Մասնագիտական կողմնորոշման դասընթացաշարի մեկնարկը տրվեց Գյումրիում

Հունիսի 29-30 «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում Գյումրիում անցկացվեց «Մասնագիտական կողմնորոշում և կարիերայի առաջխաղացում» դասընթացը, որը մշակվել է ՌԶԳ ՀԿ-ի կողմից՝ ծրագրի գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ։

Դասընթացի նպատակն է մասնակիցներին փոխանցել աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշվելու և ներկայանալու հմտություններ, որոնք կնպաստեն անձի մրցունակության և աշխատունակության որակի բարձրացմանը:

Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները վերլուծական ինտերակտիվ մեթոդների միջոցով բացահայտեցին սեփական ուժեղ կողմերը և ձեռքբերումները՝ դրանց հիման վրա կառուցելով ինքնաներկայացման անհատական բանաձևեր: Աշխույժ քննարկումների, խմբային աշխատանքի արդյունքում վերհանվեցին աշխատաշուկայում հանդիպող հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ստեղծարար տարբերակներ առաջարկվեցին: Դասընթացի շրջանակում ներկայացվեցին նաև CV և ուղեկցող նամակ կազմելու արդի պահանջները, հաջողված աշխատանքային հարցազրույցի որոշիչ նախապայմանները։

Դասընթացը շարունակական է լինելու՝ տարվա ընթացքում կազմակերպվելով Հայաստանի բոլոր մարզերի տարբեր բնակավայրերում։

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից SIDA-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ:

Թվային մարքեթինգի դասընթաց «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» անդամների համար

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում «Թվային մարքեթինգ»թեմայով դասընթաց անցկացվեց «Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի» անդամ մի շարք ընկերությունների համար:

Տասնօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին կազմել զբոսաշրջային բիզնես ուղղվածությամբ մեդիա մարքեթինգի ռազմավարություն և չափել դրա արդյունավետությունը, բարելավել թվային գործիքների պրակտիկ կիրառման հմտությունները, կայքերը վարել առավել արդյունավետորեն, կիրառել SEO օպտիմալացման և վերլուծության գործիքներ:

«Դասընթացի արդյունքում մասնակիցներն ընդլայնեցին թվային մարքեթինգի ուղղությունների, հարթակների վերաբերյալ իրենց գիտելիքները, ունեցան քննարկումներ, փորձի փոխանակում, առաջադրեցին նոր գաղափարներ: Դասընթացի ամփոփիչ թեստավորման արդյունքում պարզ դարձավ, որ մասնակիցների առնվազն 90 տոկոսը գերազանց յուրացրել է նյութը և կարող է գիտելիքները կիրառել ի նպաստ ընկերության մարքեթինգի զարգացման: Բոլոր մասնակիցները նշել են, որ դասընթացն արդյունավետ էր թե՛ տեսական ու կիրառական գիտելիքների փոխանցման, թե՛ փորձի փոխանակման տեսանկյունից», – մեկնաբանեց դասընթացավար, DM Consulting ընկերության հիմնադիր-տնօրեն, թվային մարքեթինգի որակավորված մասնագետ Գայանե Դալլաքյանը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ծրագրերի ղեկավար Աշոտ Գասպարյանն էլ նշեց․ «Թվային մարքեթինգ դասընթացի մասնագետների պատրաստվածությունը, ինչպես նաև ուսումնական մեթոդաբանությունը արժանի է բարձր գնահատականի։ Դասընթացի բոլոր թեմաներն ակտուալ էին և բավարարում էին ներկայիս շուկայական պահանջներին: Վստահ եմ, որ տեսական և գործնական գիտելիքների այն բազան, որ ստացանք դասընթացի ընթացքում, կնպաստեն յուաքանչյուրիս կազմակերպության առաջխաղացմանը»:

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրն իրականացնում է ՌԶԳ ՀԿ-ը՝ Sida-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ:

Uncategorized

Վայոց Ձորում անցկացվեց «Արշավային տուրիզմ» չորսօրյա դասընթացը

2021 թվականի հունիսի 15-18-ը Վայոց Ձորի մարզում անցկացվեց «Արշավային տուրիզմ»  դասընթացը, որը մշակվել և կազմակերպվել է Հայ լեռնագնացների միություն հասարակական կազմակերպության կողմից «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ռազմավարական զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության կողմից SIDA-ի գործընկեր  HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ:

«Արշավային տուրիզմ»  դասընթացի մոդուլը համակցում է գործնական և տեսական մեթոդներ՝ երաշխավորելով մատուցվող նյութի արդյունավետ իրացումը։ Դասընթացի նպատակն է մասնակիցներին վերազինել կիրառելի գիտելիքներով՝ նպաստելով զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող մարզում ոլորտային կադրերի ինքնաբավությանը և  (ինքնա)զբաղվածության բարելավմանը։

Չորսօրյա դասընթացի արդյունքում մասնակիցները ծանոթացան արշավային տուրիզմի հիմնական միտումներին, մեծ տարածում ստացած հավելվածներին և անվտանգության բոլոր կանոններին, մշակեցին համապատասխան զբոսաշրջային փաթեթներ։ Դասընթացի վերջին օրը կազմակերպվեց արշավ դեպի Սպիտակավոր վանք։ Արշավի ընթացքում մասնակիցները գործնականորեն կիրառեցին ստացված գիտելիքները՝ խորապես ծանոթանալով արշավային խմբին առաջնորդելու, անվտանգ արշավ կազմակերպելու կանոններին։ Արշավի մասնակիցների ջանքերով վերականգնվեց նաև դեպի Սպիտակավոր տանող արահետի կամուրջներից մեկը։

Uncategorized

«Արոտավայրերի կառավարման պլանների մշակման/արդիականացման մեթոդաբանությունն ու գործառույթները» թեմայով դասընթաց

Հունիսի 10-ին ՀՀ Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում համայնքապետարանի աշխատակազմի համար իրականացվեց «Արոտավայրերի կառավարման պլանների մշակման/արդիականացման մեթոդաբանությունն ու գործառույթները» թեմայով դասընթաց ։

Դասընթացը կազմակերպվել է «Լոռու և Շիրակի մարզերում արոտների և խոտհարքների քարտեզների փորձարկման աշխատանքների և ակնկալվող արդյունքների ներկայացում» պիլոտային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԳՄՀԸ ԷԿՈՍԵՐՎ ծրագրի կողմից, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի համաֆինանսավորմամբ։

Դասընթացի նպատակն էր համալրել թիրախային համայնքի համայնքապետարանի աշխատակիցների գիտելիքներն այնպիսի թեմաներով, ինչպիսիք են՝

  • Արոտային կերի պահանջի և հաշվեկշռի կազմում:
  • Արոտավայրի թույլատրելի բեռնավածության՝ ԱԹԲ-ի, և  արոտային տարածքի պահանջի հաշվարկումն ըստ պայմանական խոշոր միավորի:
  • Արոտաշրջանառության նախագծի և արոտավայրերի հերթական արոտաբաժնային եղանակով օգտագործման կարգի ու ժամանակացույցի գրաֆիկի կազմում:
  • Հերթափոխ արոտաբաժնային կարգով արոտօգտագործման պլանների (կառավարման պլաններ) մշակում:

Դասընթացը եզրափակվեց թեմայի շուրջ քննարկմամբ: Մասնակիցները կարևորեցին նմանօրինակ դասընթացների դերը բնական ռեսուրսների օպտիմալ օգտագործման գործում:

«Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ամփոփիչ համաժողով

Ս.թ. հունիսի 10-11-ին տեղի ունեցավ «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ամփոփիչ համաժողովը։

Ծրագիրն իրականացվում է Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի (HAFL) հետ համատեղ՝ Շվեյցարիայի եկեղեցու օգնության (HEKS/EPER) կազմակերպության աջակցությամբ:

Համաժողովին անցանց ձևաչափով իրենց մասնակցությունն ունեցան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ), Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ծրագրում ընդգրկված և ՀՀ այլ գյուղատնտեսական ՄԿՈՒ հաստատությունների, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՀՀ Լոռու և Սյունիքի մարզերի գործատուների ներկայացուցիչներ: Համաժողովին առցանց հարթակով միացան նաև գործընկերներ HEKS/EPER  ու HAFL կազմակերպություններից, Շվեյցարիայի զարգացման գործակալությունից (SDC) և համագործակից այլ միջազգային կառույցներից:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ՝ Ժաննա Անդրեասյանը, HEKS/EPER կազմակերպության գլխամասային գրասենյակի Եվրոպայի / Ասիայի բաժնի վարիչ՝ Մարկ Զոսը, SDC համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ՝ Վերներ Թութը, ՌԶԳ ՀԿ նախագահ՝ Մկրտիչ Այվազյանը և ՄԿՈՒԶԱԿ տնօրեն՝ Տաթևիկ Գասպարյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ՝ Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց միջազգային և տեղական գործընկերներին՝ շեշտելով, որ ՀՀ տնտեսության համար գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացումն ունի ռազմավարական կարևորություն:

«Ձեռք բերված արդյունքներն ու գրանցված հաջողությունները ցույց են տալիս, որ ստեղծվել է կայուն գործընկերություն, որը մեզ հնարավորություն է տվել «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում մշակված կրթական չափորոշիչներն ու մոդուլները ներդնել նաև այլ ՄԿՈՒ հաստատություններում։ Ծրագրի շրջանակում ստեղծված ուսումնական ձեռնարկներն իրենց բնույթով եզակի են և համապատասխան մասնագիտությունների գծով ծրագրեր իրականացնող ՄԿՈՒ հաստատությունների սովորողների և դասավանդողների համար ունեն կարևոր նշանակություն։ Սա տարբեր ծրագրերի համատեղմամբ սիներգետիկ էֆեկտ ստանալու լավագույն օրինակներից մեկն է։» – նշեց նախարարի տեղակալը՝ ավելացնելով, որ «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը նաև նպաստել է ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ) մոդելի ներդրմանը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ այժմ քննարկվում է ԱՀՈՒ մոդելի ներդրման օրենսդրական փաթեթը։

Մկրտիչ Այվազյանը, ներկայացնելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության վերջին 4-5 տարիների գործունեությունը՝ ընդգծեց տարածքային համաչափ զարգացման կարևորությունը։

«Մեծ ուշադրություն է հատկացվել հեռավոր մարզերի զարգացման ծրագրերին, և այդ նպատակով աշխատանքներ են տարվել տարածքային կառավարման և կրթության ոլորտի կառավարման մարմինների հետ», – նշեց նա և հավելեց, որ այդ համատեքստում է իրականացվել նաև «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը։

Համաժողովի ընթացքում ծրագրում ընդգրկված գործընկերներ կազմակերպությունները ներկայացրին ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների ընթացքն, արդյունքները, ձեռքբերումները և ստացված փորձը՝ հաջորդող հարց ու պատասխաններով, պանելային քննարկումներով և խմբային աշխատանքներով: Համաժողովի առցանց մասնակիցները իրենց հերթին ներկայացրին Շվեյցարիայի դուալ ՄԿՈՒ և գյուղատնտեսության խորհրդատվական համակարգերը՝ որպես Հայաստանում նմանատիպ համակարգերի ստեղծման համար լավագույն փորձի օրինակ: Համաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև  ՀՀ ՄԿՈՒ համակարգում առկա խնդիրներին  ու մարտահրավերներին, ուժեղ և թույլ կողմերին և ՀՀ-ում դուալ ՄԿՈՒ համակարգ ներդնելու հեռանկարներին:

Սույն ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությամբ: