Uncategorized

IADAAM-ը՝ Եվրոպայի օրվան նվիրված 2026թ. տոնակատարությանը

IADAAM ծրագիրը հպարտությամբ մասնակցեց Եվրոպայի օրվան նվիրված 2026թ. միջոցառմանը՝ միանալով գործընկերներին և զարգացման ծրագրերին՝ համագործակցության, նորարարության և կայուն առաջընթացի արժեքների շուրջ համախմբվելու համար։

Որպես ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագիր՝ IADAAM-ը կարևորում է ամուր միջազգային համագործակցության և փորձի փոխանակման դերը՝ կայուն համայնքների և ժամանակակից գյուղատնտեսական համակարգերի ձևավորման գործում։

Եվրոպայի օրը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կայուն զարգացումը հնարավոր է միասնականության, ընդհանուր տեսլականի և համատեղ աշխատանքի շնորհիվ։ Մենք պատիվ ունենք մեր ներդրումն ունենալու այս ճանապարհին՝ աջակցելով գյուղատնտեսության արդիականացմանը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և գյուղատնտեսական համայնքների կենսապայմանների բարելավմանը։

Միասին շարունակում ենք աշխատել ավելի կանաչ, ավելի ուժեղ և ավելի կայուն ապագայի համար։

«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով:

RECONOMY Տարածաշրջանային զբոսաշրջության զարգացում՝ պրոֆեսիոնալ գիդերի միջոցով

Ամփոփվեց զբոսավարների մասնագիտացված դասընթացը, որի արդյունքում մասնակիցներին հանձնվեցին մասնակցության սերտիֆիկատները։ Դասընթացը նախաձեռնվել էր ANTRIM-ի կողմից և իրականացվել համաֆինանսավորման ձևաչափով՝ RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի հետ գործընկերությամբ:

Նախաձեռնության հիմնական նպատակն էր զարգացնել միջազգային հավաստագրված զբոսավարների կարողությունները, ովքեր կարող են մատուցել բարձրորակ գիդի ծառայություններ տարբեր օտար լեզուներով: Սա հատկապես կարևոր է Լատինական Ամերիկայից և Եվրոպայից ժամանող զբոսաշրջիկների ներգրավման և սպասարկման համար՝ հանդիսանալով RECONOMY-ի տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը

Ծրագրի շրջանակում մասնակիցները զարգացրել են իրենց գործնական գիդավարության հմտությունները, հաղորդակցման կարողությունները և տարբեր լսարանների հետ արդյունավետ փոխգործակցության ունակությունները՝ դառնալով ավելի մրցունակ մասնագետներ միջազգային զբոսաշրջության շուկայում:

Ակնկալվում է, որ այս նոր պատրաստված գիդերը կդառնան տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման կարևոր շարժիչ ուժ՝ նպաստելով այցելուների փորձի բարելավմանը և ուղղության մրցունակության բարձրացմանը:

RECONOMY Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

Uncategorized

Անասնաբույժի օր 2026։ Անասնաբույժը՝ առողջ հասարակության պահապան

Ապրիլի 30-ին Երևանում տեղի ունեցավ «Անասնաբույժը՝ առողջ հասարակության պահապան» խորագրով Անասնաբույժի օրվան նվիրված միջոցառումը, որը համախմբեց ոլորտի առանցքային դերակատարներին՝ պետական կառույցների ներկայացուցիչներին, կրթական հաստատությունների մասնագետներին, միջազգային գործընկերներին և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։ Արդեն 7-րդ տարին է, ինչ ՌԶԳ-ն նախաձեռնում և կազմակերպում է Անասնաբույժի օրը՝ համախմբելով պետական, մասնավոր և կրթական ոլորտների ներկայացուցիչներին։

Այս տարի միջոցառումը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի աջակցությամբ։

Միջոցառումը մեկնարկեց պաշտոնական բացման խոսքով, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը՝ ընդգծելով, որ Անասնաբույժի օրը ոչ միայն մասնագիտական տոն է, այլև կարևոր հարթակ ոլորտի խնդիրների և հնարավորությունների քննարկման համար։ Նա կարևորեց անասնաբույժների առանցքային դերը հանրային առողջության, սննդամթերքի անվտանգության և գյուղատնտեսության կայուն զարգացման գործում, ինչպես նաև շեշտեց կրթության, երիտասարդ մասնագետների ներգրավման և ոլորտում շարունակական համագործակցության անհրաժեշտությունը։

Միջոցառման ընթացքում առանձնահատուկ շեշտադրում կար նոր սերնդի վրա՝ ընդգծելով երիտասարդ մասնագետների ներգրավման, նրանց կարողությունների զարգացման և ոլորտում նրանց դերակատարության բարձրացման կարևորությունը։ Քննարկումների շրջանակում անդրադարձ կատարվեց այն հարցին, թե ինչպես է պետական քաղաքականությունը արձագանքում այս կարիքին՝ խթանելով կրթական բարեփոխումները, գործնական ուսուցումը և երիտասարդների համար հնարավորությունների ստեղծումը։

Միաժամանակ ընդգծվեց, որ ոլորտի զարգացումը հնարավոր չէ ապահովել առանց բազմակողմ համագործակցության։ Կրթական հաստատությունները, մասնավոր հատվածը և զարգացման գործընկերները ներկայացրին իրենց դերակատարումը՝ աջակցելով նոր սերնդի մասնագետների պատրաստմանը, փորձի փոխանցմանը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների ձևավորմանը։

Անցկացվեցին երկու պանելային քննարկումներ, որոնց շրջանակում անդրադարձ կատարվեց անասնաբուժության ոլորտի զարգացման հիմնական ուղղություններին, առկա մարտահրավերներին և հնարավորություններին։ Առաջին պանելում քննարկվեցին ոլորտի համակարգային խնդիրները, քաղաքականության զարգացման առաջնահերթությունները և կրթության դերը՝ որակյալ մասնագետների պատրաստման գործում։

Երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր գիտության և պրակտիկայի կապի ամրապնդմանը՝ որպես ոլորտի առաջընթացի կարևոր նախապայման։ Մասնակիցները ներկայացրին իրենց փորձը, քննարկեցին նորարարական մոտեցումները և ընդգծեցին հետազոտությունների կիրառական նշանակությունը՝ անասնաբուժության արդյունավետության բարձրացման գործում։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նաև թեմատիկ ֆիլմ և փոդքաստ, որոնք ներկայացրին անասնաբույժների առօրյան, պատասխանատվությունը և նրանց կարևոր դերակատարումը հասարակության առողջության պահպանման մեջ։

Այս միջոցառումը դարձավ արդյունավետ հարթակ՝ ոլորտի խնդիրների բարձրաձայնման, փորձի փոխանակման, միջգերատեսչական և հանրային-մասնավոր համագործակցության ամրապնդման, ինչպես նաև նոր գործընկերությունների ձևավորման համար։ Այն ևս մեկ անգամ ընդգծեց, որ անասնաբույժների դերը առանցքային է առողջ և անվտանգ հասարակության ձևավորման գործում։

«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքարշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Uncategorized

RECONOMY․ Բրազիլիայից դեպի Մոլդովա և Հայաստան․ ճանապարհորդություն գինու, մշակույթի և ժառանգության շուրջ

Բրազիլիայից ութ տուրօպերատոր մասնակցեցին լայնածավալ FAM շրջագայության Մոլդովայում և Հայաստանում՝ տեղում ծանոթանալով տարածաշրջանի բազմազան և բարձրարժեք զբոսաշրջային առաջարկներին։

Ճանապարհորդությունը մեկնարկեց Քիշնևում՝ ANTRIM-ի կողմից կազմակերպված նեթվորքինգ միջոցառմամբ, որի ընթացքում ներկայացվեց «Moldova + Caucasus Experience» հայեցակարգը, որին հաջորդեցին B2B հանդիպումներ տեղական գործընկերների հետ։

Հինգ օրերի ընթացքում Մոլդովայում մասնակիցները բացահայտեցին մշակութային ժառանգության և փորձառական զբոսաշրջության հարուստ համադրություն՝ Քուրչի վանքի համալիրից մինչև Օրհեյուլ Վեքիի պատմական լանդշաֆտ, ինչպես նաև խորքային գյուղական փորձառություններ՝ ներառյալ ավանդական խոհարարական վարպետության դասեր և այցելություններ տեղական հյուրատներ։ Ծրագիրը նաև ընդգծեց Մոլդովայի համաշխարհային ճանաչում ունեցող գինեգործությունը՝ այցելություններով և համտեսներով Cricova Cellars, Château Cojușna Winery և Castel Mimi գինեգործարաններում։

Երթուղին նաև ներկայացրեց երկրի բազմազանությունը՝ այցելություններով Տիգինայի բերդ և Տիրասպոլ, ինչպես նաև յուրահատուկ փորձառություններով, ինչպիսիք են սև խավիարի համտեսը թառափի տնտեսությունում և գինու «կույր» համտեսը: 

 Ծրագիրը շարունակվեց Երևանում, որտեղ մասնակիցները բացահայտեցին Հայաստանի մշակութային խորությունը և գաստրոնոմիան՝ քաղաքային շրջայցերի 🚶‍♂️, հատուկ ընտրված սննդային փորձառությունների և այցերի միջոցով կարևոր տեսարժան վայրեր՝ Խոր Վիրապի վանք, Գառնիի տաճար, Գեղարդի վանք և Զվարթնոցի տաճար ։ Երթուղին ներառում էր նաև գինու համտեսներ տեղական գինեգործարաններում և գործնական խոհարարական փորձառություններ, օրինակ՝ լավաշի թխում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված ոչ նյութական մշակութային ժառանգության տարր։ 

FAM շրջագայությունն իրականացվել է RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի աջակցությամբ, որը նպաստել է մոլդովական և հայկական գործընկերների համագործակցության համակարգմանը՝ ապահովելով միջտարածաշրջանային զբոսաշրջային արտադրանքի հաջող իրականացումը։

Այս նախաձեռնությունը ոչ միայն ամրապնդեց կապերը Լատինական Ամերիկայի շուկայի հետ, այլև ցույց տվեց Մոլդովան և Կովկասը որպես միասնական, փորձառության վրա հիմնված զբոսաշրջային ուղղություն դիրքավորելու մեծ ներուժը։

RECONOMY Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

Uncategorized

Երիտասարդների տեսլականը՝ գյուղատնտեսության ապագայի հիմքում

Ս․թ․ ապրիլի 28-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անցկացվեց «Հայաստանի գյուղատնտեսությունը՝ գյուղոլորտի ուսանողների աչքերով» միջոցառումը, որի շրջանակում գյուղատնտեսությունը ներկայացվեց յուրահատուկ՝ երիտասարդների հայացքով։

Միջոցառման առանցքում Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների ստեղծագործություններն էին, որոնք արտացոլում էին նրանց պատկերացումները գյուղատնտեսության անցյալի և ապագայի մասին։ Նկարները ոչ միայն գեղարվեստական աշխատանքներ էին, այլ նաև երիտասարդների մտածողության, ձգտումների և ոլորտի զարգացման վերաբերյալ նրանց տեսլականի արտահայտություն։

Նկարների ստեղծման համար անհրաժեշտ պարագաները տրամադրվել էին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի աջակցությամբ։

Ցուցադրությանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալներ Տաթևիկ Սարգսյանը և Արման Խոջոյանը, ովքեր շրջեցին ցուցադրությամբ, զրուցեցին ուսանողների հետ և նրանց հանձնեցին շնորհակալագրեր՝ գնահատելով նրանց ներգրավվածությունն ու ստեղծարար մոտեցումը։

«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքարշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: