Հայաստանի տավարաբուծության զարգացման օրակարգում կարևոր քայլ է կատարվել՝ տավարաբուծության ոլորտում միջազգային փորձի, նորարարական բուծման մեթոդների և ժամանակակից վերարտադրողական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ նոր համագործակցության հիմք է դրվել։ 2026թ․ օգոստոսի 24-ին Ավստրիայում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն և Cattle Breeders Austria-ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ տավարաբուծության զարգացման, կենդանիների արդյունավետ բուծման և ժամանակակից վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ։
Համագործակցությունը ձևավորվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի շրջանակում։ Ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքը միտված է Հայաստանի անասնապահության ոլորտում առկա համակարգային խնդիրների հասցեագրմանը՝ կենդանիների նախրաքաշից մինչև վերարտադրողական տեխնոլոգիաների զարգացում և շուկաների հասանելիության ընդլայնում։
Այս համագործակցությունը ձևավորվում է ՌԶԳ ՀԿ-ի՝ Հայաստանի անասնապահության ոլորտում ավելի քան երկու տասնամյակ կուտակած փորձի և ձևավորված մասնագիտական գործընկերությունների հիման վրա։ 2000-ականների սկզբից ի վեր ՌԶԳ ՀԿ-ն հետևողականորեն աշխատել է անասնապահությամբ զբաղվող համայնքների և ֆերմերների տնտեսական հնարավորությունների ընդլայնման, անասնաբուժական և ֆերմերային ծառայությունների զարգացման, կաթի և մսի արժեշղթաների բարելավման, շուկաների հասանելիության և ոլորտի տեղական ու պետական դերակատարների կարողությունների ամրապնդման ուղղություններով։ Տարիների ընթացքում այս աշխատանքը ընդլայնվել է՝ ընդգրկելով Հայաստանի տարբեր մարզերի տասնյակ համայնքներ և ձևավորելով ոլորտային գիտելիքի, մասնագիտական կապերի ու գործնական փորձի ամուր հիմք։
Այս երկարաժամկետ փորձը հնարավորություն է տալիս ՌԶԳ ՀԿ-ին INLIMA-ի շրջանակում ոչ միայն ներգրավել միջազգային մասնագիտական փորձ, այլև այն կապել Հայաստանի անասնապահության ոլորտի իրական կարիքների, առկա ծառայությունների և պետական քաղաքականության առաջնահերթությունների հետ։ Հենց այս շարունակականության համատեքստում է դիտարկվում նաև Ավստրիայի առաջատար մասնագիտական կառույցների հետ ձևավորվող համագործակցությունը՝ որպես Հայաստանի տավարաբուծության արդիականացմանն ուղղված երկարաժամկետ գործընթացի հաջորդ քայլ։
Միջոցառման ընթացքում INLIMA ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի նպատակները, հիմնական բաղադրիչներն ու ոլորտում իրականացվող աշխատանքը՝ ընդգծելով այն ուղղությունները, որոնց շրջանակում միջազգային մասնագիտական փորձի ներգրավումը կարող է առավել մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի անասնապահության զարգացման վրա։
Cattle Breeders Austria-ի ներկայացուցիչ Աննա Կոյները ներկայացրել է կազմակերպության գործունեությունը և Ավստրիայում տավարաբուծության կազմակերպման ու կենդանիների արտադրողականության գնահատման փորձը, իսկ Fleckvieh Austria-ի ներկայացուցիչ Ռայնհարդ Պֆլեգերը ներկայացրել է Fleckvieh ցեղի զարգացման փորձն ու միջազգային ներուժը։
Այս փորձի փոխանակումը կարևոր է Հայաստանի համար, քանի որ ոլորտի արտադրողականության բարձրացումը պահանջում է անցում առավել համակարգված և տվյալահեն բուծման մոտեցումների՝ ներառելով գենոֆոնդի բարելավում, տոհմային կենդանիների արդյունավետ ընտրություն, արտադրողականության գնահատում, վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառում և նախրի երկարաժամկետ կառավարում։
Ստորագրված հուշագիրը ստեղծում է հենց այս ուղղություններով համագործակցության շրջանակ։ Կողմերը նախատեսում են մասնագիտական խորհրդատվություն ցեղի և տոհմային կենդանիների ընտրության, գենետիկական ներուժի բարելավման, արհեստական սերմնավորման և այլ վերարտադրողական տեխնոլոգիաների, ինչպես նաև բուծման պլանավորման վերաբերյալ։
Համագործակցության կարևոր ուղղություններից է նաև «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում ցուլերի սերմնանյութի արտադրության կարողությունների զարգացումը։ Ավստրիական փորձի և մասնագիտական գիտելիքի ներգրավումը կարող է նպաստել Հայաստանում որակյալ գենետիկական նյութի հասանելիության և օգտագործման համակարգերի զարգացմանը՝ երկարաժամկետ ազդեցություն ունենալով կենդանիների արտադրողականության վրա։
«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

