ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի «Ֆերմերային տնտեսության կազմակերպում» մասնագիտության աշկերտները փորձի փոխանակման այց կատարեցին Լոռի՝ միանալով Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի նույն մասնագիտության աշկերտներին։
Քանի որ Սյունիքում նման ծավալի կարտոֆիլի դաշտեր գրեթե չկան, այցը Գորիսի աշկերտների համար հնարավորություն էր ծանոթանալու դաշտավարության կազմակերպմանը հենց իրական աշխատանքային միջավայրում՝ բերքահավաքի շրջանում։
Ստեփանավանի քոլեջի հետ համագործակցող ֆերմերները կիսվեցին իրենց փորձով՝ ներկայացնելով կարտոֆիլի տարբեր սորտերը, դրանց ընտրության, մշակության և բերքահավաքի առանձնահատկությունները։
Աշկերտները նաև ծանոթացան մի սորտի, որն առաջին անգամ տարիներ առաջ Վլադիկավկազից է բերվել, և որի բերքահավաքն այս տարի այստեղ առաջին անգամ է իրականացվում։ Իսկ հետո՝ ամենահետաքրքիր մասը․ խոսելու փոխարեն՝ գործի անցանք։
Երկու քոլեջների աշկերտները միացան բերքահավաքին՝ օգնելով Լոռու մարզի մեր մասնավոր հատվածի գործընկերներին՝ աշխատանքը դարձնելով ավելի աշխույժ և ուրախ։
Այսպիսով, փորձի փոխանակման օրը վերածվեց իրական թիմային աշխատանքի՝ նոր գիտելիքներով, գործնական հմտություններով և, իհարկե, միասին հավաքած բերքով։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և Հայաստանի կառավարության կողմից։
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Ռազմավարական զարգացման գործակալությունը և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցը:

