NEWSARM

Գյուղատնտեսությունում ներգրավված և ոլորտի բարելավմանն ու զարգացմանը նպաստող «Կանանց մեծարման երեկո» միջոցառում

Ս․թ․ ապրիլի 8-ին տեղի ունեցավ գյուղատնտեսությունում ներգրավված և ոլորտի բարելավմանն ու զարգացմանը նպաստող «Կանանց մեծարման երեկո» միջոցառումը։

Միջոցառումը կազմակերպվել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն: Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Միջոցառման նպատակն էր խթանել ՄԱՎԵՏԱ ծրագրի կողմից ընտրված մասնագիտությունները, ընդլայնել կանանց ներգրավվածությունն ոլորտում, բարձրացնել նրանց դերն ու հնարավորություն ընձեռել կապեր հաստատելու միմյանց հետ:

Միջոցառումը մեկնարկեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ՝ Արմենուհի Պողոսյանի ողջույնի խոսքով, ով կարևորեց կրթության դերը գյուղատնտեսության զարգացման գործում և ներկայացրեց ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում դուալ ուսոցմամբ ներդրվող գյուղատնտեսական մասնագիտությունները, որը հնարավորություն կտա ուսանողներին արդեն հմտացած մուտք գործել աշխատաշուկա՝ նպաստելով համայնքների զբաղունակությանը։

Տիկին Պողոսյանին հաջորդեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ՝ Տաթևիկ Սարգսյանը, ով կարևորեց կանանց դերը գյուղատնտեսության ոլորտում և նշեց, որ տեղական արտադրանքի մեծ մասը ապահովվում է ոլորտում գործունեություն ծավալող կանանց կողմից։ «Թող Ձեր կյանում միշտ լինեն մասնագիտական հաջողություններ, շարունակեք ազնվորեն և անմնացորդ ծառայել հայրենիքին և նրա առաջընթացին»,-ասաց տիկին Սարգսյանը։

HEKS/EPER կազմակերպության ՄԿՈՒ խորհրդատու՝ Մոնիք Ֆրեյը ներկայացրեց Շվեյցարիայի փորձն ու կանանց քաղաքական և սոցիալական կյանքում ներգրավման համար իրականացվող ծրագրերը։

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանն իր խոսքում կոչ արեց երիտասարդներին մասնագիտություն ընտրելիս հետևել սրտի թելադրանքին և առաջարկ կատարեց նմանատիպ միջոցառումներին հրավիրել նաև տղամարդկանց՝ գյուղատնտեսությունում կանանց դերը էլ ավելի կարևորելու համար։

Միջոցառման ընթացքում կաթի և կաթնամթերքի տեխնոլոգ, անասնաբույժ և ֆերմեր մասնագիտություն ունեցող յոթ կին ներկայացրեցին իրենց հաջողության պատմությունները։

Միջոցառման ընթացքում պանելային քննարկման միջոցով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետ՝ Մելանյա Կարապետյանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ՝ Արմենուհի Պողոսյանի և մասնավոր հատվածի ներկայացուցիչ, կին ձեռներեց «Լոռվա Կաթ» ընկերության համահիմնադիր Անուշ Սուքիասյանի կողմից ներկայացվեցին և քննարկվեցին կանանց համար գյուղատնտեսությունում առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները։