HomePageARM, NEWSARM

Փորձի փոխանակման այցեր՝ գիտելիքների բարելավման, փոխադարձ համագործակցության և մասնագիտական կապերի զարգացման նպատակով

2021թ. ապրիլի 30-ից մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում ՌԶԳ ՀԿ կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի կին և տղամարդ ֆերմերների` անասնապահության և ֆերմերային տնտեսությունների վարման նոր մոտեցումներ և մեթոդներ կիրառելու կարողությունների բարելավում բաղադրիչի շրջանակներում, ֆերմերների միջև փորձի փոխանակման նպատակով, կազմակերպվել են տեսական քննարկումներ և գործնական այցեր:

Փորձի փոխանակման այցերի նպատակն էր բարելավել ֆերմերների գիտելիքները, զարգացնել փոխադարձ համագործակցությունը և մասնագիտական կապերը:

Փոխայցերին մասնակցել են 101 կին և երիտասարդ ֆերմերներ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 23 բնակավայրերից:

Փորձի փոխանակումը տեղի է ունեցել 3 փուլով: Գործընթացի առաջին փուլում Ջերմուկ քաղաքում կազմակերպվել էր ֆերմերների ֆորում փորձի փոխանակման նպատակով, որի ընթացքում հաջողված փորձ ունեցող 7 ֆերմերներ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից ներկայացրել են ֆերմերային սեփական գործունեության պատմությունը՝ անհատական ֆերմերային տնտեսությանը վերաբերող խնդիրների, ծրագրի միջամտության, ազդեցության համեմատության, ինքնարժեքի հաշվարկի և շահույթի համեմատության մասին ելույթների և քննարկումների միջոցով:

Քննարկումները հնարավորություն տվեցին ֆերմերներին գնահատել ֆերմերային տնտեսության սեփական գործունեության վարման ուժեղ և թույլ կողմերը, ստեղծել կապեր կերի ճակնդեղի, կորնգանի և գարնանացան գարու սերմերի ձեռքբերման համար:

Տեսական մասին հետևել է փոխայցի գործնական մասը՝ այցելություններ դեպի Հայաստանի հյուսիսային հատվածում գտնվող առաջատար ֆերմաներ:

Փորձի փոխանակման մյուս երկու փուլերում ևս ֆերմերներն այցեր են իրականացրել դեպի Հայաստանի առաջատար ֆերմաներ, կաթի մթերման կետեր և վերամշակման արտադրամասեր:

Փորձի փոխայցերի ընթացքում ներառվել էր նաև գարնանացան գարու մշակության ցանքատարածքի ուսումնասիրությունը, որն ապահովում է կերի բազայի հիմնական մասը արոտային և մսուրային շրջանների համար:

Դաշտային այցերին հետևել են սեմինար-քննարկումներ 3 գլխավոր թեմաների վերաբերյալ.

  • Կթի հիգիենա, կաթի նախնական մշակում, պահպանություն՝ որակյալ կաթի արտադրություն:
  • Կերարտադրություն. բարձրարժեք կերային մշակաբույսերի մշակություն, ԽԵԿ-երի կերակրում-մթերատվության աճ:
  • Արդի մոտեցումներով անասնապահության վարում, արդյունավետության համեմատություն:

Քննարկումների ընթացքում ֆերմերներին տրամադրվել են տավարաբուծության տարբեր ոլորտներին վերաբերող բուկլետներ և բրոշյուրներ: