NEWSARM

Այց Գորիսի հանրակրթական դպրոցներ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով

Ս.թ․ ապրիլի 10-ին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվեց կարիերայի կողմորոշման և մասնագիտության ուղղորդման այց՝ ՀՀ Սյունիքի մարզի, Գորիս համայնքի թիվ 2 և Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցներ։

Այցն անցկացվեց ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր՝ Գորիսի պրոֆեսոր Խ.Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ։ Այցի ընթացքում ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու՝ Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց ՄԱՎԵՏԱ ծրագիրը և դուալ ուսուցման առավելությունները։

Այցին ներկա էին նաև մասնավոր հատվածի գործընկեր՝ «Էլոլա» ընկերության տնօրեն Հարություն Ծատրյանը, ով ներկայացրեց մարզում կաթի և կաթնամթերքի տեխնոլոգ մասնագիտության նկատմամբ պահանջարկը և դուալ մոտեցմամբ կրթական համակարգի ընձեռած հնարավորությունները։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կենդանիների առողջության և բուծման մասնագետ Միքայել Հայկունին խոսեց անասնաբուժության ոլորտում երիտասարդ կադրեր ներգրավվելու անհրաժեշտության մասին և ներկայացրեց մասնագիտության կարևորությունը հանրային առողջության պահպանման տեսանկյունից։

Երկու հանդիպումներին ներկա էին 80-ից ավելի աշակերտ, որոնք հանդես եկան իրենց հետաքրքրող հարցերով՝ ընդունելության կարգի և ներկայացված մասնագիտությունների ուսուցման տևողության վերաբերյալ։