Uncategorized

Համագործակցության հուշագիր՝ «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում

Աշխատանքային այցով Մոլդովայում գտնվող «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» (RECONOMY)   ծրագրի թիմը հունիսի 19-ին Քիշնևում հանդիպում է ունեցել մոլդովական ՄԿՈՒ դպրոցի ներկայացուցիչների հետ։

Կողմերը քննարկել են միջին մասնագիտական կրթության ոլորտի խնդիրները, համագործակցության շրջանակները, մոլդովական կողմի կարիքները և RECONOMY ծրագրի շրջանակներում  փորձի փոխանակման և աջակցության տրամադրման հնարավորությունները։

Հունիսի 23-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի պատվիրակությունը հանդիպել է Մոլդովայի ներքին և ներգնա զբոսաշրջության ազգային ասոցիացիայի՝ «ԱՆՏՐԻՄ»-ի  գործադիր տնօրեն Ելենա Ստեպանովի հետ։

Հանդիպմանը քննարկվել են զբոսաշրջության ոլորտում թվային գործիքների և նորարարական տեխնոլոգիաների կիրառման,   ոչ ֆորմալ կրթության մեխանիզմների ներդրման միջոցով մասնագետների վերապատրաստման և մրցունակության բարձրացման հնարավորությունները և RECONOMY ծրագրի շրջանակներում փոխգործակցության ուղիները։

Կողմերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Uncategorized

Երկօրյա դասընթաց ՄԿՈՒ ոլորտի լուսաբանման թեմայով

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում հունիսի 22-23-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ դասընթաց՝ ՄԿՈՒ ոլորտը լուսաբանող լրագրողների և ծրագրի գործընկեր քոլեջների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Կազմակերպության հաղորդակցման և գենդերի մասնագետ Աննա Պողոսյանը երկօրյա դասընթացի մասնակիցներին ներկայացրեց  ՄԿՈՒ ոլորտի լուսաբանման առանձնահատկությունները, մասնավորապես՝ կանանց ու խոցելի խմբերի ներգրավվածության խթանման տեսանկյունից։

ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը ներկաներին ընդհանուր տեղեկություններ հաղորդեց «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» ծրագրի նպատակների ու ընթացիկ աշխատանքների մասին։

Դասընթացի երկրորդ օրը փորձագետ Արթուր Բաղդասարյանը լրագրողների ու քոլեջների ներկայացուցիչների համար խոսեց դուալ կրթական մոտեցմամբ ուսումնառության տեղեկատվական ռազմավարության, ՄԿՈՒ համակարգի և զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքների և սոցիալական ցանցերում ՄԿՈՒ հաստատությունների էջերի ներկայացման առանձնահատկությունների մասին։

ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձան քոլեջներում դուալ կրթական մոտեցմամբ ներդրված մասնագիտություններին, մասնավոր հատված գործընկերների հետ համագործակցելու փորձին։

Այնուհետև ինտերակտիվ քննարկման միջոցով լրագրողներն ու քոլեջների ներկայացուցիչները վերհանեցին իրենց հուզող հարցերն ու մտահոգությունները, համագործակցության հնարավորությունները։

ԼԻԼԱ ծրագրի շահառուների այցը մոլդովական «Եվրոալուն» ընկերություն

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) և «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» #RECONOMY ծրագրերի շրջանակներում աշխատանքային այցով Մոլդովայում գտնվող «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի պատվիրակությունը հունիսի 22-ին այցելեց տեղական խաղող արտադրող Vedrasco տնային տնտեսություն, որը թվային լուծումների կիրառմամբ գյուղատնտեսության կառավարման կատարյալ օրինակ է:

LILA  ծրագրի շահառուներին ներկայացվեցին #iFarms ծրագրի միջոցով  խաղողի այգու  կառավարման առանձնահատկությունները, արտադրական հատվածները, տնկարկները և թվային գործիքները, որոնք  էապես նպաստում են աշխատանքի օպտիմալացմանը և ճշգրիտ գյուղատնտեսական գործողությունների կիրառմանը։

«Եվրոալուն» ընկերությունը գործարկել է նաև iFarms-ի հավելվածը, որը  գյուղատնտեսությունը կառավարում է թվային գործիքների միջոցով։

Մոլդովայում նախատեսված են պատվիրակության այլ այցեր ու հանդիպումներ։

Uncategorized

Փորձի փոխանակման այց Մոլդովա

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) և «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրերի շրջանակներում Մոլդովայի Հանրապետությունում է կազմակերպության պատվիրակությունը։

Հունիսի 18-25-ը պատվիրակությունը, երկու ծրագրերի շահառուների ընդգրկմամբ, Մոլդովայում կայցելեն մի շարք առաջատար գինեգործարաններ, որոնք տրամադրում են զբոսաշրջային հետաքրքրիր փորձառություններ:

Այցի շրջանակներում ԼԻԼԱ ծրագրի մասնավոր հատվածի գործընկերները ծանոթանում են միջազգային փորձին, մոլդովական կողմի հետ աշխատանքային քննարկումներ ունենում՝ Հայաստանում զբոսաշրջային իրենց պրոդուկտները զարգացնելու և նորովի ներկայանալու համար:

Հունիսի 19-ին պատվիրակությունը՝ որպես հատուկ հյուր, Քիշնևում մասնակցեց «Անտրիմ» ներքին և ներգնա ցբոսաշրջության ազգային ասոցիացիայի 10 ամյակին նվիրված համաժողովին:

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը համաժողովին ներկայացրեց երկու ծրագրերը, Հայաստանի մարզերն ու համայնքները գաստրո և կայուն զբոսաշրջության միջոցով զարգացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները, դրանց առանձնահատկություններն ու ձեռքբերումները:

Իր ելույթում Ալլա Ղազարյանը ընդգծեց զբոսաշրջության կարևորությունը Հայաստանում և Մոլդովայում համայնքների զարգացման ուղղությամբ՝ այս առումով որպես հաջողված փորձ նշելով գաստրո և գինու զբոսաշրջության համադրությունը:

Հունիսի 20-ին ԼԻԼԱ ծրագրի շահառուները, մոլդովական կողմի գործընկեր՝ «Անտրիմ» կազմակերպության ներկայացուցիչների հետ այցելեցին «Կրիկովա» գինու գործարան, ծանոթացան գինեգործության մոլդովական փորձին։

«Կրիկովա» գինեգործարանն իր տեսակով եզակի է աշխարհում և ներկայացնում է Մոլդովայի Հանրապետության ազգային-մշակութային ժառանգությունը: Այն հսկայական ստորգետնյա քաղաք է՝ մինչև 100 մ ստորգետնյա խորությամբ և ավելի քան 120 կմ ստորգետնյա փողոցներով՝ անկախ ենթակառուցվածքով:

Պատվիրակության այցը Մոլդովա շարունակվում է:

Uncategorized

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ hարավ-hյուսիս 2» ծրագրի շահառու՝ առաջատար ֆերմերներն այցելեցին Ֆրանսիա

2024 թվ․ հունիսին «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց առաջատար ֆերմերների մասնակցությամբ փորձի փոխանակման այց Ֆրանսիայի Հանրապետություն։ Փորձի փոխանակումը կազմակերպվել էր Կուպեքս Մոնբելյարդի կողմից, որը հանդիսանում է աշխարհի ամենամեծ և ամենանորարարական Մոնբելյարդ ցեղատեսակի բուծման ծրագիրը: Նախագիծը ներկայացված է աշխարհի ավելի քան 60 երկրներում  և 82% շուկայական մասնաբաժին Ֆրանսիայում։ Կուպեքս Մոնբելյարդը ձևավորել է լավ համբավ՝ ավելի քան 40 տարի համագործակցելով ամբողջ աշխարհի ֆերմերների հետ:

Հայկական պատվիրակությունը այցի շրջանակներում Կուպեքս Մոնբելյարդից ձեռք է բերել 64 տոհմային երինջներ։ Սա կարելի է դիտարկել՝ որպես ռազմավարական ներդրում ուղղված Հայաստանում կենդանիների գենետիկական որակի և արտադրողականության բարելավմանը, որն արտացոլում է ծրագրի հանձնառությունը՝ խթանելու տեղական գյուղատնտեսական պրակտիկան համաշխարհային համագործակցության միջոցով:

Այնուհետև ֆերմերներն այցելեցին վերարտադրողական կենտրոն, որը մատուցում է կովերի արհեստական ​​սերմնավորման ծառայություն։ Այնտեղ նրանք ծանոթացան ժամանակակից վերարտադրողական տեխնոլոգիաներին, որոնք կարևոր են արդյունավետ անասնաբուծության համար:

Փորձի փոխանակման ծրագիրը ներառում էր նաև այցելություն Բեզանսոնի ժամանակակից կաթնային ֆերմա: Այս այցը թույլ տվեց հայ ֆերմերներին տեսնել կաթ արտադրող ֆերմերային տնտեսության կառավարման լավագույն փորձը, ֆերմերները ծանոթացան հոտի կառավարման առանձնահատկություններին ու կթելու ընթացակարգերին:

Այս հանդիպումների շնորհիվ ֆերմերները նոր գիտելիք ձեռք բերեցին, որը կարող են կիրառել իրենց տնտեսություններում:

Փորձի փոխանակման այցն ամփոփվեց Ֆորտ Սեն-Անտուանում գտնվող ​​կոմս Մարսել Փեթիտ պանրի պահպանման քարանձավ: Այս այցի շնորհիվ հայ ֆերմերները ծանոթացան պանրի հնեցման և պահպանման ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաներին:

Փորձի փոխանակման արդյունքում ձեռք բերված գիտելիքներն անգնահատելի են Հայաստանում արտադրվող կաթնամթերքի որակի և բազմազանության բարելավման տեսանկյունից, որը կնպաստի պոտենցիալ նոր շուկաներ ու հնարավորություններ բացահայտելուն:

Ֆերմերների այցը Ֆրանսիա կազմակերպվել էր Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում։