Ինչպե՞ս կարող է արհեստական սերմնավորումը նպաստել տնտեսության արտադրողականության և եկամտաբերության բարձրացմանը։ Հենց այս հարցի շուրջ էր INLIMA ծրագրի շրջանակում Սևանում և Ծաղկահովիտում իրականացված իրազեկման այցերի հիմնական ուղերձը։
Հանդիպումների ընթացքում անասնապահներին ներկայացրինք խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) արհեստական սերմնավորման պետական սուբսիդավորման հնարավորությունը՝ որպես իրենց տնտեսությունների արտադրողականությունն ու եկամտաբերությունը բարձրացնելու գործնական գործիք։
Արհեստական սերմնավորումը պարզապես վերարտադրության տեխնոլոգիա չէ։ Այն հնարավորություն է տալիս բարելավել կենդանիների տոհմային արժեքը, ստանալ ավելի բարձր մթերատվությամբ կենդանիներ, նվազեցնել անպտղության ռիսկը, պլանավորել կաթնատվության շրջանը և բացառել մոտ ազգակցական բուծումը։ Միաժամանակ, այն կարող է նպաստել որոշ վարակիչ հիվանդությունների փոխանցման կանխմանը և տնտեսության ծախսերի արդյունավետ կառավարմանը։
Հանդիպումների ընթացքում ֆերմերներին ներկայացվեցին նաև ծրագրի շրջանակում հասանելի բարձրորակ ցեղային ընտրանքները՝ Հոլշտին, Շվից, Ջերսեյ և Ֆլեքվի, որպեսզի բուծման որոշումները հնարավոր լինի կապել կոնկրետ տնտեսության արտադրական նպատակների հետ։
Իսկ պետական աջակցության մեխանիզմը այս ծառայությունը դարձնում է ավելի հասանելի․ ծրագրով մեկ կենդանու սերմնավորման արժեքից 10,000 դրամը փոխհատուցվում է պետության կողմից, իսկ 5,000 դրամը վճարում է անասնապահը։ Ծրագրից կարող են օգտվել թիրախային մարզերի բնակավայրերում բնակվող այն տնտեսվարողները, որոնք ունեն սերմնավորման ենթակա մինչև 20 գլուխ համարակալված և իրենց անունով հաշվառված ԽԵԿ և պայմանագիր են կնքում պետական աջակցության ծրագրին մասնակցող ԱՍ տեխնիկի հետ։
Սակայն արդյունավետ բուծումը սկսվում է ավելի վաղ՝ կենդանու առողջության և պատշաճ պահվածքի ապահովումից։ Պատշաճ կերակրումը, ջրումը, պատվաստումները, մակաբույծների դեմ պայքարը, անասնաշենքի պայմաններն ու հիգիենան այն գործոններն են, որոնք ուղղակիորեն ազդում են կենդանու վերարտադրողական և արտադրական ներուժի վրա։
INLIMA-ի այս արշավի միջոցով պետական աջակցության հնարավորությունները ներկայացվում են ոչ միայն որպես հասանելի ծառայություն, այլև որպես գիտելիքահեն բուծման գործիք՝ անասնապահներին հնարավորություն տալով ավելի հիմնավորված որոշումներ կայացնել և բարձրացնել իրենց տնտեսությունների արտադրողական ու տնտեսական ներուժը։
«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

