Հանդիպում-քննարկում. «COVID-19-ի ազդեցությունը ԱՍ ծառայության վրա»

Նոյեմբերի 06-07-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ընհանուր 40 ԱՍ տեխնիկի հետ հանդիպում-քննարկում «COVID-19-ի ազդեցությունը ԱՍ ծառայության վրա» խորագրով: Առաջին օրվա հանդիպումն եղավ Վայոց ձորի մարզի ԱՍ տեխնիկների հետ, իսկ երկրորդ օրը՝ Սյունիքի:

Հանդիպման նպատակն էր ոլորտի մասնագետների հետ քննարկել և վերհանել առկա խնդիրները և գտնել դրանց լուծման օպտիմալ եղանակները: Քննարկումներից ակնհայտ երևում էր, որ ոլորտում առկա հիմնական խնդիրները երկուսն են՝ հեղուկ ազոտի դժվար հասանելիությունը և ֆերմերների կողմից քիչ կանչերը: Սակայն համեմատական անցկացնելով երևում է, որ նախորդ տարիների համեմատ վերջին մի քանի տարում ԱՍ ծառայությունից սկսել են ավելի շատ ֆերմերներ օգտվել, ինչն արդեն լավ արդյունք է: Իսկ ազոտի խնդրի լուծման տարբերակ է առաջարկվել և ընդունվել խմբակային մեկ վայրում պահելաձևը՝ օգտագործվող ազոտի ծախսերը համատեղ իրականացվելով:

Հանդիպման ավարտին բոլոր ԱՍ տեխնիկներին բաշխվեցին հոլշթին, ֆլեկվի և շվից ցեղերի սերմնաձողիկներ՝ համավարակի դեմ պայքարի շրջանակներում: Յուրաքանչյուր տեխնիկի տրամադրված սերմնաձողիկների քանակը որոշվել էր հաշվի առնելով նրանցից յուրաքանչյուրի կողմից իրականացրած արհեստական սերմնավորումների քանակով: Համավարկի դեմ պայքարում նրանց տրամադրվեցին նաև ձեռնոցներ և պաշտպանիչ դիմակներ՝ մատուցվող ծառայության գործընթացն առավել անվտանգ դարձնելու նպատակով:

Մեծ ընտանիքի բոլոր անդամների ջանքերի շնորհիվ միասնական նպատակը իրատեսական դարձավ

Վայոց Ձոր մարզի Ելփին գյուղական բնակավայրը ոչնչով չէր տարբերվի մարզի և Հայաստանի այլ բնակավայրերից, եթե այստեղ հիմնված չլիներ պանրի արտադրության յուրօրինակ արտադրամաս:

«Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվը, որը շուկայում ներկայանում է «ԱրտՉիզ» ապրանքանիշի ներքո, պանրի արտադրությունը սկսել է 2016թ.-ին՝ 3 աշխատակցի ներգրավմամբ: Կոոպերատիվի հիմնադիրներից՝ Արթուր Նազարյանը, ստանձնել է պանրի արտադրամասի գործունեության ղեկավարումը, իսկ կոոպերատիվի մնացած անդամները ներգրավված են ինչպես կաթի արտադրության, այնպես էլ վերամշակման և արտադրանքի իրացման գործընթացներում: Տարիների ընթացքում աշխատողների թիվն ավելացել է հասնելով տասի։ Միաժամանակ արտադրամասը նաև կաթ է մթերում տարածաշրջանի ֆերմերներից և հանդիսանում է եկամտի կայուն աղբյուր շուրջ 35 գյուղացիական տնտեսության համար:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ կոոպերատիվի աշխատակիցները մասնակցել են մի շարք մասնագիտական վերապատրաստումների, բարելավել են իրենց գիտելիքները կաթի արտադրության և վերամշակման ոլորտում, ստացել են անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և ձեռք բերված հմտություններն ու գիտելիքը ներդրել աշխատանքի մեջ։ Ծրագրի աջակցությամբ վերջին տարիներին իրականացվել է նաև արտադրամասի վերակառուցում՝ համապատասխանեցնելով սննդամթերքի արտադրության միջազգային ստանդարտներին և ավելացնելով արտադրական հզորությունները: Արդյունքում բարելավվել է արտադրանքի որակը, հիմք է դրվել նոր արտադրատեսակների արտադրությանը և շուկայահանմանը:

