NEWSARM

Տեխնիկական աջակցություն ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր՝ էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանին

Նոյեմբերի 15-ին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում  էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանին, որպես տեխնիկական աջակցություն տրամադրվեց 17 տեղանի միկրոավտոբուս։ Միկրոավտոբուսի հանձման արարողությանը ներկա էին ինչպես ծրագրում ներգրավված կառույցների ներկայացուցիչներ, այնպես էլ մրգի և ընկուզեղենի ոլորտում ակտիվ գործընկեր ընկերությունների ներկայացուցիչներ։

Այս տրանսպորտային միջոցի շնորհիվ ուսումնարանը կկարողանա կազմակերպել հեռավոր բնակավայրերից ուսանողների տեղափոխումը դեպի ուսումնարան և ուսումնարանում դուալ ուսուցմամբ «Մրգի և ընկուզեղենի այգիներում աշխատող մասնագետի» մասնագիտությամբ սովորող աշկերտների տեղափոխումը  պրակտիկայի վայր՝ գործընկեր կազմակերպությունների այգիներ։

Տրանսպորտային միջոցը կծառայի նաև տարածաշրջանի դպրոցներից ուսումնարան աշակերտների տեղափոխման համար՝ նպատակ ունենալով ծանոթացնել վերջիններիս ուսումնարանին և առկա մասնագիտություններին:

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Մրգի և ընկուզեղենի այգիներում աշխատող մասնագետի» մասնագիտության ներդրումը խթան կհանդիսանա Արմավիրի մարզում այդ մասնագիտության զարգացմանն ու զբաղվածության բարձրացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատության ուսանողների թվի աճին։

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, “Ռազմավարական զարգացման գործակալություն” (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: