HomePageARM, SuccessStoriesARM

«Աշխատասիրությունը, որպես բարեկեցության խթան»

Վայոց ձոր մարզի Զառիթափ համայնքի հեռավոր Արտավան բնակավայրում ապրում և տղայի ու տալի հետ անասնապահական տնտեսությունն է զարգացնում 51 ամյա ֆերմեր Դուստրիկ Գալստյանը: Դուստրիկն անգամ ծանր բեռն ուսերին չի զլանում զարգանալ և կատարելագործվել:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Դուստրիկը այլ կանանց հետ միասին ստացել  է  մասնագիտական խորհրդատվություն, որի շնորհիվ բարելավել է իր գիտելիքները ֆերմերային տնտեսության կառավարման գործում: Ծրագրի աջակցությամբ մասնակցել է գյուղատնտեսական մթերքի տարատեսակ փառատոնների, որոնք հնարավորություն են ընձեռել ոչ միայն հավելյալ եկամուտ գրանցել, այլև ձեռք բերել վստահություն, տեղեկատվություն և փորձ փոխանակել:

«Ես միշտ ներգրավված եմ եղել անասնապահական աշխատանքներում, միշտ ամուսնուս օգնել եմ։ Այժմ էլ դասընթացների շնորհիվ կատարելագործվել եմ, շատ բան եմ սովորել, ինձ տրամադրած խորհուրդների 80 տոկոսը կիրառում եմ: Անգամ ամսական հաշվարկներ եմ իրականացում, ծախսերն ու եկամուտներն եմ հաշվարկում և գրառումներ կատարում: Մինչ ծրագրին մասնակցելը ունեի 12 խոշոր եղջերավոր կենդանի, որից 5 կթու կով, այսօր դրանց թիվը հասցրել եմ 22-ի, որից 10 կթու կով»,-ասում է Դուստրիկը:

«Միայն աշխատասիրությունն ու ձգտումն են, որ բերում են արդյունքի: Ավելացրու կենդանիներիդ քանակը, կավելացնես եկամուտներդ։ Իմ աշխատանքի շնորհիվ ընտանիքիս բյուջեն ավելի մեծացավ, աղջիկներիս ամուսնացրեցի, մեծ հարսանիք արեցի, հարսանյաց նվեր տվեցի: Համարձակությունը գործի կեսն է, իմ փորձից եմ ասում, քանզի իմ համարձակության շնորհիվ շատ ձեռքբերումների եմ հասել և դեռ կհասնեմ։ Անասնապահությանը կից զբաղվում եմ նաև ագրոտուրիզմով, որի միջոցով հյուրերիս ծանոթացնում եմ գյուղական կյանքին և ավանդույթներին: Անասնապահությունը զբոսաշրջության անբաժան մասն է կազմում, ինձ մոտ հյուրընկալված զբոսաշրջիկներն իրենք են մասնակցում կթի պրոցեսին, կենդանիների կերակրման և հացի թխման գործընթացներին: Նրանք բարձր են գնահատում ավանդական գյուղական մթերքներից օգտվելու հնարավորությունը»: