Uncategorized

Կայացավ Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան նվիրված խորհրդաժողով

2021թ. հունիսի 7-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» ֆինանսավորմամբ, կազմակերպվեց Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան նվիրված խորհրդաժողով:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2018թ. հունիսի 7-ը հռչակել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր: Այն ընդամենը երեք տարվա պատմություն ունի, սակայն արդեն գյուղատնտեսական հանրության շրջանում և սննդարդյունաբերության բնագավառում արմատավորվել է որպես մասնագիտական տոն:

Խորհրդաժողովի նպատակն էր սննդամթերքի անվտանգության երաշխավորման գործընթացում համադրել ջանքերը՝ բացահայտել ոլորտի հիմնախնդիրները, նոր առաջացող ռիսկերը և մշակել դրանց դեմ պայքարի մեխանիզմներ, ինչպես նաև հանրության համար հասանելի դարձնել սննդամթերքի անվտանգության կարևորությունը մարդու առողջության պահպանման և պարենային ապահովության երաշխավորման գործում:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Արդյունաբերական զարգացման կազմակերպության, Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Դաշնության առևտրային պալատի, ՀՀ բարձրագույն կրթական, գիտական և լաբորատոր ոլորտների, հասարակական կազմակերպությունների, և, իհարկե, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ողջունեցին և շնորհավորեցին մասնակիցներին՝ կարևորելով անվտանգ սննդամթերք ընտրելու և օգտագործելու սկզբունքները, ինչպես նաև պարենային ապահովության առաջնահերթությունը։

Խորհրդաժողովի մասնակից-մասնագետները ներկայացրեցին սննդամթերքի անվտանգության ոլորտում տեղական և միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող նախագծերն ու ծրագրերը՝ կարևորելով սննդամթերքի անվտանգության դերը հանրային առողջապահության ոլորտում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն այցելեցին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ

2021թ. մայիսի 31-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն այցելեցին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից  իրականացված «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շահառու ուսանողների հետ հանդիպելու, ծրագրի շրջանակներում վերջիններիս գրանցած ձեռքբերումներին  ծանոթանալու, «Անասնաբուժություն» ու «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունների գծով աշխատանքի առկա և հետագա հեռանկարները, աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի առավելություններն ու թերությունները քննարկելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց «Անասնաբուժություն» ու «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունների կրթական ծրագրերում առկա բացերին, քոլեջում ուսումնառության ու պրակտիկայի կազմակերպման համար անհրաժեշտ նյութատեխնիկական պայմանների բացակայության խնդրին և քննարկվեցին թվարկված խնդիրների հնարավոր լուծման տարբերակները:

Ուսանողները դեսպանին ներկայացրին իրենց ուսումնասիրության՝ հատկապես գործնական պարապունքների արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները, խոսեցին ոլորտում իրենց պլանների և տեսլականի մասին, հնչեցրին իրենց հուզող հարցերը, ինչպես նաև ընդգծեցին նմանատիպ ծրագրերի կարևորությունը ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների տեսանկյունից և շնորհակալություն հայտնեցին դեսպանին այցի համար:

«Դաշտային ախտորոշաբանություն և արագ արձագանքման բուժման սխեմաներ» թեմայով անասնաբույժների վերապատրաստման դասընթաց

Սույն թվականի մայիսի 26-27-ը և մայիսի 31-ից հունիսի 1-ը Ջերմուկ քաղաքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ – հյուսիս» և «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրերի շրջանակներում, որոնք ֆինանսավորվում են Ավստրիայի զարգացման գործակալության Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավորի և Շվեյցարիայի զարգազման և համագործակցության գործակալության կողմից, տեղի ունեցավ «Դաշտային ախտորոշաբանություն և արագ արձագանքման բուժման սխեմաներ» թեմայով անասնաբույժների վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեցին ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 68 անասնաբույժ:

Դասընթացի շրջանակներում անդրադարձ է կատարվել դաշտային պայմաններում առավել հաճախ արձանագրվող գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների ախտորոշմանը վերաբերող առանցքային այնպիսի թեմաներին ինչպիսիք են՝

  • Դաշտային ախտորոշաբանության և արագ արձագանքման բուժման սխեմանների նրբություններն ու առանձնահատկությունները
  • Դաշտային պայմաններում առավել հաճախ հանդիպող հիվանդությունների ախտորոշումը, դեղորայքի նվազագույն օգտագործման պայմաններում բուժումը և կանխարգելումը

Ինտերակտիվ ձևաչափով անցկացվող դասընթացի մասնակիցների կողմից հնչեցրած մոտեցումները վերլուծելուց հետո առավել ակտիվ, լավագույն ախտորոշում և բուժման սխեմաներ առաջարկած անասնաբույժները ստացել են խրախուսական մրցանակներ:

Uncategorized

Կայացավ «Արոտավայրերի էկո-տնտեսական նշանակությունն ու կառավարման առանձնահատկությունները» թեմայով սեմինար

2021թ. մայիսի 27-ին Լոռու մարզի Գյուլագարակի համայնքապետարանում «Լոռու և Շիրակի մարզերում արոտների և խոտհարքների քարտեզների փորձարկման աշխատանքների և ակնկալվող արդյունքների ներկայացում» պիլոտային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Արոտավայրերի էկո-տնտեսական նշանակությունն ու կառավարման առանձնահատկությունները» թեմայով սեմինար:

Ծրագիրը ֆինանսավորվում է ԳՄՀԸ ԷԿՈՍԵՐՎ ծրագրի կողմից, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի համաֆինանսավորմամբ։

Սեմինարին մասնակցեցին համայնքի ֆերմերները, որի ընթացքում անդրադարձան այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝

  • Արոտավայրը որպես բնական ռեսուրս, կերարտադրության միջոց
  • Արոտավայրերում դեգրադացիան՝ որպես բնապահպանական խնդիր, ձևավորման պատճառներն ու դրսևորման եղանակները
  • Արոտային էկոհամակարգերի պահպանության հիմնախնդիրները
  • Արոտավայրերի արդյունավետ և կայուն օգտագործման` կառավարման գործառույթները

«Մասնագիտությունների օր» ամենամյա միջոցառում

2021թ. մայիսի 11-ին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ «Մասնագիտությունների օր» ամենամյա միջոցառումը, որը կազմակերպվել էր «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակականկազմակերպության կողմից Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի (HAFL) հետ համատեղ, HEKS/EPER կազմակերպության աջակցությամբ:

Միջոցառումը նպատակաուղղված էր Գորիս և Սիսիան համայնքների դպրոցների աշակերտներին ներկայացնելու «Անասնաբուժություն» ու «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունները, վերջիններիս ուսումնառության համար առկա պայմանները, հետագա հեռանկարներն ու հնարավորությունները:

Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան Գորիս և Սիսիան համայնքների դպրոցների գրեթե 120 աշակերտ և ավելի քան տասը ուսուցիչ:

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ` Իրինա Յոլյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար` Լիլիթ Հովհաննիսյանը, Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն` Նունե Ավետիսյանը, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրեն` Տիգրան Վանդունցը և Զբաղվածության պետական գործակալության Գորիսի տարածքային կենտրոնի տնօրեն` Նաիրա Մկրտչյանը:

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան տարբեր խմբերով ծանոթանալու «Անասնաբուժություն» ու «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունների բնույթի, դասավանդման մեթոդների, աշխատաշուկայում առկա և հետագա հնարավորությունների, կրթաթոշակների, կամավորության և վերապատրասման հնարավորությունների հետ՝ ներկայացված քոլեջի դասախոսների, տեղի գործատուների, քոլեջում ուսումնառող և ավարտած ուսանողների, հրավիրված մասնագետների կողմից:

Միջոցառման իրականացման գործնական հատվածում աշակերտները և ուսուցիչները ծանոթացան «Կաթի վերամշակման» լաբորատորիայում առկա տարբեր սարքավորումներին, հրահանգողների ուղղորդմամբ կատարեցին որոշակի փորձեր, ականատես եղան քոլեջի ուսանողների պրակտիկ ուսումնառության գործընթացին: Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում անցկացվեցուսանողների կողմից պատրաստված պանրի և կաթնամթերքի ցուցահանդես և համտես:

«Անասնաբուժության» լաբորատորիայում աշակերտներին ներկայացվեցին գործնական պարապունքների ընթացքում կիրառվող տարբեր գործիքներ և հնարավորություն ունեցան դիտելու Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների գործնական ուսուցման գործընթացը լուսաբանող տեսաֆիլմ: Միջոցառման մասնակիցների մի մասը այցելեց Սյունիքի անասնաշուկա, որտեղ նրանց ներկայացվեց գործնական աշխատանքները իրականացնելու պայմաններն ու հնարավորությունները: