Uncategorized

Պաշտպանիչ պարագաներ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին

Նոր կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին նպաստելու նպատակով` «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից  «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրվել է անհատական պաշտպանիչ պարագաներ՝  27,750 հատ բժշկական դիմակ, 55, 500 զույգ ձեռնոց և տեղեկատվական նյութեր, ինչպես նաև սույն թվականի օգոստոս ամսվա ընթացքում տրամադրվելու է հատուկ հանդերձանքի 555 հավաքածու՝ արտահագուստ և կոշիկ:

Աջակցությունը տրամադրվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում»  ծրագրի շրջանակներում:

Օժանդակության նպատակն է՝ աջակցել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին Հայաստանի Հանրապետության տարածքում պետական պատվերի ծրագրի շրջանակներում իրականացվող կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների անխափան և անվտանգ իրականացմանն ու համավարակի տարածման կանխարգելմանը հետևյալ ուղղություններով.

– Անասնաբույժ-մասնագետների և համաճարակաբանների իրազեկում՝ համավարակի պայմաններում աշխատանքի անվտանգության կանոնների և անհատական պաշտպանության միջոցների վերաբերյալ;

-Աշխատող անձնակազմի (անասնաբույժ-մասնագետներ և համաճարակաբաններ) անվտանգության ապահովում՝ տրամադրելով անհատական պաշտպանիչ պարագաներ;

– Անասնապահ տնտեսությունների շրջանում իրազեկման մակարդակի բարձրացում՝ համավարակի պայմաններում կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների իրականացման առանձնահատկությունների և անվտանգության կանոնների վերաբերյալ:

«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում մինչև սույն թվականի օգոստոսի վերջ կիրականացվեն մի շարք լրացուցիչ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն աջակցելու կաթի և մսի արժեշղթաների մասնակիցներին, համավարակի պայմաններում, ապահովել աշխատանքների անվտանգ և անխափան իրականացումը: 

 

Uncategorized

Հիմք դրվեց ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի և հյուրընկալող ընկերությունների միջև համագործակցությանը

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ կողմից իրականացվող «Համագործակցության խթանում՝ հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակներում հիմք դրվեց ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի և գործընկեր/հյուրընկալող ընկերությունների միջև համագործակցությանը:

Կողմերը կնքեցին պայմանագրեր՝ որով պարտավորվում են ապահովել Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա և Անասնաբուժություն մասնագիտությունների ուսանողների որոկյալ կրթությունը՝ հիմք ընդունելով նոր ներդրված Աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը: Ուսանողները այսուհետ գործնական դասաժամերը կանցկացնեն գործատուների մոտ՝ ձեռք բերելով պրակտիկ հմտություններ և կարողություններ:

Այս համագործակցությունը քոլեջի և գործատուների միջև նպաստելու է Սյունիքի մարզում կրթության ոլորտի զարգացմանը և աշխատաշուկայի համալրմանը որակյալ մասնագետներով:

 

Uncategorized

Պաշտպանիչ պարագաներ կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով

Նոր կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին նպաստելու նպատակով Վայոց Ձորի և Սյունիքի մարզի 100 գյուղական բնակավայր սպասարկող մասնավոր անասնաբույժներին, կաթ մթերող կոոպերատիվներին ու ընկերություններին տրամադրվել է անհատական պաշտպանիչ պարագաներ՝  7,500 հատ բժշկական դիմակ, 15,000 զույգ ձեռնոց և ախտահանիչ նյութեր: Աջակցությունը տրամադրվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող  «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում»  ծրագրի շրջանակներում:

Ծրագրի աջակցությամբ 70 անասնաբույժ մասնագետներին և 50 կաթ մթերողներին տրամադրվելու է նաև հատուկ հանդերձանքի 180 հավաքածու, 90 ձեռքերի ախտահանման սարքեր և այլ պարագաներ, ինչպես նաև մասնագիտական աջակցություն համավարակի պայմաններում կաթի և մսի արժեշղթաներում անասնաբուժական, կաթի մթերման և այլ հարակից ծառայությունների անխափան և շարունակական աշխատանքի ապահովման նպատակով:

«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում մինչև սույն թվականի օգոստոսի վերջ կիրականացվեն մի շարք լրացուցիչ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն աջակցելու կաթի և մսի արժեշղթաների մասնակիցներին համավարակի պայմաններում ապահովել աշխատանքների անվտանգ և անխափան իրականացումը:

«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում»  ծրագիրն իրականացնում  է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն, որը Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և այլ միջազգային դոնորների ֆինանսավորմամբ, իրականացնում է տնտեսական, կրթական և ոլորտային զարգացման նախագծեր Հայաստանի հեռավոր մարզերի 200 բնակավայրերում:

Uncategorized

Շրջայց ՀՀ Լոռու մարզում՝ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի գործունեության և արդյունքների ներկայացում

Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության ու Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում սույն թվականի hուլիսի 14-ին տեղի ունեցավ շրջայց Լոռու մարզպետ՝ Անդրեյ Ղուկասյանի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանի և «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի ղեկավար՝ Վահե Հովհաննիսյանի մասնակցությամբ:

Շրջայցի նպատակն էր ծանոթանալ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի գործունեությանը, ներկայացնել ՀՀ Լոռու մարզում իրականացված ծրագրային միջամտությունների ուղղություններն ու քննարկել գրանցած արդյունքները:

Շրջայցի մասնակիցներն այցելեցին ք. Վանաձորում գտնվող Ծրագրի շահառու ԱՁ “Տարոն Մաթևոսյան”  կաթի վերամշակման արտադրամաս,   Գյուլագարակ համայնքի Հոբարձի բնակավայրի անասնաբուժական կետ, Տաշիր համայնքի՝ Տաշիր-Լեռնահովիտ ճանապարհին գտնվող Վահան Գրիգորյանի «Առաջատար ֆերմա», ինչպես նաև  շրջայց կատարեցին Մեծավան համայնքի Պաղաղբյուր բնակավայրի արոտային բարելավված ենթակառուցվածքներով:

ՀՀ Լոռու մարզպետ՝ Անդրեյ Ղուկասյանը բարձր գնահատեց ՌԶԳ ՀԿ կողմից իրականացվող ծրագրային միջամտությունները, կատարված լայնածավալ աշխատանքները Լոռու մարզում և կարևորեց ծրագրի դերը համայնքների զարգացման գործում:

«Աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրման մոտեցումները ՄԿՈՒ ոլորտում» թեմայով եռօրյա դասընթաց

Ս.թ. հուլիսի 1-3-ը և 8-10-ը ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում և ՀՀ Սյունիքի Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, տեղի ունեցավ «Աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրման մոտեցումները ՄԿՈՒ ոլորտում» թեմայով եռօրյա դասընթաց, որը կազմակերպվել էր «Ռազմավարական զարգացման գործակալության» (ՌԶԳ) ՀԿ կողմից իրականացվող Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Համագործակցության խթանում՝ հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակներում:

Դասընթացը կազմակերպվեց ծրագրի շրջանակներում գործընկեր հանդիսացող ՄԿՈՒ հաստատությունների ուսուցիչների և հյուրընկալող ընկերությունների մենթորների համար՝ ներկայացնելով աշխատանքի վրա հիմնված (ԱՀՈՒ) ուսուցման մոդելի մոտեցումներն ու սկզբունքները, ինչպես նաև անհրաժեշտ գործիքակազմը ՄԿՈՒ հաստատություններում նշված մոդելը կիրարկելու նպատակով:

Դասընթացի նպատակն էր. ԱՀՈՒ մոդելի սկզբունքների վրա հիմնված ուսումնառությունն ու ուսուցումը կազմակերպելու համար անհրաժեշտ հմտությունների և գիտելիքների ապահովումը՝ ՀՀ Լոռու մարզի և ՀՀ Սյունիքի մարզի Ստեփանավանի և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջներում, ինչպես նաև հյուրընկալող ընկերություններում ԱՀՈՒ մոդելի հետագա ներդրմամբ: