Խթանելով համագործակցությունը սննդի անվտանգության ոլորտում

2018թ. օգոստոսի 4-ից 5-ը Ծաղկաձորում կայացած երկօրյա սեմինարը նվիրված էր սննդի անվտանգության ոլորտի հիմնախնդիրներին: Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ՝ ՍԱՊԾ)` «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (այսուհետ՝ ՌԶԳ) ՀԿ-ի կողմից և Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսավորմամբ: Սեմինարի հիմնական նպատակն էր իրազեկել լրագրողներին ՍԱՊԾ կառուցվածքային փոփոխությունների մասին և քննարկել սննդի անվտանգությանն առնչվող առկա խնդիրները: Ավելի քան 30 մասնակիցների շարքում ներկա էին տեղական ԶԼՄ ներկայացուցիչներ, տարբեր ՀԿ-ների անդամներ և ՍԱՊԾ աշխատակիցներ:

Բանախոսները ներկայացրեցին թեմաներ, ինչպիսիք են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը, HACCP (Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետեր) համակարգի կարևորությունն ու անհրաժեշտությունը, ռիսկերի կառավարումը, թափանցիկության՝ որպես անուղղակի վերահսկողության գործիքի կիրառումը և այլն: Միջոցառման ընթացքում լրագրողները հնարավորություն ունեցան նաև հարցեր տալու և մասնագետների կողմից համընդգրկուն պատասխաններ ստանալու:

ՍԱՊԾ և ՌԶԳ ակտիվ համագործակցության հիմքը 2017թ.-ի սեպտեմբերին ստորագրված համագործակցության հուշագիրն է: Նման սեմինարների կազմակերպման հետ մեկտեղ մի շարք այլ քայլեր են ձեռնարկվել սննդի անվտանգության ոլորտում հանրային իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար: Հրատարակվել են սպառողի և տնտեսվարողի համար նախատեսված ուղեցույցներ և տեղեկատվական բուկլետներ, տեղեկատվական արշավ է կազմակերպվել թեժ գծի վերաբերյալ մարդկանց իրազեկելու համար և այլն: