Uncategorized

Մեկնարկել է «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացման ՄԱՎԵՏԱ» կրթական երկարաժամկետ ծրագիրը

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության և ուսուցման արդիականացում 2022 2025 թթ.՝ ՄԱՎԵՏԱ» երկարաժամկետ զարգացման նախագծի մեկնարկի միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանում Շվեյցարական համագործակցության  գրասենյակը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նախագիծը համաֆինանսավորող և իրականացնող գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ:

Ժաննա Անդրեասյանն ողջունեց ծրագրի հիմնական փուլի մեկնարկի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց ծրագրի բոլոր գործընկերներին և վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ և Էկոնոմիկայի նախարարությունների, կցուցաբերի ինստիտուցիոնալ անհրաժեշտ աջակցություն ծրագրի սահուն իրականացման համար:

Միջոցառման ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Գերմանիայի զարգացման գործակալության (GIZ) ներկայացուցիչները ներկայացրեցին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» ծրագրի մանրամասները:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է, որ գործնական ուսուցումն ընկերություններում և ֆերմերային տնտեսություններում պետք է համակցվի ՄԿՈՒ հաստատությունների տված ժամանակակից գիտելիքների հետ: Ընտրված մասնագիտությունները ներառում են՝ անասնաբուժությունը, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան, ֆերմերային գործը, գյուղատնտեսական մեքենաները, կաթնաֆերմայի կառավարումը, պտղատու այգիների այգեգործությունը/ընկույզի և մրգերի մշակումը։

Նախագծի շրջանակում դուալ կրթության այս մոտեցումը կամրագրվի ինստիտուցիոնալ մակարդակում. քաղաքականությունները կդառնան ավելի համահունչ, իսկ կրթական հաստատությունների և պետական ու մասնավոր հատվածի միջև համագործակցությունը՝ առավել արդյունավետ: Նախագծում ներառված են Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջը, Բերդի բազմագործառութային քոլեջը, Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանը, ՀԱԱՀ-ի Երևանի և Սիսիանի մասնաճյուղերի միջին մասնագիտական կրթական ծրագրերը։

Նախագիծը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ամփոփվել է 2022 թվականի օգոստոսին: Այնուհետև մեկնարկել է իրականացման 1-ին հիմնական փուլը, որը կտևի մինչև 2025 թվականի օգոստոսը՝ 8,3 մլն շվեյցարական ֆրանկ ընդհանուր բյուջեով: Արդեն հաստատվել է նաև 2-րդ հիմնական փուլը՝ 2026-2030 թվականների համար։

ՄԱՎԵՏԱ նախագիծը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ՝ ներառյալ ՀՀ կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), «Շվեյցարիայի եկեղեցու օգնություն» (HEKS/EPER) ՀԿ-ն, «Իզմիրլյան հիմնադրամը», «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Նախագիծն իրականացնող գործընկերներն են՝ Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և «Շվեյցարիայի եկեղեցու օգնություն« (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Uncategorized

Երկօրյա սեմինար զբոսաշրջային կոնցեպտուալ արդյունքի մշակման վերաբերյալ

Սույն թվականի օգոստոսի 25-26-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ, գործընկեր կառույցի՝ «Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության» կողմից կազմակերպվեց երկօրյա առցանց սեմինար։

Սեմինարը ներառում էր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ զբոսաշրջային ու ռեկրեացիոն կլաստերների և զբոսաշրջային կոնցեպտուալ արդյունքի մշակում, արդյունաբերական զբոսաշրջության առաջարկի ձևավորում ներքին և ներգնա զբոսաշրջության համար։

«Ռազմավարական նախաձեռնությունների գործակալություն»-ը ունի բազմամյա փորձ՝ Ռուսաստանի Դաշնության ռեգիոնների համար զբոսաշրջային ուղղություններ մշակելու և ռազմավարական զարգացման ծրագրեր իրականացնելու։

Երկօրյա սեմինարի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին «Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության» կողմից իրականացված հաջողված ծրագրերը և համագործակցության հնարավորորությունները։

Աշխատանքային քննարկում Սիսիան, Գորայք, Գորիս և Տեղ խոշորացված համայնքների ներկայացուցիչների հետ

Սույն թվականի օգոստոսի 1-ից 3-ը տեղի ունեցան աշխատանքային հանդիպում-քննարկումներ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի ղեկավար՝ Վահե Հովհաննիսյանի և Սիսիան, Գորայք, Գորիս և Տեղ խոշորացված համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում ծրագրի ղեկավարի կողմից ներկայացվեցին «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողմից «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում նախատեսված գործողությունները, քննարկվեց համայնքների հետ համագործակցության ձևաչափը և համայնքներում նախատեսված կոնկրետ միջամտությունները։

Հանդիպման ընթացքում համայնքների ներկայացուցիչներն ողջունեցին իրենց համայնքում ծրագիր իրականացնելու նախաձեռնությունը և կարևորեցին կազմակերպության կողմից իրենց համայնքներում  նախորդ ծրագրերով կատարված և այս նոր ծրագրով նախատեսվող աշխատանքները։

Uncategorized

Երկօրյա աշխատանքային քննարկում

Մենք կարևորում ենք մեր գործընկեր կառույցների կարողությունների բարելավումը, որն իր հերթին նպաստում է համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ -ի կողմից իրականացվող Reconomy-ի  «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում գործընկեր Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) համար կազմակերպվեց երկօրյա աշխատարան – քննարկում։

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, պետի տեղակալները, Զբաղվածության ապահովման ու աշխատանքային ներուժի զարգացման վարչության պատասխանատու ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանի ու մարզերի տարածքային կենտրոնների տնօրենները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածքային կենտրոններում առկա զբաղվածության ոլորտի հիմնախնդիրները, գործատուների հետ համագործակցության ընթացքում առաջացող հիմնական դժվարությունները և վերջիններիս հետ արդյունավետ համագործակցություն հաստատելու ուղիները։

Հանդիպումը կարևոր էր նաև այն առումով, որ բացի զբաղվածության ոլորտի խնդիրներից, քննարկվեցին նաև ՄՍԾ գործունեության այլ ոլորտներում առկա ինստիտուցիոնալ խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները։

Reconomy-ն Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում գործող այլ կազմակերպությունների հետ:

Uncategorized

Փորձի փոխանակման այց Վրաստան

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ծրագրային թիմը, ինչպես նաև ներկայացուցիչներ գործընկեր Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանից, Հայաստանի Պանրագործների միությունից և Հայկական Տուրիզմի Ֆեդերացիայից՝ հուլիսի 26-29 գտնվում էին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ փորձի փոխանակման այցով։

Այցի նպատակն էր հանդիպել համապատասխան ոլորտների մի շարք կազմակերպությունների և ասոցիացիաների ներկայացուցիչների հետ՝ փորձի փոխանակման և հետագա համագործակցության, ինչպես նաև համատեղ ծրագրեր/նախաձեռնություններ իրականացնելու համար: Փոխանակման այցն իրականացվել է RECONOMY «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում:

Այցի մասնակիցները այցելեցին մի շարք պետական և մասնավոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Վրաստանի Ագրարային Համալսարանը, Վրաստանի Պանրի Ասոցիացիա, Վրաստանի Ֆերմերների Միություն, «Ձեռնարկություն Վրաստան», Սննդի ազգային գործակալություն, Պետական գյուղատնտեսական լաբորատորիա, Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչություն, Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիա, «Ագրոհաբ» կաթի վերամշակման արտադրամաս, Վրաստանի «Կարիերայի կողմնորոշում» ՀԿ, ինչպես նաև հանդիպեցին Վրաստանում հեղինակություն վայելող, անհատ շեֆ-խոհարարների հետ։

Reconomy-ն Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ համագործակցելով  «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում գործող այլ կազմակերպությունների հետ: