NEWSARM

Ավստրիական զարգացման գործակալության պատվիրակության պաշտոնական այցը Սյունիք

Ս․թ․ Ապրիլի 10-11-ը, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) պատվիրակությունը պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ ունեցավ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) և «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրերում ներգրավված շահառուների և գործընկերների հետ:

Պատվիրակությունը ներկայացնում էին Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը և ծրագրերի ղեկավար, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի համար պատասխանատու Թոբիաս Օրիշնիգը։

Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպում ունեցան Սիսիան խոշորացված համայնքի Սառնակունք գյուղական բնակավայրի ղեկավարի հետ, շփվեցին շահառու ֆերմերների հետ և այցելեցին Կապանի վերջերս բացված «Առաջատար ֆերմա»:

Ավստրիական զարգացման գործակալության կողմից մասնակի ֆինանսավորում ստացող ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում այցելություններ կազմակերպվեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ և «Սիս-Ալպ» կաթնամթերքի արտադրամաս։

Պաշտոնական այցը ներառում էր նաև քննարկում, որի ընթացքում «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը և «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրեցին ծրագրով ձեռք բերված արդյունքները, ընթացիկ միջամտություններն ու առաջիկա անելիքները: