HomePageARM, NEWSARM

Ավարտվեց ՀՀ Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում իրականացվող «Արոտի կայուն կառավարման առավելությունները» իրազեկման արշավը

Օգոստոսի 16-ին ավարտվեց 2021 թվականի մարտի 24-ին ՀՀ Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 25 խոշորացված համայնքների կողմից մեկնարկած արոտի կայուն կառավարման առավելությունների վերաբերյալ «Պահպանենք մեր արոտը՝ ապահովենք մեր երեխաների ապագան» կարգախոսով իրազեկման արշավը: Իրազեկման արշավն իրականացվել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» և «Ավստրիական զարգացման գործակալության»  ֆինանսավորմամբ: Նոր կորոնովիրուսային վարակի տարածման պատճառով իրազեկման արշավը հիմնականում անցկացվել է առցանց սոցիալական հարթակների և լրատվական միջոցների օգնությամբ:

Արշավի նպատակն էր բնակչության շրջանում ձևավորել և ամրապնդել բնական ռեսուրսների, մասնավորապես՝ արոտի ողջամիտ ու անվտանգ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության մշակույթ:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ծրագրային թիմը տեխնիկական աջակցություն է տրամադրել Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 25 խոշորացված համայնքների համապատասխան աշխատակազմին` արշավի շրջանակներում տեքստային և վիզուալ տեղեկատվական նյութեր և հաղորդագրություններ մշակելու գործում: Երեք ամիսների ընթացքում 2 տեսագրություն, 36 տեքստային հաղորդագրություն է մշակվել և հրապարակվել համայնքապետարանների ֆեյսբուքյան էջերում կամ կայք էջերում:

Արշավի ընթացքում Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 5 խոշորացված համայնքների երեխաների համար կազմակերպվեց նկարչական մրցույթ  «Իմ արոտը» խորագրով, որը նպատակ ուներ բարձրացնել նրանց հետաքրքրվածությունն ու գիտելիքների մակարդակն արոտների պահպանման կարևորության վերաբերյալ, ինչպես նաև սերմանել պատասխանատվության զգացում շրջակա միջավայրի հանդեպ: Մրցույթի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց նկարած նկարները, որոնք արտահայտում էին երեխաների պատկերացումները արոտների վերաբերյալ: Արդյունքները ամփոփելուց հետո ընտրվեցին հաղթողները, ովքեր արժանացան պատվոգրերի և նվերների: Մյուս մասնակիցներին էլ տրվեցին խրախուսական պատվոգրեր և մասնակցությունը քաջալերող նվերներ:

Սոցիալական մեդիա հարթակների օգտատեր չհանդիսացող բնակչության իրազեկման համար ևս մշակվել և տարածվել են տեղեկատվական բուկլետներ երկու թեմաներով. «Արոտավայրերի կայուն կառավարման առավելությունները» և «Կերային մշակաբույսերի արտադրություն կլիմայի փոփոխության պայմաններում»: