HomePageARM, NEWSARM

Անասնաբույժների և ԱՍ տեխնիկների բիզնես կարողությունների զարգացում COVID-19-ի պայմաններում

02-03.11.2021թթ Ջերմուկ քաղաքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Անասնաբույժների բիզնես կարողությունների զարգացում COVID-19 պայմաններում (ճգնաժամի կառավարում)» թեմայով վերապատրաստման դասընթաց, որի նպատակն էր զարգացնել թիրախային համայնքներում գործող անասնաբույժների և սերմնավորող տեխնիկների բիզնես հմտությունները, մտածելակերպը, ինչպես նաև ցույց տալ ճգնաժամային իրավիճակներում՝ ինչպիսին COVID-19 համավարակն է, ճիշտ կողմնորոշվելու և գործելու ուղիները: Դասընթացին ներգրավված էին Սյունիքի և Վայոց ձորի մարզերի անասնաբույժներ և սերմնավորող տեխնիկներ: Հանդիպման թեմաները ներառված էին «մասնագետից գործարար», «ճգնաժամի և փոփոխությունների կառավարում», «phygital լուծումներ» և այլ բաժիններում:

03-05.11.2021թթ Ջերմուկի դասընթացին հաջորդեց Սյունիքի և Վայոց ձորի մարզերի անասնաբույժների և սերմնավորող տեխնիկների տարեվերջյան հանդիպում-քննարկումը Սյունիքի Անասնաշուկայում, որին մասնակցեցին 44 մասնագետ՝ այդ թվում նաև 4 մատակարար ընկերությունների 7 ներկայացուցիչ: Հանդիպման ընդհանուր նպատակն էր քննարկել համավարակի պայմաններում ծառայություն մատուցողների մոտ առաջացած խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները: Առաջին օրը մասնակիցներին ներկայացվեց ըստ տարածաշրջանների ծրագրային միջամտությունների արդյունքները, այնուհետև մասնակիցներն անհատապես ներկայացվեցին ճգնաժամային պայմաններում առաջացած խնդիրները և դրանց հաղթահարման սեփական տարբերակաները, ներկայացվեցին նաև հաջողված դեպքերը: Օրվա ավարտին մասնակիցների համաձայնությամբ հիմնվեց էլեկտրոնային հարթակ, որը նախատեսված է բացառապես անասնաբույժ և սերմնավորող տեխնիկ մասնագետների համար՝ նեղ մասնագիտական հարցեր քննարկելու, նորություններ տրամադրելու, ինֆորմացիա փոխանակելու, նոր կապեր ձեռք բերելու և նմանատիպ գործողությունների իրականացման նպատակով: Հանդիպման երկրորդ օրը մատակարար 4 ընկերությունների կողմից ներկայացվեց հայաստանյան անասնաբուժական շուկայում առկա նորությունները, դրանց կիրառման կարգը, անասնաբույժների հետ քննարկվեցին համագործակցության նոր եղանակներ: Հանդիպումն ամփոփվեց «Ախտաբանաանատոմիական փոփոխությունները տարբեր հիվանդությունների դեպքում» թեմայով դասընթացով, որի շնորհիվ մասնակից անասնաբույժները ստացան նոր գիտելիքներ՝ հիվանդությունները հետսպանդային փուլում ախտորոշելու համար: