Uncategorized

ՄԱՎԵՏԱ Մոնիթորինգային այց Լոռու մարզի գործընկեր ֆերմերային տնտեսություններ

Ապրիլի 3-ին իրականացվեց հերթական մոնիթորինգային այցը Լոռու մարզում գործող ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր ֆերմերային տնտեսություններ՝ գնահատելու դուալ կրթության շրջանակում աշկերտների՝ գործատուի մոտ իրականացվող ուսուցման արդյունավետությունն ու գործնական ներգրավվածությունը։

Այցի հնարավորություն ընձեռեց տեղում դիտարկելու, թե ինչպես է տեսական գիտելիքը վերածվում գործնական հմտությունների՝ իրական աշխատանքային միջավայրում։ Աշկերտները ակտիվորեն մասնակցում էին հողի նախապատրաստման և ցանքսի գործընթացներին՝ կիրառելով սերմացուի ընտրության, հողի մշակման և պարարտանյութերի օգտագործման վերաբերյալ իրենց ձեռք բերած գիտելիքները։

Կարևոր ձեռքբերում է այն, որ մոդուլային ուսուցմամբ նախատեսված առաջադրանքներից բացի, աշկերտները ներգրավված են նաև ֆերմայի առօրյա աշխատանքներում՝ ստանձնելով լրացուցիչ պարտականություններ և աջակցելով տարբեր գյուղատնտեսական գործընթացներում։ Այս մոտեցումը զգալիորեն նպաստում է նրանց գործնական փորձի խորացմանը, պատասխանատվության զգացման ձևավորմանը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան պատրաստվածության բարձրացմանը։

ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում իրականացվող նման այցերը կարևոր դեր ունեն գործընթացի շարունակական վերահսկման և որակի ապահովման գործում՝ ապահովելով, որ դուալ կրթության իրականացումը համապատասխանի սահմանված չափանիշներին և չշեղվի նախատեսված ուղղությունից։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և Հայաստանի կառավարության կողմից։
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են GIZ-ը, Ռազմավարական զարգացման գործակալությունը և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցը:

RECONOMY Տարածաշրջանային զբոսաշրջային օպերատորների շուկայի հասանելիության ընդլայնում

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի աջակցությամբ ընտրված գործընկերներ՝ Armenian Tourism Federation NGO, Phoenix Tour Armenia LLC, AM Travel LLC և Visit Moldova – Infotourism Group SRL, մասնակցել են New Deal Europe Marketplace and Forum 2026-ին, որը կայացել է մարտի 24-ին՝ Լոնդոնի Emirates Stadium-ում։

Workstream 2 – Market Entry & B2B ուղղության շրջանակում նախաձեռնությունը հնարավորություն է տվել նպատակային հանդիպումներ անցկացնել Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջազգային գնորդների հետ, որի արդյունքում՝

  • Ավելացել է միջսահմանային, շուկային պատրաստ զբոսաշրջային պրոդուկտների տեսանելիությունը
  • Ստեղծվել են նոր միջազգային գործարար կապեր
  • Ուժեղացել է Հայաստանի և Մոլդովայի դիրքավորումը բազմաերկրային զբոսաշրջային երթուղիներում

Միջոցառման կարևոր արդյունքներից էր Armenian Tourism Federation-ի և New Deal Europe-ի միջև համագործակցության շրջանակի մեկնարկը, որը նոր հնարավորություններ է բացում երկարաժամկետ գործընկերության համար։

Այսպիսի ռազմավարական մասնակցությունների միջոցով RECONOMY-ն շարունակում է բարձրացնել տարածաշրջանային զբոսաշրջային ՓՄՁ-ների մրցունակությունը՝ ներառյալ կանանց և երիտասարդների կողմից ղեկավարվող բիզնեսները, միաժամանակ խթանելով միջազգային շուկաներ մուտքը։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

Uncategorized

SEIRA Հանդիպում-քննարկում փախստականների և հյուրընկալող տեղացի բնակչության հետ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում իրականացվեց հանդիպում-քննարկում՝ ուղղված Արցախից բռնի տեղահանվածների և հյուրընկալող բնակչության միջև համագործակցության խթանմանը և համատեղ եկամուտ ստեղծող գործունեությունների զարգացմանը։

Կերարտադրության աջակցության շրջանակում ծրագրի շահառուներին տրամադրվել են անհրաժեշտ միջոցներ՝ գարի, կորնգան, ազոտական պարարտանյութ և դիզելային վառելիք՝ նպատակ ունենալով խթանել համատեղ հողի մշակումը և ապահովել կայուն եկամտի ձևավորում։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին տրամադրված նյութերի արդյունավետ և նպատակային օգտագործման մոտեցումները, քննարկվեցին գործնական հարցեր և փոխանակվեց փորձ՝ նպաստելով ծրագրի առավել արդյունավետ իրականացմանը։

Նախատեսվում է նմանատիպ հանդիպումների իրականացում նաև Սյունիքի մարզում՝ ընդլայնելով ծրագրի ազդեցությունն ու ապահովելով առավել ընդգրկուն աջակցություն համայնքներին։

Այս նախաձեռնությունները նպաստում են սոցիալական համախմբման ամրապնդմանը, տնտեսական ակտիվության բարձրացմանը և համայնքների կայուն զարգացմանը:

SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։

Uncategorized

Արման Խոջոյանը Արարատի մարզում ծանոթացել է IADAAM ծրագրի իրականացման ընթացքին և արդյունքներին

Մարտի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի իրականացման ընթացքին և ձեռք բերված արդյունքներին։

Այցի շրջանակում ծրագրի թիմի մասնակցությամբ կազմակերպվել է աշխատանքային հանդիպում Ավշար բնակավայրում՝ ցուցադրական տնտեսությունների ստեղծման հայտ ներկայացրած ֆերմերների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի կողմից առաջարկվող աջակցության փաթեթները, համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ցուցադրական տնտեսությունների ընտրության և հետագա զարգացման գործընթացները։

IADAAM ծրագրի շրջանակում ստեղծվող ցուցադրական տնտեսությունները նախատեսվում են որպես ժամանակակից գյուղատնտեսական գիտելիքի և նորարարության տարածման կարևոր հարթակներ։ Դրանք կծառայեն ոչ միայն որպես արդյունավետ արտադրության օրինակներ, այլ նաև որպես ուսուցման և փորձի փոխանակման վայրեր՝ նախատեսված ֆերմերների, գյուղատնտեսական մասնագետների և ոլորտով հետաքրքրված այլ շահագրգիռ կողմերի համար։

Այս տնտեսություններում կներդրվեն և կցուցադրվեն ժամանակակից ոռոգման համակարգեր, ինտենսիվ այգեգործական տեխնոլոգիաներ և արդյունավետ գյուղատնտեսական կառավարման մոտեցումներ։ Ցուցադրական ֆերմաները հնարավորություն կտան ֆերմերներին տեղում ծանոթանալ նոր տեխնոլոգիաների կիրառմանը, գնահատել դրանց արդյունավետությունը և ստանալ գործնական գիտելիք՝ սեփական տնտեսություններում կիրառելու համար։

«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով:

Uncategorized

RECONOMY-ն ITB Berlin 2026-ում․ տարածաշրջանային զբոսաշրջության ներուժի ներկայացում

Հայաստանից և Մոլդովայից գործընկեր տուրօպերատորները, RECONOMY ծրագրի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի աջակցությամբ, մասնակցեցին ITB Berlin 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի միջև միջսահմանային զբոսաշրջային առաջարկներ։

Աշխարհի առաջատար զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկում նրանց մասնակցությունը կարևոր հնարավորություն էր ներկայացնելու տարածաշրջանային զբոսաշրջային երթուղիների զարգացման աճող ներուժը, որոնք կապում են տարբեր երկրներ, մշակույթներ և համայնքներ։

Ներկայացված առաջարկները զբոսաշրջիկներին հնարավորություն են տալիս բացահայտելու տարածաշրջանի մշակութային հարուստ ժառանգությունը, խոհարարական ավանդույթներն ու բազմազան բնական լանդշաֆտները, միաժամանակ նպաստելով տեղական զբոսաշրջային բիզնեսների և համայնքների զարգացմանը։

Թվային կարողությունների զարգացման, միջազգային տեսանելիության բարձրացման և շուկաների հասանելիության ընդլայնման միջոցով ծրագիրն աջակցում է զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպություններին՝ առավել արդյունավետ ներկայացնելու իրենց առաջարկները միջազգային շուկաներում և ներգրավելու նոր այցելուներ։

Տարածաշրջանային համագործակցությունը, նորարարական մոտեցումները և թվայնացումը նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանում կայուն զբոսաշրջության զարգացման համար։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։