«Մեծ ընտանիքի բոլոր անդամների ջանքերի համատեղմամբ միասնական նպատակը՝ ավելի մեծ ճանաչման և սպառման հասնելը, շատ ավելի իրատեսական է դառնում: Մեր կայուն զարգացման և ձեռքբերումների գրավականն է հետևողական գործելակերպը և շարունակական ներդրումները` հզորությունների ընդլայնման, կաթի մթերման, արտադրական, շուկայահանման գործընթացների բարելավման ուղղությամբ: Երբ դեռ նոր էինք հիմնադրել կոոպերատիվը արտադրում էինք միայն ավանդական պանրի տեսակներ՝ լոռի, չանախ, անգամ չէինք էլ մտածում, որ կարելի է սկսել զբաղվել նաև բարձրարժեք պանիրների արտադրությամբ։ «Անասնապահության զարգացումը Հայաստանի հարավում» և մի շարք այլ ծրագրերի հետ համագործակցության շնորհիվ, սկսեցինք արտադրել  նաև բարձրարժեք պանիրներ»,- նշում է Արթուր Նազարյանը։

Արդեն 2017թ-ին արտադրվել և փորձնական վաճառքի են հանվել պարմեզան և գաուդա տեսակի պանիրները և նկատվող պահանջարկից ելնելով դրանց արտադրական ծավալները տարեցտարի ավելանում են: Այսօր կոոպերատիվն արտադրում է 14 տեսակի պանիր և շուկայահանում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանի Դաշնությունում ու ԱՄՆ-ում։

Ամփոփելով` Արթուր Նազարյանն ասում է,-«Մեր աշխատանքի արդյունքում Ելփինի և հարակից բնակավայրերի բազմաթիվ ընտանիքներ արդեն վստահ քայլեր են անում անասնապահության զարգացման ուղղությամբ՝ հավատալով, որ ապագայում խնդիր չեն ունենա կաթի իրացման հետ կապված: Արտադրության զարգացման պլաններն այսքանով չեն սահմանափակվում, այլ նախատեսում ենք ավելացնել արտադրանքի ծավալներն ու ընկերության տեսականին ներկայացնող վաճառակետերի քանակը, սկսել նոր կաթնաթթվային ապրանքատեսակների արտադրություն (մածուն, թան, թթվասեր)»։

Հաջողված համագործակցություն և փոխադարձ վստահություն

Առաջատար ֆերմեր Արթուր Բեկչյանն իր մեծ ընտանիքի հետ բնակվում և անասնապահական գործունեություն է ծավալում Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում: Մասնագիտությամբ շինարար Արթուրը նախկինում մեկնում էր արտագնա աշխատանքի, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում  վերադարձել է հայրենիք և զբաղվել է անասնապահությամբ:

2017թ-ին վերադառնալով Հայաստան, Արթուրը որոշեց գրանցվել որպես անհատ ձեռներեց և սկսեց զբաղվել կենդանիների առքուվաճառքով: Ծանոթանալով «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի համագործակցության պայմաններին նա միացել է ծրագրին:

Ծրագրին միանալու արդյունքում հաջողվել է բարելավել կենդանիների խնամքի պայմանները, ձեռք բերել կերաբաշխիչ, որը հնարավորություն է տալու կենդանիների թաց ու չոր կերերը վերածել միասեռ զանգվածի և ավելի արդյունավետ կազմակերպել կենդանիների կերակրումը: Ծրագրի կողմից հիմնված նոր անասնաբուժական կետից ֆերմերը ստանում է նաև անհրաժեշտ դեղորայք և խորհրդատվություն, ինչի արդյունքում, անցյալի հետ համեմատած, բարելավվել է նաև անասնաբուժական ծառայությունների մատուցման որակը:

Ծրագրի տեխնիկական աջակցության արդյունքում ֆերմերը նաև որոշակի շտկման քայլեր է ձեռնարկել բնապահպանական և բնական ռեսուրսների խնայման ուղղությամբ. արդեն իսկ արեվային ջրատաքացուցիչ է տեղադրվել՝ էլեկտրաէներգիայի խնայման նպատակով:Ծրագրի միջամտությամբ նաև կառուցվել է հյութալի պահածոյացվող կերերի (սիլոս) պատրաստման համար նախատեսված գետնափոր բետոնապատ տարողություններ, որոնք հնարավորթյուն են տալիս վեգետացիոն ժամանակահատվածում հյութալի պահածոյացվող կերերի (սիլոս) պատրաստում իրականացնել, ինչն էլ օգտագործվում է ձմեռային-մսուրային ժամանակահատվածում կենդանիների կերակրումը հյութալի կերերով կազմակերպելու համար:

«Ծրագիրն իմ ընտանիքին ու գործունեությանը մեծ նվաճում է բերել: Աշխատասիրությունը, հայրենասիրությունը և նվիրվածությունը միասին տվել են դրական արդյունք: Իմ ապագա պլանները կապված են մսի արտադրության հետ, նաև ծրագրել եմ կազմակերպել կենդանիների բաց պահվածք: Համագործակցելու եմ Վանաձորի սպանդանոցի հետ՝ սննդի անվտանգության կանոններին համապատասխան՝ մսամթերքի արտադրության պատշաճ գործունեություն ծավալելու նպատակով՚ – նշում է ֆերմերը 

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի գործընկերների հանդիպում-քննարկում

2021թ. նոյեմբերի 12-13-ին տեղի ունեցավ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի գործընկերների հանդիպումը`ծրագրի գործընկեր կառույցների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության, Հայ լեռնագնացների միության, Հայաստանի պանրագործների միության, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Լինքս Թեքնոլջիսի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից #RECONOMY-ի շրջանակներում, որը HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից իրականացվող Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրն է: Վերջինիս նպատակն է աջակցել գործազուրկ կանանց և երիտասարդներին, ինչպես նաև խոցելի խմբերի այլ ներկայացուցիչներին բարելավելու իրենց (ինքնա)զբաղվածությունը՝ բարձրացնելով հմտություններ և գիտելիք մատուցող կազմակերպությունների և գործատուների կարողությունները և մոտիվացիան՝ համագործակցելու, մշակելու և առաջարկելու տուրիզմի/հյուրընկալության և գյուղատնտեսության/ագրոբիզնեսի ոլորտներում բարելավված և աշխատաշուկայի կարիքներին համապատասխան ոչ ֆորմալ դասընթացներ:

 

Հանդիպման ընթացքում յուրաքանչյուր գործընկեր ներկայացրեց համագործակցության ընթացքում կատարած աշխատանքները, COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած մարտահրավերներն ու դրանց լուծման մեխանիզմները: Ներկայացվեց նաև   առաջիկայում սպասվող գործողություններն ու միջոցառումները, ինչը հնարավորություն տվեց քննարկել յուրաքանչյուր ոլորտի խնդիրները, բացերը և արդյունավետ համագործակցության եզրերը:

 

Հանդիպումը նշանավորվեց նաև նոր գործընկերների հետ փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ:

 

Երկօրյա հանդիպման արդյունքում ծրագրի գործընկերները հանդես եկան երկարաժամկետ առաջարկություններով, ինչպես նաև քննարկվեց հետագա գործունեության ճանապարհային քարտեզը: