Uncategorized

Առաջատար ֆերմայի բացման արարողություն՝ Վարդենիսում

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս-2» ծրագրի շրջանակում ապրիլի 4-ին Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր բնակավայրում տեղի ունեցավ ծրագրի շահառու Պետրոս Պետրոսյանին պատկանող առաջատար ֆերմայի բացման պաշտոնական արարողությունը։

Արարողությանը ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Կլաուս Կապպերը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Վարդենիսի համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանը, «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս-2» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը, հյուրեր։

Իր ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը ընդգծեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նշանակալի դերը գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական ​​ծրագրերին աջակցելու գործում։

Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Կլաուս Կապպերը ընդգծեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ տարիների արդյունավետ համագործակցությունը Հայաստանում անասնապահության զարգացման և գյուղատնտեսության ոլորտում ավստրիական լավագույն փորձի տեղայնացման գործում։

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանն իր խոսքում կարևորեց մարզում անասնապահության զարգացման, անասնաբուժական կետերի և սպանդանոցների վերազինման ուղղությամբ ՌԶԳ ՀԿ-ի իրականացրած ծրագրերը։

Կարմիր ժապավենը կտրելուց հետո հյուրերը շրջայց կատարեցին ֆերմայի տարածքում, ծանոթացան նրա գործունեությանը։

Ֆերմայի սեփականատեր Պետրոս Պետրոսյանը հյուրերին ներկայացրեց ծրագրային միջամտությունները ֆերմայի ստեղծման և իր՝ որպես ֆերմերի, կարողությունների զարգացման գործում՝ ընդգծելով ծրագրի շրջանակում փորձի փոխանակման այցերն Ավստրիա և Ֆրանսիա։

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավորի` Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Uncategorized

IADAAM ծրագիրը մասնակցեց Կանաչ գյուղատնտեսության կոնֆերանս Հայաստան 2025-ին

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը մասնակցեց Կանաչ գյուղատնտեսության կոնֆերանս Հայաստան 2025-ին, որը կայացավ ապրիլի 2-3-ը Երևանում։

Համաժողովի ընթացքում IADAAM ծրագիրը ներկայացավ ծրագրային պաստառով` պատկերելով Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրի շարունակական ջանքերը։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

🤝 IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

Uncategorized

Յոգուրտի պատրաստման դասընթաց` ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջների համար

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում մարտի 28-ին Սյունիքի մարզում տեղի ունեցավ յոգուրտի պատրաստման դասընթաց՝ ծրագրի գործընկերներ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա մասնագիտությամբ սովորող ուսանողների համար։

Դասընթացը վարեց շվեյցարացի պանրագործ և խորհրդատու Հանս Կնուսելը։

Ուսանողներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ բարձրակարգ յոգուրտի պատրաստման տեխնոլոգիային, հումքի ճիշտ ընտրության և ֆերմենտացման գործընթացին, ինչպես նաև սննդի անվտանգության պահպանման կանոններին։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

 

Uncategorized

IADAAM «Ագրոպարենային արժեշղթաների վերլուծություն» դասընթաց

Ապրիլի 1-ին «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում հաջողությամբ կայացավ «Ագրոպարենային արժեշղթաների վերլուծություն» դասընթացը, որը նպատակաուղղված էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության (MoE) գյուղատնտեսության վարչությունների աշխատակիցների գիտելիքների խորացմանն ու ամրապնդմանը։

Դասընթացը վարեց IADAAM ծրագրի արժեշղթաների միջազգային փորձագետ Դարիո Կակամիսին, ով ներկայացրեց ագրոպարենային արժեշղթաների վերլուծության հիմնական տարրերը, ռազմավարական գործիքները և դրանց գործնական կիրառման մեթոդաբանությունը։

Դասընթացի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին արժեշղթաների վերլուծության կարևորագույն գործիքները և ռազմավարական մոտեցումները, որոնք ներառում են՝

✅ Ագրոպարենային արժեշղթաների վերլուծության հասկացություններ և միջազգային շրջանակներ,

✅ Արժեշղթայի վերլուծության հիմնական քայլեր և մեթոդաբանություն (IADAAM-VCA),

✅ Ռազմավարական գործիքների կիրառում՝ SWOT, PESTEL, Porter’s Diamond, Boston Matrix,

✅ Արժեշղթայի տվյալների հավաքագրում, արտապատկերում և վերլուծություն,

✅ Արժեշղթայի արդիականացման ռազմավարություններ և ներդրումային հնարավորություններ,

✅ Գործողությունների պլանավորում։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

Ամադեուս ավիատոմսերի ամրագրման համակարգի սերտիֆիկատների հանձնման արարողություն՝ RECONOMY ծրագրի շրջանակում

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի կողմից Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայում ապրիլի 1-ին տեղի ունեցավ Ամադեուս ավիատոմսերի ամրագրման համակարգի ուսուցման երկրորդ կարճաժամկետ դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը։

Դասընթացի կազմակերպան համար տեխնիկական աջակցություն է տրամադրվել RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի կողմից։

Շրջանավարտներին ողջունեցին և աշխատանքային հաջողություններ մաղթեցին «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի պատասխանատու Նարեկ Խաչատրյանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Հավաստագրերի հանձնման արարողությանը հաջորդեց զբոսաշրջության ոլորտում ազգային խոհանոցի դերի կարևորության շուրջ զրույց-քննարկում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի և շրջանավարտների միջև, որի ընթացքում մասնակիցները վայելեցին ազգային և ավանդական ուտեստներ։

Հիշեցնենք, որ Ամադեուս ավիատոմսերի ամրագրման համակարգում աշխատելու գիտելիք և կարողություն ունեցող մասնագետները հնարավորություն կունենան աշխատել զբոսաշրջության ոլորտում համապատասխան գործունեություն իրականացնող կազմակերպություններում։

RECONOMYՇվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների տարածաշրջաններում այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ: