ՀՀ-ում տուրիզմի ոլորտի մարտահրավերները և տուրիզմի հայկական ֆեդերացիայի դերը
Լինելով տնտեսության առաջատար ճյուղերից մեկը՝ զբոսաշրջության ոլորտին վերաբերող խնդիրները և մարտահրավերները դուրս են գալիս առանձին երկրների ազգային սահմաններից` ձեռք բերելով համաշխարհային բնույթ: Ազգային մակարդակում ոլորտի առկա հիմնախնդիրները, ներկա և ապագա մարտահրավերները, զարգացման հեռանկարները քննարկվեցին «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից ս.թ. դեկտեմբերի 10-12-ը Գորիս քաղաքում կազմակերպված «ՀՀ-ում տուրիզմի ոլորտի մարտահրավերները և տուրիզմի հայկական ֆեդերացիայի դերը» թեմայով աշխատաժողովում:
Միջոցառումը կազմակերպվեց «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում՝ համագործակցելով «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» հետ, որն իր հերթին հանդիսանում է տուրիզմի ոլորտում ծրագրի գործընկեր:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՌԶԳ ՀԿ-ի, «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի», Սյունիքի մարզպետարանի և Գորիսի քաղաքապետարանի, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի ու «Արցախի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչները՝ անդրադառնալով տուրիզմի ոլորտում առկա իրավիճակին և ընդգծելով հանդիպման կարևորությունը: Աշխատաժողովի ընթացքում ֆեդերացիայի կողմից ներկայացվեց պիլոտային ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունները և արդյունքները, անդամ ընկերությունների և վերջիններիս աշխատակիցների հետ քննարկվեց ոլորտում առկա խնդիրները և առաջարկվող լուծումները:
«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից #RECONOMY-ի շրջանակներում, որը Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման պիլոտային ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում գործող այլ կազմակերպությունների հետ: