«Ահնիձոր» հյուրատան բացման արարողություն

Ս.թ. հունիսի 11-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Ահնիձոր բնակավայրում տեղի ունեցավ «Ահնիձոր» հյուրատան բացման արարողությունը: Հյուրատունը կառուցվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանում Ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) աջակցությամբ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

«Ահնիձոր» հյուրատունը  հայ նկարիչ Խաչիկ Ղարաբեկյանի տունն է եղել, իսկ այժմ  ծրագրի աջակցությամբ այն վերակառուցվել է և վերաձևափոխվել է «Նկարչի Տուն/Artist Residency» կոնցեպտով  հյուրատան, որը հյուրերին առաջարկում է անմոռանալի տպավորություններ, մշակութային ծրագրեր և միջոցառումներ, ինչպես նաև բնահեն փորձառություններ՝ կապելով իրար բնությունն ու արվեստը:

Միջոցառմանը ներկա էին Շվեյցարիայի Համադաշնության փոխդեսպան, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին, WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավար  Սուրեն Թումանյանը և  Ահնիձոր բնակավայրի վարչական ղեկավար Արման Մաթևոսյանը, ինչպես նաև  զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ։

Միջոցառումը մեկնարկեց Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլիի ողջույնի խոսքով, ով կարևորեց նմանատիպ նախաձեռնությունների առկայությունը մարզերում, քանի որ դրանք նպաստում են համայնքների զարգացմանը՝ նոր աշխատատեղեր ստեղծելով:

Տիկին Լաուբլիին հաջորդեց WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, ով նշեց բնության հետ համահունչ ապրելու կարևորությունը և այն, որ նմանատիպ հյուրատներն ունեն բնության պահպանմանը միտված կոնցեպտուալ հիմքեր:

Ահնիձոր բնակավայրի վարչական ղեկավար՝ Արման Մաթևոսյանը հույս հայտնեց, որ համայնքի միակ հյուրատունը կարճ ժամանակաշրջանում կդառնա զբոսաշրջիկների սիրված վայրը:

Կարմիր ժապավելի կտրման հանդիսավոր արարողությանը և ողջույնի խոսքերին հաջորդեց հյուրատան տարածքով շրջայցը:

Uncategorized

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրեն Ուրսուլա Լաուբլիի այցը «Լոռենի» թեյարան

Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրեն Ուրսուլա Լաուբլին, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանի և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ԼԻԼԱ ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանի ուղեկցությամբ հունիսի 11-ին այցելել են ծրագրի շահառու՝ Մարիամ Եգանյան ԱՁ-ին պատկանող «Լոռենի» թեյարան:

Թեյարանը կառուցվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի աջակցությամբ: Լոռվա սարերից հավաքված թեյաբույսերը չորացվում են անմիջապես թեյարանում և մատուցվում հյուրերին:

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) աջակցությամբ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

Uncategorized

Մասնակցություն «Երևանի գինու օրեր» փառատոնին

Հունիսի 7-9-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող 3 ծրագրերի աջակցությամբ՝ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2», «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրերի մի քանի շահառու մասնակցեցին Երևանի Գինու Օրեր փառատոնին։

Չորս ընկերության՝ «Բերդ կաթնամթերք», «Էլադա», «Սիս-Ալպ» և «Արտչիզ» տաղավարներում ներկայացված էր բնական կաթից պատրաստված պանիրների տեսականի։ Մյուս տաղավարները փառատոնի մասնակիցներին զարմացնում էին «Փունջ» պահածոների համեղ տեսականիյով և բարձրակարգ ու որակյալ խաղողից ստացված անուշահամ «Բերկրի» և «Կրիա» ապրանքանիշի գինիներով։

Տաղավարներն ամենամարդաշատներից էին փառատոնին։

«Երևանի գինու օրեր» փառատոնի նպատակն է ներկայացնել հայ գինեգործների աշխատանքը, խթանել գինու վաճառքն ու արտահանումը և միջազգային հարթակում ցույց տալ տեղական գինիների ամբողջ գունապնակը:

Դասընթացներ՝ ֆերմերների հմտությունների ու կարողությունների զարգացման համար

Ս․թ․ մայիս և հունիս ամիսների ընթացքում ՀՀ Սյունիքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ֆերմերների համար «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց դասընթաց՝ գենդերային հավասարության, կթի հիգիենայի և սերմնարտադրության վերաբերյալ։ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի` Ավստրիայի Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ:

Դասընթացին մասնակցեցին թվով 126 ֆերմեր։ Դասընթացի ընթացքում ֆերմերներն իրազեկվեցին կթի ճիշտ գործընթացի և հիգիենայի պահպանման կանոնների վերաբերյալ, ինչպես նաև կաթի որակի բարելավմանն ու քանակի ավելացմանը միտված գործողությունների մասին։

Դասընթացի մասնակիցներին նաև տրամադրվեց խորհրդատվություն՝ կորնգանի մշակության, սերմնազատման ժամկետների և տեխնոլոգիայի վերաբերյալ։

Uncategorized

Համագործակցության խթանում՝ «ՄԱՎԵՏԱ» ծրագրի գործընկեր գործատուների և քոլեջների միջև

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում հունիսի 6-7-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ գործատուների և ուսումնական հաստատությունների հանդիպումը, որի նպատակը համագործակցության հիմնումն ու ամրապնդումն էր։

Երկօրյա աշխատաժողովին մասնակցեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ավելի քան քառասուն գործընկերներ։

Ողջույնի իր խոսքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը ընդգծեց կազմակերպության բազմամյա հաջողված փորձը մասնավոր հատվածի ներկայացուցիչների և ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ոլորտում և համոզմունք հայտնեց, որ ծրագրի նոր գործընկերների հետ ևս գործատու-ուսումնական հաստատություն ձևաչափով փոխշահավետ հարաբերություններ կհաստատվեն։

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց նաև HEKS/EPER կազմակերպության ներկայացուցիչ, ՄԿՈւ ավագ խորհրդատու Մոնիկ Ֆրեյը՝ նշելով, որ ապագա աշկերտներին վերապատրաստման ծրագրում ներդնում են շվեյցարական փորձը, որը լավագույն  մոդելն է պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործման տեսանկյունից։

ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի մեկնարկից՝ 2022 թվականից մինչև այսօր իրականացված հիմնական և առաջիկա գործողությունների համառոտ պլանը, համագործակցության հիմնական նախապայմանները, քոլեջների ու մասնավոր հատվածի դերը, նրանց պատասխանատվությունների շրջանակները դուալ կրթական մոտեցմամբ մասնագիտությունների ներդրման գործընթացում։

Այնուհետև գործատուները և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ծրագրի բիզնես խորհրդատու Նարինե Աբրահամյանի համակարգմամբ աշխատանքային քննարկում ունեցան և փոխանակվեցին իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվությամբ։

Ներկաներին 2023-2024 ուս․ տարում դուալ կրթական մոտեցմամբ ներդրված մասնագիտությունների, գործընկերների հետ համագործակցության հաստատման փորձի փոխանակման, ձեռքբերումների և մարտահրավերների վերաբերյալ տեղեկություններ հաղորդեց Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ներկայացուցիչ Լիլիթ Ավետիսյանը։

Երկրորդ օրը քննարկումները շարունակվեցին խմբային աշխատանքի ձևաչափով՝ վերհանելով մասնավոր հատվածի ու քոլեջների կարողությունների զարգացման ու բարելավման  կարիքները։

Աշխատաժողովի ավարտին ծրագրի բիզնես խորհդատու Նարինե Աբրահամյանը և ՄԿՈՒ խորհդատու Լիլիթ Բեգլարյանը ամփոփեցին մասնավոր հատվածի և քոլեջների ներկայացուցիչների համատեղ գործողությունների պլանը՝ համաձայն 2024-2025 ուս․ տարում ներդրվող մասնագիտությունների։