Uncategorized

Կայացավ ՀՀ Բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 6-րդ աշխատաժողովը

Նոյեմբերի 21-ին Երևանում կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 6-րդ աշխատաժողովը, որի հիմնական նպատակն էր ներկայացնել` վերջին ամսինսներին մշակվող ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարման հայեցակարգի աշխատանքային տարբերակը: Աշխատաժողովին մասնակցում էին բնական կերհանդակների ոլորտին առնչվող տարբեր նախարարությունների, ՀՀ Ազգային ժողովի, ինչպես նաև հասարակական, միջազգային և գիտական կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունեցին և բեղմնավոր աշխատանք մաղթեցին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, ՏԻ, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավոր Մաթևոս Ասատրյանը և նույն հանձնաժողովի փորձագետ Աշոտ Հարությունյանը: Խոսնակները կարևորեցին Հարթակի գործունեությունը՝ մատնանշելով հատկապես վերջին նախաձեռնությունների՝ այն է Սյունիքի մարզում կենդանիների կանոնակարգված տեղաշարժիկազմակերպման և Բնական կերհանդակների կայուն կառավարման հայեցակարգի մշակման ուղղությամբ տարավող աշխատանքները:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց Հարթակի նոր գործընկեր «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ն:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին արոտավայրերի կայուն կառավարման փորձի ուսումնասիրման նպատակով, Հարթակի կողմից տարբեր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների համար կազմակերպված՝ դեպի Ղրղզստանի Հանրապետություն ուսուցողական այցի արդյունքները և քաղած դասերը, ինչպես նաև Հարթակի նախաձեռնությամբ և պետական, համայնքային և հասարակական կառույցների համագործակցության արդյունքում մշակված ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարման հայեցակարգի աշխատանքային տարբերակը:

ՀՀ Բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը հանդիսանում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի, Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ իրականացվող «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի և Համաշխարհային բանկի աջակցմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի համատեղ նախաձեռնություն:

 

Uncategorized

Մասնակցություն “AGRO FOOD DRINK TECH 2019” էքսպոին Վրաստանում

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող և Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության ու Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում  Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 20-22-ը “Դուստր Մարիաննա”, “Բերդ կաթնամթերք”, “ Լոռվա Կաթ” և “Դուստր Մելանյա” ընկերությունները մասնակցում են Թբիլիսիում անցկացվող “AGRO FOOD DRINK TECH Expo Georgia 2019”  սննդի և խմիչքների, փաթեթավորման և վերամշակման սարքավորումների միջազգային ցուցահանդես-վաճառքին:

Ցուցահանդեսը մեծ ճանաչում է ստացել վերջին տարիներին և հայտնի է որպես Կովկասի տարածաշրջանում սննդի և խմիչքների, ինչպես նաև փաթեթավորման և վերամշակման սարքավորումների ամենատարածված ցուցահանդեսը: Այն գրավում է մեծ թվով գնորդների, այցելուների և փորձագետների ուշադրությունը՝ մասնակիցներին տալով տարածաշրջանի զարգացող շուկաներում նոր ապրանքներ ներկայացնելու հնարավորությունը:

Էքսպոյի երեք օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան իրենց արտադրանքը ցուցադրելու միջազգային հարթակում և ներկայանալու իրացման նոր շուկաներում:

 

Uncategorized

«ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագիր «Կաթի և կաթնամթերքի» փորձարարական լաբորատորիայի Բացման Արարողություն ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղ

2019թ. նոյեմբերի 13-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Սիսիանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության փորձարարական լաբորատորիայի բացման միջոցառումը:

«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության փորձարարական լաբորատորիան հիմնվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ կողմից և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL)- ի հետ համատեղ, HEKS/EPER շվեյցարական կազմակերպության աջակցությամբ, 2016թ.-ի հոկտեմբերի 1-ից:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Սիսիան համայնքի ղեկավար՝ պրն. Արթուր Սարգսյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ՝ պրն. Գագիկ Խաչատրյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ՝ պրն. Մկրտիչ Այվազյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր՝ պրն. Վարդան Ուռուտյանը, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրեն՝ պրն. Տիգրան Վանդունցը: Բոլորն իրենց խոսքում ընդգծեցին լաբորատորիայի կարևորությունը, քանի որ այն ուսանողների համար նոր հնարավորություններ կընձեռի:

Միջոցառմանը ներկա էին նաև համայնքի առաջատար գործատուներ, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի դասախոսներ, ուսանողներ և նրանց ծնողները:

Լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան շրջայց կատարել լաբորատորիայում:

«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության փորձարարական լաբորատորիայի հիմնումը մեծ ձեռքբերում է ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի համար: Ուսանողները կծանոթանան պանրի ու կաթնամթերքի արտադրության հետ կապված տեխնոլոգիաներին, հնարավորություն կունենան համատեղել տեսական և գործնական գիտելիքները և ձեռք բերել աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխան հմտություններ:

 

Թարմ մսի համայնքային առաջին վաճառակետի բացումը Սիսիան համայնքում

Նոյեմբերի 12-ին Սիսիանի համայնքապետարանի ջանքերով Սիսիանում բացվեց թարմ մսի վաճառակետ, ինչը վերջ կտա համայնքում մսի փողոցային առևտրին և կնպաստի մսի շուկայի կայուն զարգացմանը: Մսի վաճառակետի հիմնումը հնարավոր է դարձել Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում Սիսիանի համայնքապետարանի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համագործակցության արդյունքում:

Համայնքային վաճառակետի գործարկումը կարևոր քայլ է թե սպառողների, թե միս արտադրող ֆերմերների համար: Վաճառակետի առավելություններից մեկը կայանում է նրանում, որ այստեղ սպառողը, թարմ միսը ձեռք բերելով անմիջապես արտադրողից/ֆերմերից, ստանում է անհամեմատ որակյալ ծառայություն, քանի որ ապահովված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր նորմերը: Ակնկալվում է, որ համայնքային վաճառակետը նաև կնպաստի գյուղական բնակավայրերում անասնապահության զարգացմանը՝ ապահովելով ֆերմերների համար համայնքում վաճառք իրականացնելու հնարավորություն և կայուն եկամուտ:

Բացման արարողության ընթացքում իրենց ողջույնի խոսքով հանդես եկան Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Շվեյցարիայի համադաշնության զարգացման և համագործակցության գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ալլահվերդյանը:

Համայնքի ղեկավարը իր ելույթում շնորհակալություն հայտնեց ծրագրի աջակից կազմակերպություններին և վստահեցրեց, որ եթե վաճառակետի գործունեությունը լինի արդյունավետ, ապա քայլեր կձեռնարկվեն նույնանման կետեր ստեղծել նաև քաղաքի այլ թաղամասերում: Նա նաև շնորհակալագրեր հանձնեց Շվեյցարիայի համադաշնության զարգացման և համագործակցության գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ալլահվերդյանին և ՌԶԳ ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանին:

Uncategorized

«Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի մեկնարկի միջոցառում

Տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և  «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի մեկնարկի միջոցառումը:

Ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել համագործակցությունը մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների և մասնավոր հատվածի միջև՝ Գորիսի և Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջներում փորձարկելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը գյուղատնտեսական երկու մասնագիտություններում` Անասնաբուժություն ու Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա:

Միջոցառմանը մասնակցեցին և ողջույնի խոսքով հանդես եկան ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան՝ տկն. Անդրեա Վիկտորինը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար` պրն. Արայիկ Հարությունյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ՝ տկն. Նաիրա Մարգարյանը, ՀՀ ԿԳՄՍՆ ՄԿՈՒ վարչության պետ` պրն. Արտակ Աղբալյանը, ՌԶԳ ՀԿ-ի նախագահ՝ պրն. Մկրտիչ Այվազյանը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ կառավարության, ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի, ՄԿՈՒ հաստատությունների, ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների և դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի և լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Ելույթ ունեցողները կարևորեցին աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի մշակումը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում, նշելով, որ դա հնարավորություն կտա համապատասխանեցնել մասնագիտական կրթությունը աշխատաշուկայի պահանջարկին և կնպաստի զբաղվածության խթանմանը երիտասարդների շրջանում:

Միջոցառման ավարտին ծրագրի ղեկավար՝ տկն. Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի նպատակը, խնդիրները և ակնկալվող արդյունքները, ինչպես նաև պատասխանեց մասնակիցների հարցերին: