NEWSARM

Դասընթաց ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջների դասավանդողների և մասնավոր հատվածի մենթորների համար

Ս․թ․ նոյեմբերի 13-17-ին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից կազմակերպվեց դասընթաց դուալ ուսուցմամբ «Ֆերմերային գործի կառավարում» մասնագիտությունը դասավանդող Գորիսի և Ստեփանավանի գյուղատնտեսական պետական քոլեջների դասավանդողների  և Սյունիքի ու Լոռու մարզերի գործընկեր ֆերմերների համար։

Դասընթացը վարում էր շվեյցարացի փորձագետ Շտեֆան Դուբախը։ Դասընթացի ընթացքում մասնակիցների հետ քննարկվեցին ուսուցման պլանավորման առանձնահատկությունները, մշակվող կրթական նյութերի  և ձեռնարկների բովանդակությունը։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կարողացան ընտրել ձևաչափ, որով կարող են գնահատել  աշկերտի ձեռք բերած գիտելիքն ու կարողությունները։ Մասնակիցները խմբային աշխատանքի միջոցով ձևակերպեցին յուրաքանչյուր մոդուլի ուսուցման նպատակը և այդ նպատակին հասնելու գործիքները։

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, “Ռազմավարական զարգացման գործակալություն” (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: