Uncategorized

Երբ կանայք առաջնորդում են, փոփոխությունները դառնում են կայուն

Այսօր COP17 Armenia -ի շրջանակում կայացած «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության ժամանակ Arpa Protected Landscape-ի ղեկավար Arus Nersisyan-ը հաղթող ճանաչվեց «Կլիմայի փոփոխության մեղմում և կենսաբազմազանության պահպանում» անվանակարգում։
Արուսի հաղթանակը կանանց առաջնորդության, բնապահպանական նվիրվածության և կայուն փոփոխություններ ստեղծելու ուժի կարևոր ճանաչում է։
Արուսի թեկնածությունն առաջադրվել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակում։
LILA ծրագրի միջոցով աջակցել ենք բնության պահպանության, համայնքների զարգացման և կայուն զբոսաշրջության նախաձեռնություններին՝ նպաստելով Հայաստանի կենսաբազմազանության պահպանությանն ու տեղական համայնքների հնարավորությունների ընդլայնմանը։
Թեև LILA ծրագիրն արդեն ավարտվել է, դրա արժեքներն ու ազդեցությունը շարունակում են ապրել։ Մենք շարունակում ենք աջակցել նախաձեռնություններին, որոնք նպաստում են բնության պահպանությանը, համայնքների հզորացմանը և, հատկապես, կանանց առաջնորդության ու ներգրավվածության խթանմանը։
Կանանց զորեղացումը պարզապես հնարավորություն տալը չէ․ այն կանանց առաջնորդությունը ճանաչելն է, նրանց ազդեցությունն արժևորելն ու փոփոխություններ ստեղծելու նրանց ներուժին հավատալը։
Շնորհավորում ենք Արուս Ներսիսյանին այս արժանի հաղթանակի կապակցությամբ։ Նրա օրինակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բնության պահպանության գործում կանանց առաջնորդությունը կարող է դառնալ իրական և երկարաժամկետ փոփոխությունների շարժիչ ուժ։
Մեր շնորհակալությունն ենք հայտնում «Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WiCE) ՀԿ-ին՝ կանանց ներդրումը կլիմայի փոփոխության դեմ պայքարում և բնության պահպանության գործում արժևորելու, ինչպես նաև նրանց ձեռքբերումները հանրայնացնելու կարևոր նախաձեռնության համար։
ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում էր Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

IADAAM-ը COP17-ում․ ջրային և հողային ռեսուրսների արդյունավետ կառավարումը՝ գյուղատնտեսության կայունության հիմք

Այսօր ԵՄ տաղավարում «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի թիմը կայուն գյուղատնտեսության շուրջ քննարկումները տեղափոխեց գործնական դաշտ՝ ներկայացնելով, թե ինչպես կարող են ջրի կառավարումը, հողօգտագործումը, գյուղատնտեսական գործելակերպերն ու գիտելիքի փոխանակումը համատեղ նպաստել գյուղատնտեսության դիմակայունության ամրապնդմանը։
Օրվա ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան ավելի մանրամասն ծանոթանալու Արարատի և Արմավիրի մարզերում IADAAM ծրագրի աշխատանքներին, այդ թվում՝ ոռոգման ժամանակակից լուծումներին, հողի կայուն կառավարմանը, ցուցադրական ֆերմաներին և ֆերմերներին ուղղված խորհրդատվական ծառայություններին։
Ծրագրի շրջանակում ներկայացվեց նաև Վեդիի լանդշաֆտի փորձը, որտեղ ջրային ենթակառուցվածքները, գյուղատնտեսական հողերն ու շրջակա էկոհամակարգերը փոխկապակցված են։
Քննարկումները ցույց տվեցին, թե ինչու են ջրի և հողի ավելի արդյունավետ օգտագործումը կարևոր ոչ միայն գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման, այլև բնական ռեսուրսների վրա ճնշումը նվազեցնելու և գյուղական համայնքների կենսապահովման կայունությունն ամրապնդելու համար։
Շնորհակալություն բոլորին ԵՄ տաղավար այցելելու, քննարկումներին մասնակցելու և իրենց տեսակետներով կիսվելու համար։
«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով:
Uncategorized

INLIMA Ավստրիական փորձից՝ հայկական ֆերմա․ նոր հնարավորություններ տավարաբուծության համար

Հայաստանի տավարաբուծության զարգացման նոր հնարավորություններ են ստեղծվում, երբ ֆերմերներին հասանելի են դառնում միջազգային փորձն ու որակյալ տոհմային կենդանիները։ Այդ հնարավորություններից օգտվել է նաև Խաչիկ Հովսեփյանը՝ ՏՏ մասնագետ, որն իր գիտելիքներն ու ձեռներեցական մոտեցումը ներդնում է նաև տավարաբուծության ոլորտում։ Վերջերս Հայաստան ներմուծված 64 Ֆլեքվի (Fleckvieh) ցեղի խոշոր եղջերավոր կենդանիներից 32-ը ձեռք է բերել Խաչիկը։ Կաթնամսային ուղղության այս ցեղի ներմուծումը կարող է նպաստել նախրի գենետիկական ներուժի բարելավմանը և արտադրողականության բարձրացմանը։
Նախաձեռնությունը հայ-ավստրիական համագործակցության գործնական արդյունքներից է։ Համագործակցության հիմքը դրվել է Ավստրիայում կազմակերպված ուսումնական այցի ընթացքում, որի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Cattle Breeders Austria-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Կենդանիների ձեռքբերման գործընթացում ֆերմերներն օգտվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Տավարաբուծության զարգացման 2025-2029թթ․ զարգացման ծրագրից»։
Ինչո՞ւ է սա կարևոր Հայաստանի տավարաբուծության համար։ Կաթնամսային ուղղության Ֆլեքվի (Fleckvieh) ցեղի կենդանիների ներմուծումը հնարավորություններ է ստեղծում նախրի գենետիկական ներուժի բարելավման, արտադրողականության բարձրացման և ժամանակակից բուծական փորձի տարածման համար։ Իսկ Խաչիկ Հովսեփյանի նման մասնագետների ներգրավվածությունը ցույց է տալիս, որ գյուղատնտեսությունը կարող է դառնալ նորարարության, ձեռներեցության և մասնագիտական զարգացման գրավիչ ուղղություն։
INLIMA ծրագիրը, համագործակցելով պետական և միջազգային գործընկերների հետ, նպաստում է Հայաստանի անասնապահության արդիականացմանն ու ոլորտում նոր հնարավորությունների ստեղծմանը։ Այս նախաձեռնությունը ցույց է տալիս, թե ինչպես միջազգային փորձի փոխանակումը, պետական աջակցության գործիքներն ու ծրագրային օժանդակությունը կարող են համատեղ նպաստել ֆերմերային տնտեսությունների զարգացմանն ու Հայաստանի տավարաբուծության երկարաժամկետ առաջընթացին։
«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
Uncategorized

ՌԶԳ-ն COP17-ում ՝ ներկայացնելով LILA ծրագրի արդյունքները

Այսօր մասնակցեցինք COP17 Armenia-ին՝ մեր գործընկեր WWF Հայաստանի տաղավարում, որտեղ հնարավորություն ունեցանք ներկայացնելու LILA ծրագրի գրանցած կարևոր արդյունքներն ու ձեռքբերումները՝ ընդգծելով դրա ներդրումը Հայաստանի կայուն զարգացման գործում։

Մենք հպարտ ենք համատեղ աշխատանքի արդյունքում արձանագրված առաջընթացով և այն դրական փոփոխություններով, որոնք հնարավոր են դառնում համայնքների և շրջակա միջավայրի բարօրությանն ուղղված համագործակցության շնորհիվ։

Մեր շնորհակալությունն ենք հայտնում WWF Հայաստանին՝ LILA ծրագրի շրջանակում մեզ հյուրընկալելու, ինչպես նաև Հայաստանի կայուն ապագայի կերտման ճանապարհին արդյունավետ և արժեքահեն համագործակցության համար։

Միասին մեր ընդհանուր տեսլականը վերածում ենք շոշափելի արդյունքների։

Uncategorized

ՄԱՎԵՏԱ Ինչպե՞ս են աշկերտները տեսնում իրենց մասնագիտությունը

Ի՞նչ կարող է պատմել մեկ կաթիլը մասնագիտության մասին։
Իսկ ի՞նչ գիտելիքներ ու տեխնոլոգիաներ են անհրաժեշտ՝ բերքը թարմ և որակյալ պահպանելու համար։
Այս հարցերի պատասխանները ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում փնտրեցին «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» և «Սառնարանային տնտեսություն» մասնագիտություններով սովորող աշկերտները՝ մասնակցելով ստեղծագործական խաղերի, մասնագիտական իրավիճակների քննարկման և Mood Board-երի գաղափարների մշակման աշխատանքներին։
«Մեկ կաթիլի որոշումը»
Ինչպե՞ս օգտագործել սահմանափակ ջրային ռեսուրսները հնարավորինս արդյունավետ։ Ինչպե՞ս տեխնոլոգիաների և տվյալների օգնությամբ հասկանալ բույսերի կարիքներն ու ճիշտ որոշումներ կայացնել։ Աշկերտներն ուսումնասիրեցին, թե ինչպես է կաթիլային ոռոգման մասնագետի աշխատանքն օգնում խնայել ջուրը, բարձրացնել արդյունավետությունը և նպաստել գյուղատնտեսության կայուն զարգացմանը։
«Պահպանի՛ր արտադրանքը»
Ի՞նչ է կորցնում ֆերմերը, երբ արտադրանքը չի պահպանվում պատշաճ պայմաններում։ Եվ ինչպե՞ս կարող է մասնագետը կանխել այդ կորուստները։ Քննարկումների ընթացքում աշկերտները բացահայտեցին սառնարանային տնտեսության դերը արտադրանքի որակի պահպանման, սննդի կորուստների նվազեցման և գյուղատնտեսական արտադրանքի արժեքի պահպանման գործում։
Երկու հանդիպումների ընթացքում երիտասարդներն ընտրեցին նաև գույներ, պատկերներ, խորհրդանիշներ և գաղափարներ, որոնք իրենց կարծիքով լավագույնս են արտահայտում այս մասնագիտությունների էությունն ու ապագան։
Իսկ ամենակարևորը՝ աշկերտների գաղափարները, մասնագիտական ընկալումներն ու ապագայի պատկերացումները հիմք կդառնան երկու անիմացիոն ֆիլմերի ստեղծման համար։ Ֆիլմերը կներկայացնեն, թե ինչու են այս մասնագիտությունները կարևոր ժամանակակից գյուղատնտեսության համար, ինչ դեր ունեն տեխնոլոգիաներն ու մասնագետի գիտելիքները և ինչ հնարավորություններ են բացում երիտասարդների առջև։
Որովհետև գյուղատնտեսության ապագան ձևավորում են ոչ միայն նոր տեխնոլոգիաները, այլև դրանք կիրառող գիտելիքահեն մասնագետները։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և Հայաստանի կառավարության կողմից։
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Ռազմավարական զարգացման գործակալությունը և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցը: