Մասնակցություն «Բերքի տոն. գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն»-ին

«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի երկու գործընկեր՝ «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվը և «Լիանա Գրիգորյան» ԱՁ-ն, ինչպես նաև «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի երկու ակտիվ շահառուներ՝ «Գրանդ Միլք» ընկերությունն ու «Կառա և Կարեն»  ՍՊԸ-ն այս տարի իրենց լայն ապրանքատեսականին ներկայացրեցին հանրությանը՝ արդեն ավանդական դարձած «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն»-ին:

Փառատոնի անցկացումն ամենամյա բնույթ է կրում և կազմակերպվում է «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից`տեղական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Այս տարի փառատոնը տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին`Ձորաղբյուր գյուղում, Կանաչ ուսուցման կենտրոնում: Փառատոնի հիմնական նպատակն է աջակցել գյուղական համայնքների զարգացմանը:

«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն արդեն հինգերորդ տարին է, ինչ հանդիսանում է այս փառատոնի կազմակերպման գործընկերը: Փառատոնի ընթացքում անցկացվեցին մրցույթներ ֆերմերների միջև տարբեր անվանակարգերում, ինչպես նաև հետաքրքիր միջոցառումներ ու խաղեր երեխաների համար: Փառատոնը ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ, ավանդական երգ ու պարով:

Այս «համեղ» փառատոնի ընթացքում ցուցադրվել է մրգի, բանջարեղենի, կաթնամթերքի, մեղրի, չրերի լավագույն տեսականին և բոլոր ներկաները հնարավորություն են ունեցել ոչ միայն համտեսել, այլ նաև գնել դրանք: Այս փառատոնի ընթացքում ֆերմերները, Հայաստանի գրեթե բոլոր մարզերից, ներկայացրեցին իրենց բարձրորակ արտադրանքը, որն աչքի էր ընկնում նաև իր յուրահատուկ համով և տեսքով:

Uncategorized

Կազմակերպվեցին բաց դասեր «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» ու «Անասնաբուժություն» մասնագիտություն դասավանդողների համար

2020թ. սեպտեմբերի 25-ին «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպվել են բաց դասեր Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» ու «Անասնաբուժություն» մասնագիտությամբ դասավանդող 8 դասախոսի համար:

Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից՝ Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL)-ի հետ համատեղ, HEKS/EPER կազմակերպության աջակցությամբ:

Միջոցառումը միտված էր խթանելու վերոնշյալ մասնագիտություններում դասավանդող դասախոսների միջև փորձի փոխանակմանը, դասավանդման նոր մեթոդների ուսումնասիրմանը, դասավանդման գործընթացի նորացման հեռանկարների և հնարավորությունների վերաբերյալ քննարկմանը և լավագույն փորձի ձեռքբերմանը:

Դասալսումների ընթացքում դասախոսները հնարավորություն են ունեցել ծանոթանալու երկու մասնագիտություններում անցկացվող տեսական և գործնական դասընթացների կազմակերպման մեթոդներին, այցելել են համալսարանին կից կլինիկա և լաբորատորիա՝ տեղում մասնակցություն ունենալով ընթացիկ դասապրոցեսներին: Դասալսումների ավարտին մասնակիցները փոխանակվել են դասավանդման նյութերով, անհրաժեշտ գրականությամբ, ինչին հաջորդել են հարցերը, գործընթացի վերաբերյալ քննարկումներն ու դասապրոցեսն ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ առաջարկությունները:

Դասալսումների և հաջորդող քննարկումների ընթացքում պահպանվել են Covid-19 համավարակով պայմանավորված հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները:

«Շրջակա միջավայրի կառավարման հաջողված փորձը անասնապահության ոլորտում» թեմայով դասընթաց անցկացվեց «Կանաչ շաբաթ»-վա շրջանակներում

«Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոն»-ին  նախորդեց «Կանաչ տեղեկատվական շաբաթ»-ը հագեցած թեմատիկ դասընթացներով: «Կանաչ շաբաթ»-վա շրջանակներում 2020թվ., սեպտեմբերի 25-ին, «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի և «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շահառուների համար անցկացվեց դասընթաց՝ «Շրջակա միջավայրի կառավարման հաջողված փորձը անասնապահության ոլորտում» թեմայով:

Դասընթացը բաղկացած էր 4 միմյանց հետ փոխկապակցված ենթաթեմաներից: Դրանք էին՝ արոտների կայուն կառավարումը, բնական ռեսուրսների՝ ջուր, հոսանք ճիշտ կառավարումն արտադրության և ֆերմերային տնտեսության մեջ, թափոնների վերամշակումն անասնապահության ոլորտում և վտանգավոր թափոնների կառավարումն անասնաբուժության մեջ:

Դասընթացի թեման արդիական էր, այն ներառում էր ինչպես հաջողված փորձի ներկայացում, այնպես էլ ոլորտը կարգավորող օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ներկայացում:

Կազմակերպվեց մասնագիտական գիտելիքների և կարողությունների վերաբերյալ մրցույթ

Ս.թ. սեպտեմբերի 16-ին և 18-ին «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում և Սյունիքի Անասնաշուկայում կազմակերպվել էր մասնագիտական գիտելիքների և կարողությունների վերաբերյալ մրցույթ «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» ու «Անասնաբուժություն» մասնագիտությամբ սովորող ընդհանուր թվով 40 ուսանողների համար:

Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից՝ Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL)-ի հետ համատեղ, HEKS/EPER շվեյցարական կազմակերպության աջակցությամբ:

Մրցույթին իրենց մասնակցությունն են ունեցել Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական, Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական, Գավառի ակադեմիկոս Ա․Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական, Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական  և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ա. Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջների ուսանողական թիմերը:

Յուրաքանչյուր ուսումնական հաստատությունից միջոցառմանը, որպես հանձնաժողովի անդամ ներգրավվել էր 1 դասախոս, ով նախապես ընդգրկվել էր նաև մրցույթի հարցաշարի և ընթացակարգի մշակման գործընթացներում:

Միջոցառումը նպատակ ուներ խթանելու վերոնշյալ մասնագիտություններում սովորող ուսանողների գիտելիքների և հմտությունների ամրապնդմանը և ուսանողների շրջանում փորձի փոխանակմանը:

Մրցույթի ընթացում թիմերը մասնակցեցին 5 փուլերի, որոնք իրենցից ներկայացնում էին տեսական բաց և փակ հարցերի պատասխանում, գործնական առաջադրանքների, խաղային վարժությունների կատարում և իրենց մասնագիտության վերաբերյալ հաջողության պատմությունների ներկայացում:

Մրցույթի ավարտին քոլեջները պարգևատրվեցին շնորհակալագրերով՝ համապատասխան փուլ\երում լավագույնս ներկայանալու համար:

Միջոցառման ընթացքում պահպանվել են Covid-19 համավարակով պայմանավորված հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները:

Uncategorized

Ավարտվեց ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում իրականացվող «Արոտի կայուն կառավարման առավելությունները » իրազեկման արշավը

Սեպտեմբերի 8-ին ավարտվեց 2020 թվականի հունիսի 12-ին Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 12 խոշորացված համայնքների կողմից մեկնարկած արոտի կայուն կառավարման առավելությունների վերաբերյալ «Պահպանենք մեր արոտը՝ ապահովենք մեր երեխաների ապագան» կարգախոսով իրազեկման արշավը:

Իրազեկման արշավն իրականացվել է «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, որն իրագործվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» ֆինանսավորմամբ: Նոր կորոնովիրուսային վարակի տարածման պատճառով իրազեկման արշավն հիմնականում անցկացվել է առցանց սոցիալական հարթակների և լրատվական միջոցների օգնությամբ:

Արշավի նպատակն էր բնակչության շրջանում ձևավորել և ամրապնդել բնական ռեսուրսների, մասնավորապես՝ արոտի ողջամիտ ու անվտանգ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության մշակույթ:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ծրագրային թիմը տեխնիկական աջակցություն է տրամադրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 12 խոշորացված համայնքների համապատասխան աշխատակազմին` արշավի շրջանակներում տեքստային և վիզուալ տեղեկատվական վյութեր և հաղորդագրություններ մշակելու գործում: Երեք ամիսների ընթացքում 3 տեսագրություն, 40 տեքստային հաղորդագրություն է մշակվել և հրապարակվել համայնքապետարանների ֆեյսբուքյան էջերում կամ կայք էջերում:

Արշավի ընթացքում Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 12 խոշորացված համայնքների  երեխաների համար անցկացվեց նկարչական մրցույթ  «Իմ արոտը» խորագրով, որը նպատակ ուներ բարձրացնել նրանց հետաքրքրվածությունն ու գիտելիքների մակարդակն արոտների պահպանման կարևորության վերաբերյալ, ինչպես նաև սերմանել պատասխանատվության զգացում շրջակա միջավայրի հանդեպ:

Սոցիալական մեդիա հարթակների օգտատեր չհանդիսացող բնակչության իրազեկման համար մշակվել և տարածվել են տեղեկատվական բուկլետներ երկու թեմաներով. «Արոտավայրերի կայուն կառավարման առավելությունները» և «Կերային մշակաբույսերի արտադրություն կլիմայի փոփոխության պայմաններում»: Սիսիան համայնքում արոտավայրերի կառավարման օգուտների մասին տեսանյութ է մշակվել և հեռարձակվել տարածաշրջանային հեռուստաընկերության եթերում: