HomePageARM, NEWSARM

Կաթի վերամշակման արտադրամասի գործարկում և թրեյնինգ Աճանանում

2021թ-ի օգոստոսի 9-12 ընկած ժամանակահատվածում «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող “Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում’’ ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր կաթի վերամշակման գործնական դասընթաց Սյունիքի մարզի Աճանան գյուղական բնակավայրի նոր արտադրամասում:

Դասընթացին զուգահեռ իրականացվել է արտադրամասի սարքավորումների դասավորվածության  որոշում և փորձարկում: Դասընթացի ընթացքում արտադրամասի աշխատակիցները սովորեցին կիրառել լաբորատոր և արտադրական սարքավորումները, ծանոթացան դրանց պահպանման և խնամքի ձևերին:  Լաբորատոր սարքավորումների փորձնական կիրառմանը զուգահեռ Ծրագրի տեխնոլոգ-խորհրդատուն աշխատակիցներին ներկայացրեց լաբորատոր վերլուծությունների տեսակները, դրանց կիրառման մոտեցումները և կարևորությունը որակյալ և կայուն արտադրանքի ստացման գործում: Արտադրամասի գործարկման նպատակով կազմակերպված թրեյնինգի ընթացքում կայացավ արտադրամասի առաջին փորձնական արտադրությունը՝ լոռի պանրի արտադրության տեսքով:

Արտադրամասի հիմնմանը զուգահեռ Ծրագրի աջակցությամբ իրականացվել է նաև թողարկվելիք արտադրանքի բրենդի ստեղծում՝ Աճանան կաթ անվանմամբ: Աճանանի նորաստեղծ արտադրամասն առաջին արտադրանքը նախատեսում է շուկային ներկայացնել 2021թ-ի ձմռանը՝ արտադրության փորձնական փուլի բարեհաջող ավարտից հետո: