IADAAM-ը դպրոցներում` սերմանելով գիտելիք, կառուցելով ապագա

Մեկնարկեցին IADAAM ծրագրի դպրոցական իրազեկման և ներգրավման այցերը՝ նպատակ ունենալով աշակերտներին ծանոթացնել ժամանակակից, կլիմակայուն և նորարար գյուղատնտեսության աշխարհին։

Ավշարի միջնակարգ դպրոցի աշակերտներին ողջունեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության հարցերով պատասխանատու Սուսանա Մարտինսը և Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) Հայաստանում ծրագրերի պատասխանատու Օդրի Գուրդիենը՝ ընդգծելով երիտասարդների կրթության, զարգացած գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման կարևորությունը։

IADAAM ծրագիրը դպրոց է բերում մի կարևոր ուղերձ՝ գյուղատնտեսությունը 21-րդ դարում միայն ավանդույթ չէ։ Այն նորարարություն է, տեխնոլոգիա, բնապահպանական պատասխանատվություն և ապագայի զարգացման առանցքային ուղղություն։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի ձևավորել գիտակից, պատասխանատու և նորարար երիտասարդների սերունդ, որը վաղը կկառուցի ավելի կայուն, արդյունավետ և կլիմակայուն գյուղատնտեսություն Հայաստանում։

Յուրաքանչյուր սերմ, որը տնկվում է այսօր, վաղը կարող է վերածվել մեծ փոփոխության։

«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով:

Uncategorized

SEIRA ծրագրի դաշտային այցը՝ համայնքային կայուն զարգացման և սոցիալ-տնտեսական ներառման խթանում

«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագիրը շարունակում է նպաստել Հայաստանում փախստականների և խոցելի հյուրընկալող համայնքների կայուն սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու դիմակայունության ամրապնդմանը։

Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) համագործակցությամբ։ Եռամյա ծրագիրը նպաստում է կենսապահովման հնարավորությունների դիվերսիֆիկացմանը, գյուղատնտեսական դիմակայունության բարձրացմանը և ներառական տնտեսական զարգացմանը՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։

Թիրախային աջակցություն տրամադրելով փոքր ֆերմերներին, տեղական ձեռնարկություններին և խոցելի տնային տնտեսություններին՝ ծրագիրը նպատակ ունի ամրապնդել երկարաժամկետ ինքնաբավությունը և համայնքային համախմբվածությունը։

SEIRA ծրագրի շրջանակում արձանագրված առաջընթացին ծանոթանալու և շահառուների հետ անմիջական շփում ունենալու նպատակով մայիսի 11-12-ը Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլիի գլխավորած պատվիրակությունը՝ ՌԶԳ-ի և ՊՀԾ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ, իրականացրել է համատեղ դաշտային այց Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր։

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է անասնաբուծությամբ, հատապտղային մշակությամբ, հացաբուլկեղենի արտադրությամբ, կերարտադրությամբ և այլ եկամուտ ստեղծող գյուղատնտեսական գործունեություններով զբաղվող շահառուների հետ։ Քննարկումների ընթացքում ընդգծվել է ծրագրի ներդրումը պարենային անվտանգության ամրապնդման, կենսապահովման հնարավորությունների ընդլայնման և ինչպես փախստական, այնպես էլ հյուրընկալող համայնքների երկարաժամկետ դիմակայունության բարձրացման գործում։

Կենսապահովման հնարավորությունների զարգացման, տեղական կարողությունների ամրապնդման և երկարաժամկետ զարգացման հեռանկարների ստեղծման միջոցով SEIRA ծրագիրը նպաստում է առավել դիմակայուն և ներառական համայնքների ձևավորմանը Հայաստանում՝ որտեղ վերականգնումը վերածվում է կայուն զարգացման և համատեղ առաջընթացի։

SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։

Uncategorized

ՄԱՎԵՏԱ «Մասնագիտությունների խթանման օր»՝ նոր հնարավորություններ Տավուշի երիտասարդների համար

Ս․թ․ մայիսի 12-ին Նոյեմբերյանի պետական քոլեջում կայացավ «Մասնագիտությունների խթանման օր» միջոցառումը՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց ՄԱՎԵՏԱ ծրագիրը, դուալ կրթության մոդելը, ինչպես նաև «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը, որը սեպտեմբերից կներդրվի Նոյեմբերյանի պետական քոլեջում, իսկ ուսուցումն իրականացվելու է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ լաբորատորիայի պայմաններում։

Այս մասնագիտությունը հատկապես կարևոր և պահանջված է Տավուշի մարզում, որտեղ գյուղատնտեսության, վերամշակման և պահեստավորման ոլորտների զարգացումը ստեղծում է որակյալ մասնագետների մեծ պահանջարկ։

Մասնագիտությունը ներկայացրեց նաև Սառեցման, օդորակման և ջեռուցման ինժեներական հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, սառնարանային համակարգերի մասնագետ Հովհաննես Արաբյանը։ Որպես երիտասարդ մասնագետ, ով վերջերս ավարտել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջը և անմիջապես անցել աշխատանքի, նա խոսեց ոլորտի իրական հնարավորությունների, մասնագետների բարձր պահանջարկի և մրցունակ վարձատրության մասին՝ ներկայացնելով սեփական հաջողության պատմությունը որպես ոգեշնչող օրինակ երիտասարդների համար։

Քննարկմանը միացան նաև տարածաշրջանի սառնարանային տնտեսությունների սեփականատերերը, ովքեր պատրաստակամություն հայտնեցին համագործակցել քոլեջի հետ, ընդունել աշկերտների և դառնալ դուալ կրթության գործընթացի անմիջական մասնակից։ Նրանց խոսքով՝ մարզում ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են նոր սերնդի կրթված և գործնական հմտություններով զինված մասնագետներ։

Միջոցառման ընթացքում մասնակիցները շրջայց կատարեցին քոլեջում, ծանոթացան ուսումնական հնարավորություններին, դիտեցին ոլորտային ֆիլմ, ինչպես նաև այցելեցին մասնավոր ընկերություն՝ ծանոթանալու աշխատանքի իրական միջավայրին և ոլորտի առօրյային։

Այս ամենը մեկ կարևոր նպատակի համար՝ ձևավորել մրցունակ մասնագետներ և խթանել մարզերի տնտեսական զարգացումը։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և Հայաստանի կառավարության կողմից։

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Ռազմավարական զարգացման գործակալությունը և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցը:

Uncategorized

INLIMA Ուսումնաճանաչողական այց Բավարիա՝ տոհմային տավարաբուծության ոլորտում միջազգային փորձի փոխանակման նպատակով

INLIMA ծրագրի շրջանակում 2026թ. մայիսի 2-9-ը Բավարիա (Գերմանիա) է իրականացվել ուսումնաճանաչողական այց՝ Հայաստանի տոհմային տավարաբուծության ոլորտի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Ծրագրի նպատակն էր խթանել մասնագիտական փորձի փոխանակումը, զարգացնել ոլորտային կարողությունները և ներկայացնել տոհմային տավարաբուծության, վերարտադրողական տեխնոլոգիաների ու գյուղատնտեսական կրթության ոլորտներում կիրառվող առաջատար եվրոպական փորձը։

Ուսումնական այցի շրջանակում մասնակիցները ծանոթացել են Բավարիայի տոհմային տավարաբուծության կազմակերպման մոդելներին, ժամանակակից ֆերմերային տնտեսությունների կառավարման մեխանիզմներին, կենդանիների առողջության պահպանման, կերակրման և արտադրողականության բարձրացման գործնական մոտեցումներին։

Թրիսդորֆի գյուղատնտեսական կրթական կենտրոնում և Վայհենշտեֆան-Թրիսդորֆ կիրառական գիտությունների համալսարանում անցկացվել են տեսական և գործնական դասընթացներ՝ նվիրված կաթնատու կենդանիների բուծման, կերաբաժինների կազմման, կենդանիների տարբեր սեռահասակային խմբերի կառավարման և անասնաբուծության ժամանակակից մեթոդներին։

Այցի կարևոր բաղադրիչներից էր BVN տոհմային տավարաբուծության արհեստական սերմնավորման ասոցիացիա և Minitube GmbH ընկերություն այցելությունները, որոնց ընթացքում ներկայացվել են ցլերի սերմնահեղուկի արտադրության, վերարտադրողական տեխնոլոգիաների, սերմնահեղուկի գնահատման, խորը սառեցման և լոգիստիկ համակարգերի ժամանակակից լուծումները։

Ծրագրի շրջանակում պատվիրակությունն այցելել է նաև վերարտադրողական տեխնոլոգիաների ոլորտում միջազգային առաջատար Minitube GmbH ընկերություն, որտեղ ներկայացվել են արհեստական սերմնավորման արտադրական գործընթացները, սերմնահեղուկի վերլուծության և կրիոպահպանման տեխնոլոգիաները, որակի վերահսկման մեխանիզմները և միջազգային արտահանման ու լոգիստիկայի համակարգերը։

Այցեր են իրականացվել նաև Bayern Genetik GmbH, ASR Bayern և Բավարիայի Պետական Գրուբի ուսումնական ֆերմա, որտեղ մասնակիցները ծանոթացել են գենետիկ ծրագրերին, ցեղերի ընտրության ռազմավարություններին, գենոմային գնահատման համակարգերին և տոհմաբուծության զարգացման ժամանակակից միտումներին։ Բարձր արտադրողականությամբ և արոտային կառավարման համակարգերով ֆերմաներում ներկայացվել են արդյունավետ հոտի կառավարման և կայուն անասնաբուծության գործնական օրինակներ։

Ուսումնաճանաչողական այցի ընթացքում մասնակիցները ձեռք են բերել մասնագիտական նոր գիտելիքներ և գործնական փորձ՝ ուղղված տոհմային տավարաբուծության զարգացմանը, ժամանակակից մոտեցումների կիրառմանը և ոլորտում մասնագիտական կարողությունների ամրապնդմանը։

«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքարշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Uncategorized

IADAAM-ը՝ Եվրոպայի օրվան նվիրված 2026թ. տոնակատարությանը

IADAAM ծրագիրը հպարտությամբ մասնակցեց Եվրոպայի օրվան նվիրված 2026թ. միջոցառմանը՝ միանալով գործընկերներին և զարգացման ծրագրերին՝ համագործակցության, նորարարության և կայուն առաջընթացի արժեքների շուրջ համախմբվելու համար։

Որպես ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագիր՝ IADAAM-ը կարևորում է ամուր միջազգային համագործակցության և փորձի փոխանակման դերը՝ կայուն համայնքների և ժամանակակից գյուղատնտեսական համակարգերի ձևավորման գործում։

Եվրոպայի օրը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կայուն զարգացումը հնարավոր է միասնականության, ընդհանուր տեսլականի և համատեղ աշխատանքի շնորհիվ։ Մենք պատիվ ունենք մեր ներդրումն ունենալու այս ճանապարհին՝ աջակցելով գյուղատնտեսության արդիականացմանը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և գյուղատնտեսական համայնքների կենսապայմանների բարելավմանը։

Միասին շարունակում ենք աշխատել ավելի կանաչ, ավելի ուժեղ և ավելի կայուն ապագայի համար։

«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով: