Uncategorized

ԼԻԼԱ «Տուրիզմի հիմունքներ» թեմայով երկամսյա դասընթացի մասնակից արցախցիները ստացան հավաստագրեր

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Գոշ համայնքում տեղի ունեցավ «Տուրիզմի հիմունքներ» թեմայով կազմակերպված երկամսյա վերապատրաստման դասընթացի ամփոփիչ հանդիպումը և հավաստագրերի հանձնման արարողությունը։

Դասընթացը կազմակերպվել էր մի խումբ արցախցիների համար՝ նրանց կարողությունների զարգացման և հայաստանյան ներգնա ու ներքին զբոսաշրջության ոլորտում ընդգրկվելու նպատակով։ Այն անց է կացրել «Ուան ուեյ գրուպ» ՍՊԸ-ն։

Ծրագրի գործընկեր «Մեր լեռները» սպորտային ճամբարի հիմնադիր Էդգար Նավասարդյանը դասընթացի մասնակիցներին ծանոթացրեց արկածային զբոսաշրջության հիմունքներին, քայլարշավների, արշավների ու լեռնագնացության տարբերություններին, դրանց կազմակերպման նրբություններին, ինչպես նաև անվտանգության ապահովման կանոններին։

ԼԻԼԱ ծրագրի զբոսաշրջության պատասխանատու Լիլյա Թորոսյանը հանձնեց հավաստագրերը և պրոֆեսիոնալ քայլարշավային պարագաների լրակազմեր՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ։

Այնուհետև խումբը մշակութային շրջայց ունեցավ Գոշավանքում։ Գոշում մասնակիցները ծանոթացան նաև ծրագրի մյուս գործընկեր «Արևի Գոշ» հյուրանոցին և հյուրընկալության առանձնահատկություններին։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

Uncategorized

«Գյուղատնտեսություն՝ բոլորի համար»․ ՄԱՎԵՏԱ-ի աշխատանքի տոնավաճառը Երևանում

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ համագործակցելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հետ, մայիսի 27-ին Երևանում կազմակերպեց աշխատանքի տոնավաճառ։

«Գյուղատնտեսություն՝ բոլորի համար» խորագրով անցկացվող աշխատանքի տոնավաճառին մասնակցեցին և ողջույնի խոսքեր հղեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչության պետ Էդգար Հակոբյանը, ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, ծրագրի գործընկեր ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը։

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը իր խոսքում կարևորեց գյուղատնտեսական մասնագիտությունների նկատմամբ աճող հետաքրքրությունը և ոլորտի պահանջարկին արձագանքող կրթական ծրագրերի անհրաժեշտությունը: Նախարարի տեղակալը ընդգծեց, որ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքի վրա հիմնված կրթական մոդելը զգալիորեն բարձրացնում է ուսանողների գործնական պատրաստվածությունը, իսկ գործատուների հետ համագործակցությունը մասնագիտական կրթության հաջողության առանցքային պայմանն է։

Ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով միջոցառումն ունի սոցիալական ընդգրկունության կարևոր շեշտադրում՝ նպատակ ունենալով հատկապես կանանց և խոցելի խմբերի համար ստեղծել հավասար հնարավորություններ աշխատաշուկայում ներգրավվելու, ինչպես նաև նպաստելու ավելի բազմազան և ներառական աշխատատեղերի ստեղծմանը։

Առանձին տաղավարներով ներկայացված էին Երևանի և Արմավիրի մարզում գյուղատնտեսության ու ագրոբիզնեսի ոլորտում գործող 20-ից ավելի գործատուներ՝ թափուր աշխատատեղերի առաջարկով։

ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը՝  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ և Էջմիածնի պետական արհեստագործական ուսումնարանը ներկայացրեցին գյուղատնտեսության ոլորտում պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկերը՝ շեշտադրելով դուալ կրթական ուսուցման առավելությունները։

Աշխատանք փնտրող երիտասարդների ու ուսանողների համար ացկացվեց «Ապագա աշխատատեղեր. փափուկ և մասնագիտական հմտությունների դասակարգում» թեմայով սեմինար։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։

Uncategorized

IADAAM թիմի այցը «Արագածոտն» ջրօգտագործողների ընկերություն

IADAAM» ծրագրի թիմը՝ թիմի ղեկավար Ստեֆան Ռոզնոուի, ֆինանսական փորձագետ Սամվել Բարեյանի և ֆոնդերի փորձագետ Դոնալդ Աքվիլինայի գլխավորությամբ, այցելել է «Արագածոտն» ջրօգտագործողների ընկերություն (ՋՕԸ):

Այցի նպատակն էր քննարկել Բաղրամյանի և Նորակերտի տարածքներում նախկինում կառուցված ոռոգման ցանցի ներկա վիճակը, ինչպես նաև՝

🔹 գնահատել ոռոգման ենթակառուցվածքների ներկայիս վիճակը,

🔹 բացահայտել ոռոգման համակարգն օգտագործելիս ֆերմերների առջև ծառացած մարտահրավերները,

🔹 տեղեկատվություն ստանալ ՋՕԸ-ի կողմից ոռոգման ցանցի կառավարման և շահագործման գործընթացում առաջացող հիմնական խոչընդոտների ու սահմանափակումների մասին,

🔹 ուսումնասիրել ՋՕԸ-ի ծրագրերը՝ ցանցը լիովին գործարկելու համար,

🔹 վերլուծել IADAAM ծրագրի կողմից ոռոգման ծառայությունների վերականգնմանն ու օպտիմալացմանն աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները։

Այս համագործակցությունը կարևոր քայլ է՝ ապահովելու ֆերմերների համար ջրի կայուն հասանելիության ապահովմանը և տարածաշրջանում գյուղատնտեսական արտադրողականության բարձրացմանը։ IADAAM ծրագիրը շարունակելու է իր սերտ համագործակցությունը տեղական գործընկերների հետ՝ նպատակադրվելով մշակել  կայուն և արդյունավետ լուծումներ առկա մարտահրավերներին պատասխանելու համար։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

Uncategorized

RECONOMY Ներկայացվեց Ֆաբ Լաբ Գյումրիի զարգացման բիզնես ռազմավարությունը

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակում մայիսի 23-ին ծրագրի շահառու Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ Ֆաբ Լաբ Գյումրիի զարգացման բիզնես ռազմավարության ներկայացումը։

Բիզնես խորհրդատու Տաթև Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչպես է նախատեսվում զարգացնել Ֆաբ Լաբ Գյումրին՝ որպես ժամանակակից թվային արտադրության կենտրոն՝ ուղղված մասնավորապես թեթև արդյունաբերության ոլորտի խթանմանը։ Ռազմավարությունը շեշտադրում է նորարարական տեխնոլոգիաների և ձեռնարկատիրական մտածելակերպի համադրման կարևորությունը, ինչպես նաև համագործակցությունն ուսումնական հաստատությունների, բիզնես ոլորտի և համայնքի միջև։ Ֆաբ Լաբ Գյումրին Հայաստանում կունենա ուսումնական լաբորատորիան՝ որպես  բիզնես նախագիծ ծառայեցնելու առաջին փորձը։

Այս նախաձեռնությունը նաև հնարավորություն է տալիս ուսանողներին և սկսնակ ստեղծագործողներին կիրառել իրենց հմտություններն ու գիտելիքները գործնական դաշտում՝ համադրելով արվեստը, դիզայնը և ժամանակակից տեխնոլոգիաները։

Միջոցառմանը մասնակցեցին «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Վահագն Ղուկասյանը,  Ֆաբ Լաբ Հայաստան կրթական հիմնադրամի տնօրեն Ժակլին Կարաասլանյանը, ակադեմիայի դասախոսներ և ուսանողներ։

Հանդիպմանը քննարկվեցին նաև ծրագրի շրջանակում նախատեսված հետագա անելիքները։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

LILA Մեդիա շրջայց Հայաստանի հյուսիսում

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում մայիսի 21-22-ը Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվեց երկօրյա մեդիա շրջայց՝ Տավուշի և Լոռու մարզերում։

Մեդիա շրջայցի մասնակիցներն այցելեցին ծրագրի երկու բաղադրիչներով շահառուներին, ծանոթացան ծրագրային միջամտություններին ու արդյունքներին։

ԼԻԼԱ ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը ներկայացրեց կայուն և ներառական տուրիզմի զարգացման, տեղական բիզնեսների կենսապայմանների և ենթակառուցվածքների բերելավման, ինչպես նաև տուրիզմի և հյուրընկալության ոլորտի աշխատակիցների հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված քայլերը։

Մեդիա շրջայցի մասնակիցները Հայաստանի հյուսիսում այցելեցին ԼԻԼԱ ծրագրի շահառուներ «Բերկրի», «Չամիչ», «Արևի Գոշ», «Վաու գլեմփինգ» հյուրատներ և «Լոռենի» թեյարան։

ԼԻԼԱ ծրագրի համակարգող Նաիրե Երիցյանը ներկայացրեց ծրագրի բնապահպանական բաղադրիչով իրականացված աշխատանքները, այդ թվում՝ բնական պաշարների  կայուն օգտագործման, կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության բարձրացման ուղղությամբ։

Լրատվամիջոցների ներկայացուցիչները մայիսի 22-ին Եղեգնուտում մասնակցեցին WWF-Հայաստանի կողմից ազնվացեղ եղջերուների բացթողնման պաշտոնական արարողությանը։

Մեդիա շրջայցը կազմակերպվեց Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: