HomePageARM, NEWSARM

Մասնակցություն «Բերքի տոն. գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն»-ին

«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի երկու գործընկեր՝ «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվը և «Լիանա Գրիգորյան» ԱՁ-ն, ինչպես նաև «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի երկու ակտիվ շահառուներ՝ «Գրանդ Միլք» ընկերությունն ու «Կառա և Կարեն»  ՍՊԸ-ն այս տարի իրենց լայն ապրանքատեսականին ներկայացրեցին հանրությանը՝ արդեն ավանդական դարձած «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն»-ին:

Փառատոնի անցկացումն ամենամյա բնույթ է կրում և կազմակերպվում է «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից`տեղական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Այս տարի փառատոնը տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին`Ձորաղբյուր գյուղում, Կանաչ ուսուցման կենտրոնում: Փառատոնի հիմնական նպատակն է աջակցել գյուղական համայնքների զարգացմանը:

«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն արդեն հինգերորդ տարին է, ինչ հանդիսանում է այս փառատոնի կազմակերպման գործընկերը: Փառատոնի ընթացքում անցկացվեցին մրցույթներ ֆերմերների միջև տարբեր անվանակարգերում, ինչպես նաև հետաքրքիր միջոցառումներ ու խաղեր երեխաների համար: Փառատոնը ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ, ավանդական երգ ու պարով:

Այս «համեղ» փառատոնի ընթացքում ցուցադրվել է մրգի, բանջարեղենի, կաթնամթերքի, մեղրի, չրերի լավագույն տեսականին և բոլոր ներկաները հնարավորություն են ունեցել ոչ միայն համտեսել, այլ նաև գնել դրանք: Այս փառատոնի ընթացքում ֆերմերները, Հայաստանի գրեթե բոլոր մարզերից, ներկայացրեցին իրենց բարձրորակ արտադրանքը, որն աչքի էր ընկնում նաև իր յուրահատուկ համով և տեսքով: