Uncategorized

Կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 11-րդ աշխատաժողովը

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մարտի 25-ին Երևանում կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 11-րդ աշխատաժողովը, որին մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզպետարանների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը նշեց, որ կառույցը կարևոր օղակ է հանդիսանում արոտների կայուն կառավարման ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների միջև՝ ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման և դրանց լուծման ուղիների քննարկման համար։

Իր խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը ընդգծեց, որ ՀՀ կերհանդակները՝ արոտավայրերն ու խոտհարքները, զբաղեցնում են ավելի քան մեկ մլն հա տարածք և այս ուղղությամբ տարվող աշխատանքները խրախուսվում են Կառավարության և էկոնոմիկայի նախարարության կողմից։ Նախարարի տեղակալը նաև անդրադարձավ բնական կերհանդակների համաշխարհային փորձի ուսումնասիրման և Հայաստանում առավել հաջողվածների կիրառման հնարավորություններին, արոտների և խոտհարքների կայուն կառավարման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորմանը։

Անասնապահության զարգացման, արոտների կայուն կառավարման և բարելավման ուղղությամբ ՌԶԳ ՀԿ-ի կողմից իրականացված և ընթացիկ գործողությունների մասին ներկայացրեց «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը։

ՌԶԳ տարբեր ծրագրերով արդեն իսկ 189 գյուղական բնակավայրեր   կիրառում են արոտավայրերի կառավարման արդյունավետ մոտեցումներ, կառուցվել է  221 ջրախմոց և 70 մակատեղի ԽԵԿ-երի համար, վերականգնվել է 216.5 հա գերարածեցված (դեգրադացված) արոտավայր, ինչպես նաև դիվերսիկացվել են ֆերմերների կողմից մշակվող կերային մշակաբույսերը (առվույտ, կորնգան, եգիպտացորեն, կերի ճակնդեղ և այլն)։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին արոտների կայուն կառավարման և բարելավման ուղղությամբ հարթակի մյուս անդամ-կառույցների կողմից իրականացվող ծրագրերը։

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ Բնության Համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի՝ (WWF Հայաստան) Հարթակին անդամակցելու հուշագրի ստորագրումը։

Ստեղծման պահից (2018 թվականից ի վեր)՝ Հարթակն ընդլայնել է իր կազմը՝ ընդգրկելով ավելի քան 20 կազմակերպությունների, տեղական և միջազգային կառույցների, ծրագրերի և պետական կառավարման մարմինների:

Uncategorized

IADAAM Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության հայեցակարգի քննարկում՝ հանդիպում Վեդի համայնքում

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի գյուղաջակցության խորհրդատվական ծառայության ազգային փորձագետ Պարույր Ասատրյանը հանդիպել է Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ՝ քննարկելու Արարատի և Արմավիրի մարզերում գյուղաջակցության խորհրդատվական համակարգի ստեղծման ռազմավարական հայեցակարգը։

Այս երկխոսությունը կարևոր դերակատարություն ունի տեղական իշխանությունների ներգրավման գործում՝ ապահովելու գյուղաջակցության խորհրդատվական ծառայությունների արդյունավետ աշխատանքը համայնքային մակարդակում: Տեղական շահագրգիռ կողմերի հետ համագործակցության ամրապնդումն էական նշանակություն ունի գիտելիքների և փորձի փոխանցման գործընթացի բարելավման, ֆերմերների աջակցության ծառայությունների բարեփոխման և ագրոպարենային արժեշղթայի լավարկման համար:

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

«Հաճախորդների սպասարկում» թեմայով դասընթաց՝ ԼԻԼԱ ծրագրի շահառուների համար

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում մարտի 19-ին Երևանում անցկացվեց «Հաճախորդների սպասարկում» թեմայով դասընթաց՝ ծրագրի շահառու հյուրանոցային և հյուրատնային բիզնեսների ներկայացուցիչների համար։

Դասընթացը վարեց «Անի Գրանդ» հյուրանոցի գլխավոր կառավարիչ Մկրտիչ Գրիգորյանը։ Նա մասնակիցներին ներկայացրեց հյուրանոցային (հյուրատնային)  ծառայությունների նվազագույն պահանջները, ծառայությունների պատշաճ մատուցման ապահովման և կառավարման համակարգային մոտեցումները, ընդունարանի գործունեության կառավարման և վերահսկման մեխանիզմները, ինչպես նաև  հյուրընկալության էթիկայի առանձնահատկությունները և պատշաճ սանիտարահիգենիկ պայմանների ապահովման կարևորությունը։

Մասնակիցները հետաքրքրվեցին և հարցեր բարձրացրեցին սննդի և խմիչքի բաժնի գործունեության վերահսկման, խնդրահարույց իրավիճակների կառավարման, իրենց ծառայությունների ու ապրանքների գրագետ վաճառքի ապահովման վերաբերյալ։

 

Օրվա երկրորդ կեսին դասընթացի մասնակիցները շրջայց կատարեցին հյուրանոցում, ծանոթացան հյուրանոցի բաժիններին, կառավարմանը, սանիտարահիգիենիկ մաքրող միջոցների օգտագործման և որակյալ սպասարկման նրբություններին։   

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

Uncategorized

Վայրի հավաքի ճիշտ իրականացման վերաբերյալ դասընթաց՝ ԼԻԼԱ ծրագրի գործընկերների համար

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար»  (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում մարտի 18-ին Ձորաղբյուրում տեղի անցկացվեց «Բարձրարժեք խոտաբույսերի և վայրի օգտակար բույսերի մշակությունը, վերամշակումը, բերքահավաքը և շուկայի ձևավորումը» թեմայով վերապատրաստման  դասընթաց, որին մասնակցեցին վայրի հավաքով ու օգտակար բույսերի վերամշակմամբ զբաղվող գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները։

Դասընթացը վարեց «Ուսուցման կանաչ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նունե Սարուխանյանը։

Տեսական ու գործնական վարժությունների միջոցով մասնակիցները ծանոթացան խոտաբույսերի օգտագործման առանձնահատկություններին, վայրի օգտակար բույսերի հավաքման տեխնիկային, վերամշակման տեխնոլոգիաներին, հետբերքահավաքային գործընթացների կազմակերպման, դրանց պահպանման, փաթեթավորման, ինչպես նաև շուկայի ձևավորման և գովազդային  արշավների նրբություններին։

 ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

Uncategorized

IADAAM Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության զարգացման նոր տեսլական

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը շարունակում է աշխատել գյուղատնտեսության ընդլայնման համակարգի արդիականացման ուղղությամբ՝ կամրջելով հետազոտությունների, տեխնոլոգիաների և ֆերմերների միջև անջրպետը և խթանելով Հայաստանում ավելի դիմակայուն և մրցունակ գյուղատնտեսության ձևավորմանը:

Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության ազգային փորձագետ Պարույր Ասատրյանը ներկայացրեց Արարատի և Արմավիրի մարզերում գյուղաջակցության խորհրդատվական համակարգի ստեղծման հայեցակարգ։ Այն ներկայացվեց IADAAM գյուղաջակցության խորհրդատվական ծառայության թիմին՝ համակարգողներին և խորհրդատուներին՝ ուրվագծելով գյուղաջակցության ծառայության կառուցման հիմնական ռազմավարական սկզբունքները՝ ապահովելով, որ ֆերմերները ստանան նորարարական, պահանջարկի ու գիտության վրա հիմնված, դեպքին և շրջակա միջավայրին հարմարեցված գյուղատնտեսական աջակցություն:

Հաջորդիվ IADAAM ծրագիրը կսկսի թիրախային մարզերի համայնքապետարաններին ներկայացնել գյուղաջակցության խորհրդատվական կայուն համակարգի ստեղծման հայեցակարգը՝ ներգրավելով տեղական իշխանություններին քննարկումներում՝ ապահովելու արդյունավետ իրականացումը համայնքային մակարդակում:

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։