խոհանոցը Արենիում, դարձել է Վայոց ձորի գաստրոձբոսաշրջության կարևոր ուղղություններից մեկը` առանձնանալով ավանդական ուտեստների ժամանակակից մեկնաբանությամբ։ Խոհանոցը վերակենդանացնում է մոռացված բաղադրատոմսերը՝ մատուցելով, օրինակ, մասրապուր և տոլմա՝ խաղողի թփի ու չրերի համադրությամբ։

Շերամի» հիմնադիրն Մարիամ Սիմոնյանը կանանց առաջնորդության վառ օրինակ։ Մանկուց սիրելով գեղանկարչությունը՝ Մարիամը ստացել է համապատասխան կրթություն, բայց ընտանեկան պարտավորությունները նրան չթույլ տվեցին զբաղվել արվեստով։ Փոխարենը՝ նա իր ստեղծագործական մոտեցումն օգտագործեց խոհանոցում՝ իր ձեռքերով պատրաստված կավե սպասքով մատուցելով ուտեստները, ինչը դարձել է ռեստորանի այցեքարտերից մեկը։ Մյուս այցեքարտը Վայոց ձորի ավանդական ուտեստներն են, որոնք ցուցադրում են տարածաշրջանի մշակութային հարուստ ժառանգությունը։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը աջակցել է «Շերամ» ազգային խոհանոցի զարգացմանը՝ ռեստորանի կառուցմամբ և խոհանոցի վերազինմամբ, ինչպես նաև տրամադրելով մասնագիտական թրեյնինգներ և մարքեթինգային աջակցություն։ Ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել վայրի բույսերին ու պտուղներին, որոնք ինտեգրվել են սննդի շղթայում՝ խթանելով կայուն և բնահեն զբոսաշրջության զարգացումը։ Այս աջակցությամբ «Շերամը» դարձել է ոչ միայն ռեստորան, այլև կայուն բիզնես և համայնքային զարգացման հենակետ, որտեղ պահպանվում են ավանդույթները և խթանվում կանանց ներգրավվածությունը։

Շերամը ստեղծում է աշխատատեղեր Արենիում ապրող կանանց համար, իսկ Մարիամը՝ որպես կին գործարար և բազմազավակ մայր, ոգեշնչում է նրանց հետևել սեփական երազանքներին և իրագործել իրենց նպատակներն ու գաղափարները։ ԼԻԼԱ ծրագրի աջակցությամբ ռեստորանը վերազինվել է, անցկացվել են թրեյնինգներ և ապահովվել մարքեթինգային աջակցություն, ինչի շնորհիվ զարգացել է գյուղի զբոսաշրջությունը։

Մարիամի գլխավոր երազանքը՝ ներկայացնել հայկական խոհանոցն ու մոռացված ավանդական ուտեստները ողջ աշխարհին, աստիճանաբար դառնում է իրականություն՝ տեղական մշակույթը վերածելով կայուն բիզնեսի և զբոսաշրջային գրավչության։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան) «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ–ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից։

Uncategorized

«Գյուղատնտեսության ապագան նորարարությանն անցման մեջ է»․ ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր Մերուժան Ղարիբյան

Մերուժան Ղարիբյանը շրջում է Գետավանի իր «խելացի» անասնաֆերմայում։ Չկա շտապողականություն, ոչ մի բարձրաձայն հրաման, ոչ մի քաոսային շարժում․ պարզապես բնության հետ ներդաշնակ աշխատող տեխնոլոգիայի հանգիստ բզզոց: Կոճակի մեկ սեղմումով անասնագոմը մաքրվում է։ Թվային համակարգը վերահսկում է կովերի առողջությունը և կաթի արտադրությունը՝ նախքան դրանց առաջանալը զգուշացնելով հնարավոր խնդիրների մասին: Սա անցյալի գյուղատնտեսությունը չէ։ Սա է ապագան, և Մերուժան Ղարիբյանն առաջատարներից է։

Իրավաբանությունից՝ ֆերմերային տնտեսություն

Մասնագիտությամբ իրավաբան Մերուժան Ղարիբյանն  իր իրական կոչումը տեսնում է գյուղատնտեսության ոլորտում: Վերջին 25 տարիների ընթացքում իր հայրիկի հետ զբաղվել է խոշոր եղջերավոր կենդանիների բուծմամբ՝ որպես տեսլական ունենալով կայուն ֆերմերային տնտեսությունը: Տարիների ընթացքում տեսնելով ավանդական գյուղատնտեսության առջև ծառացած մարտահրավերները՝ հետաքրքրության անկումը, անմրցունակ լինելը և ժամանակակից մեթոդների բացակայությունը, նա համարձակ քայլ արեց և իր ֆերման վերածեց լիովին ավտոմատացված, «խելացի» անասնաֆերմայի: «Գյուղատնտեսությունը անկում ապրող ոլորտ է։ Եթե մենք չանցնեինք նորարարական մոտեցումների՝ չէինք գոյատևի»,- ասում է նա։

Նման փոփոխություն կատարելը հեշտ չէր․ անհրաժեշտ էր ձեռք բերել սարքավորումներ, հարմարվել կառավարման նոր մեթոդներին և վերաիմաստավորել տասնամյակների ավանդական գործելակերպը: Բայց, Մերուժան Ղարիբյանը վճռական էր տրամադրված և երկու տարի առաջ ամբողջությամբ ապահովեց այդ անցումը։

Ֆերմա՝ առանց սահմանների

Օգտագործելով գործընթացի վերահսկման թվային մեխանիզմները՝ Մերուժանը հիմա հեռակա կարգով կարողանում է կառավարել իր ֆերման։ «Վանաձորից մի կոճակով գոմը կարող եմ մաքրել»,- ժպտալով ասում է նա։

Սենսորները հետևում են ամեն ինչին․ կաթի արտադրությունից մինչև կովի առողջություն՝ ապահովելով արդյունավետություն և որակ: Արդյունքում ստանում է բարձրորակ կաթ, որը վաճառում է շուկայականից բարձր գնով։

«Կաթի մեկ լիտրը միջինում մթերում են 130 ՀՀ դրամով։ Մեր ֆերմայի կաթի լիտրը 170 ՀՀ դրամ է»,- հպարտությամբ նշում է նա, ավելացնելով, որ ողջ գործընթացը կատարվում է փակ ցիկլով։ Կովից մինչև տարա ոչ մի մարդու ձեռք չի դիպչում կաթին, ինչն ապահովում է և՛ հիգիենա, և՛ արդյունավետություն։

Բայց Մերուժան Ղարիբյանի համար ֆերմերային գործում ներդրված նորարարությունը միայն ավտոմատացման մասին չէ, այլ նաև՝ կայունության: Ֆերման զբաղվում է նաև սեփական կերի արտադրությամբ՝ ապահովելով համապարփակ կառավարում։ Եվ որպես շղթայի շարունակություն՝ ֆերմերն ունի կաթի վերամշակման արտադրամաս բացելու հեռանկարը։

Պատրաստելով հաջորդ սերնդին

Մերուժան Ղարիբյանը գյուղատնտեսական մասնագիտությունների ծերացումը լուրջ մարտահրավեր է համարում։ «Ավանդական գյուղատնտեսությամբ ոչ մեկի չես հետաքրքրի, հատկապես` երիտասարդությանը»,- ասում է նա՝ ավելացնելով, որ մարդկանց պատկերացումներում շատ բան է փոխվել։

Այդ իսկ պատճառով նա ֆերման դարձրել է գրավիչ վայր Ստեփանավանի պետական ​​գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար։ Այստեղ դուալ ուսուցմամբ սովորող աշկերտներն անմիջականորեն տեսնում են, թե ինչպես է աշխատում ժամանակակից գյուղատնտեսությունը և դառնում դրա մի մասը: «Նրանք տեսնում են, որ մարդիկ հեռվից են շփվում կովերի հետ, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ դռները չեն բացում կամ փակում, քանի որ ամեն ինչ ավտոմատացված է»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Թեև աշկերտները լրիվ ծավալով աշխատուժ չեն ֆերմայում, Մերուժան Ղարիբյանը նրանց վերապատրաստումը համարում է ներդրում ապագայի համար: Եվ դա փոխշահավետ գործընթաց է. մինչ նա նրանց ֆերմերային գործի իր փորձն է ներկայացնում, նրանք նրան թվային հաղորդակցման հմտություններ են սովորեցնում: Նույնիսկ իր որդին է միացել այդ ջանքերին՝ ֆերման դարձնելով իսկական ընտանեկան ժառանգություն:

Բարձր գնահատելով «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի հետ իր գործընկերությունը՝ Մերուժանը կարևորում է վերապատրաստման դասընթացները, փափուկ հմտությունների կատարելագործման հնարավորություններն ու փորձի փոխանակման այցերը։ «Համագործակցությունը միայն տեխնիկական աջակցություն ստանալու մասին չէր։ Այն անընդհատ սովորելու, աճելու և նոր գաղափարներ ստանալու մասին է», – ասում է նա՝ ընդգծելով ՄԱՎԵՏԱ ծրագրով Ավստրիայի և Շվեյցարիայի (կայցելի մարտին) լավագույն փորձն ուսումնասիրելու և Հայաստանում տեղայնացնելու հնարավորությունը։

Կոտրել կարծրատիպերը

Մերուժան Ղարիբյանը մեծ նշանակություն է տալիս հանրության կողմից ֆերմերային տնտեսության ընկալման փոփոխությանը։ «Երբ ասում ես, որ քեզ կթվոր է պետք, ոչ ոք չի արձագանքում: Բայց երբ հայտարարություն ես տարածում կաթի օպերատորի հաստիքի համար, մարդիկ հերթ են կանգնում»,- ժպտում է նա՝ ընդգծելով, որ բառերը կարևոր են, գյուղատնտեսության վիզուալ պատկերը՝ նույնպես:

Այսօր գյուղական ավանդական անասնագոմերի և ֆերմաների ոչ գրավիչ լինելու կարծրատիպերը փոխարինվում են բարձր տեխնոլոգիական, արդյունավետ տնտեսությունների տեսլականով:

«Նորարական լուծումներով «խելացի» անասնաֆերմա այցելելը կփոխի ձեր կարծիքը ոլորտի վերաբերյալ»,- պնդում է ֆերմերը, ապա ավելացնում, որ գյուղատնտեսության զարգացումը կարևոր բաղադրիչ է պարենային անվտանգության ապահովման, գյուղերի պահպանման և հողերի մշակման համար։ «Եթե կով չպահենք, ապա կարագ ու պանիր որտեղի՞ց ստանանք»,- հռետորական շեշտադրումով շարունակում է նա։

Փոփոխության կամք

Հարցին, թե ինչ է անհրաժեշտ այդպիսի ֆերմա կառուցելու համար, Մերուժան Ղարիբյանն առաջինը չի նշում գումարը։ «Կամքի ուժ»,- ասում է նա ժպտալով, ապա նոր ավելացնում հողատարածքն ու ներդրումները։

Մերուժան Ղարիբյանի ֆերման ապացույցն է, որ գյուղատնտեսության ապագան կապված է ոչ միայն տեխնոլոգիայի, այլ՝ մտածելակերպի հետ: Նորարարությունը ինտեգրելու, գործելակերպը վերանայելու, կատարելագործվելու և հաջորդ սերնդին պատրաստելու պատրաստակամությունն այն է, ինչը կարդիականացնի գյուղատնտեսությունը Հայաստանում:

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։

«Գյուղատնտեսությունը կենսակերպ է»․ ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր Հայկ Ասլանյան

Պատերազմից հետո սեփական կյանքը վերականգնելը հեշտ գործ չէ: «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության և ուսուցման արդիականացում» (MAVETA) ծրագրի գործընկեր Հայկ Ասլանյանի համար հետպատերազմյան շրջանի մարտահրավերները միայն ամրապնդել են նրա հավատը գյուղատնտեսության և կրթության կարևորության վերաբերյալ:

Ընտանեկան ժառանգությունից մինչև նոր սկիզբ

Ֆերմեր Հայկ Ասլանյանը գյուղատնտեսությունը ոլորտ, զբաղմունք չի համարում, այլ այն դիտարկում է որպես իր ժառանգության մի մաս:

«Գյուղատնտեսությամբ զբաղվել եմ փոքր տարիքից։ Պապս ֆերմեր էր, և նրա ջանքերով հիմք դրվեցին Արցախում մեր ընտանիքի ֆերմայի ստեղծմանը։ Ցավոք, պատերազմից հետո նա հեռացավ գյուղատնտեսությունից։ Ինչպես շատերը, այնպես էլ մենք ստիպված եղանք տարհանվել և վերաբնակվել Գորիսում՝ իմ ծննդավայրում»,- նշում է մեր զրուցակիցը:

Չնայած դժվարություններին՝ Հայկ Ասլանյանը չհրաժարվեց սիրելի աշխատանքից ու կենսակերպից։ «Գորիսում խորհրդային ժամանակներից անասնագոմ ունեինք, որը անտեսված էր։ Պատերազմից հետո կենտրոնացել էի այն վերականգնելու վրա։ Հեշտ չէ, բայց քայլ առ քայլ ես վերականգնում եմ այն, ինչ կորցրել ենք»,- վստահությամբ շարունակում է նա։

Ֆորմալ կրթություն

Գյուղատնտեսության հանդեպ ունեցած սերը Հայկ Ասլանյանին բերեց Գորիսի պետական ​​գյուղատնտեսական քոլեջ, որտեղ նա այժմ համատեղում է գործնական փորձը ֆորմալ կրթության հետ:

«Երևանում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում սովորելն ինձ համար անիրագործելի էր այստեղ՝ Սյունիքում, ընտանեկան և աշխատանքային պարտավորությունների պատճառով։ Երբ քոլեջը ներդրեց դուալ կրթական ծրագրեր գյուղատնտեսության ոլորտում՝ մտածեցի, որ դա իմ հնարավորությունն է ամրապնդելու գործնական գիտելիքներս տեսական գիտելիքներով»,- ընդգծում է նա:

Դուալ ուսուցումը՝ լսարանային և աշխատանքի վայրում ուսուցման համադրումը, դարձել է Հայկ Ասլանյանի ուսումնական փորձի հիմնաքարը:

«Դուալով սովորող ուսանողները շահում են երկու ոլորտներից: Դասավանդողները տալիս են տեսական գիտելիքներ, մինչդեռ ինձ նման ֆերմերներն առաջարկում են գործնական դասընթացներ: Ինչքան լավ տեխնիկապես համալրված և կազմակերպված ֆերմա, այնքան գործնական փորձն ավելի իմաստալից է դառնում»,- բացատրում է նա:

ՄԱՎԵՏԱ-ի դերը

Հայկ Ասլանյանը վերջերս է միացել ՄԱՎԵՏԱ ծրագրին։ Ներգրավված լինելով և՛ որպես աշկերտ, և՛ որպես գործատու՝ փաստում է, որ այն հնարավորություններ է ստեղծում ոչ միայն ուսանողների, այլ նաև դասավանդողների և ֆերմերների համար: «Հուսադրող է տեսնել, թե ինչպես կարող են նման ծրագրերը կամրջել կրթությունը և գործնական աշխատանքը գյուղատնտեսության ոլորտում»,- ընդգծում է նա:

Հարցին, թե արդյոք գյուղատնտեսությունը գրավիչ է երիտասարդների համար, Հայկ Ասլանյանի պատասխանը պարզ է. սերը կարևոր է:

«Գյուղատնտեսությունը կենսակերպ է։ Եթե ​​դու չես սիրում այն, չես հասնի հաջողության: Բայց նրանց համար, ովքեր իսկապես մտածում են դրա մասին, հսկայական բավարարվածություն կա՝ աշխատելով և տեսնելով սեփական աշխատանքի պտուղները»:

Նա նաև ուղերձ ունի նրանց համար, ովքեր տատանվում են ոլորտ փոխել ու գյուղատնտեսությամբ զբաղվել: «Կրթությունը տարիքային սահմանափակում չունի. որքան երկար ենք ապրում, այնքան շատ ենք սովորում: Եթե ​​ինչ-որ մեկը հաջողություն չի գտել այլ ոլորտում, բայց սիրում է գյուղատնտեսությունը, նա պետք է ամբողջ սրտով ընդունի այն: Սիրով ու նվիրումով ամեն ինչ կստացվի»,- եզրափակում է մեր զրուցակիցը։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։