HomePageARM, NEWSARM

Հանդիպում«Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում

Ս. թ. սեպտեմբերի 30-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց ՄԿՈւ ոլորտում ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպությունների քննարկումների հարթակի հերթական հանդիպումը:

Ծրագիրն իրականացվում է Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի (HAFL) հետ համատեղ՝ Շվեյցարիայի եկեղեցու օգնության (HEKS/EPER) կազմակերպության աջակցությամբ:

 

Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Հայկական Կարմիր խաչի ընկերության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան ներկայացուցչության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ՀՀ ԿԳՄՍՆ) նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար տկն Արմենուհի Պողոսյանը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ պրն Մկրտիչ  Այվազյանը: Վերջիններս իրենց խոսքում  կարևորեցին ոլորտում գործող ինչպես արդեն որոշակի փորձառություն ձեռք բերած, այնպես էլ նոր ծրագրերի փոխկապակցվածության և փորձի փոխանակման ապահովումը:

 

Հանդիպման առաջին հատվածում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացվեց ՀՀ կառավարության ծրագրի ՆՄՄԿՈՒ միջոցառումները և ռազմավարական հիմնական ուղղությունները: Միջոցառման երկրորդ կեսին կազմակերպությունները, ովքեր ՄԿՈՒ համակարգում մեկնարկել էին նոր ծրագրեր, ներկայացրին տվյալ ծրագրերի նպատակները, խնդիրները և ակնկալվող արդյունքները:

 

Հանդիպման ամբողջ ընթացքը հագեցած էր ակտիվ քննարկումներով, հարց ու պատասխաններով, առկա համակարգի թերությունների և բացերի վերհանմամբ և դրանց ուղղված լուծումների վերաբերյալ առաջարկություններով: Այս անգամ ևս հանդիպումը հանդես եկավ որպես ՄԿՈՒ ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակման հարթակ, որը մասնակից կազմակերպություններին նաև հնարավորություն ընձեռեց տեղեկանալ ոլորտի այլ ծրագրերի առանցքային ուղղություններից և գտնել միմյանց հետ համագործակցության նոր եզրեր: