Աջակցության հնարավորությունները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ մարդիկ գիտեն դրանց մասին, հասկանում են՝ ինչ հնարավորություններ են իրենց հասանելի, և կարողանում են կողմնորոշվել դրանցից օգտվելու հարցում։
Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսում և Ճամբարակում, «Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագրի շրջանակում կազմակերպվել են իրազեկման հանդիպումներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։
Հանդիպումների ընթացքում ներկայացվել են պետական աջակցության ծրագրերը, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող նախաձեռնությունները։
Միաժամանակ, նման ձևաչափերը կարևոր են նաև այն պատճառով, որ տեղեկատվության փոխանցումը դառնում է երկկողմանի գործընթաց․ շահառուների հարցերն ու փորձառությունը հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալու, թե որտեղ են առաջանում տեղեկատվական կամ գործնական խոչընդոտներ պետական աջակցության ծրագրերից օգտվելիս։
Արդյունքում, իրազեկման հանդիպումները նպաստում են, որպեսզի արդեն իսկ առկա աջակցության գործիքները ավելի հասանելի և կիրառելի դառնան մարդկանց համար՝ ամրապնդելով սոցիալ-տնտեսական ինտեգրման գործընթացը համայնքային մակարդակում։
SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։
