NEWSARM

ՄԱՎԵՏԱ Դուալ մասնագիտությունների խթանման միջոցառում՝ Տաշիրում

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում Տաշիր համայնքի ԱրՏա երիտասարդական կազմակերպության կենտրոնում հուլիսի 21-ին կայացավ դուալ մասնագիտությունների խթանման միջոցառում։

Միջոցառման մեկնարկին ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց ծրագրի նպատակները, ընթացիկ աշխատանքները, գյուղատնտեսական մասնագիտություններով սովորելու առավելությունները և դուալ կրթության ներուժը Հայաստանում։

Այնուհետև մասնակիցները դիտեցին անասնաբուժությանը նվիրված էպիզոդ, որին հաջորդեց քննարկում՝ ծրագրի գործընկեր, փորձառու անասնաբույժ Արթուր Տիտանյանի հետ։

Հարցուպատասխանի ժամանակ շեշտադրվեց աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների ուսուցման ու գործնական հմտությունների զարգացման կարևորությունը։

Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Կամո Ջիլավյանն իր խոսքում անդրադարձավ քոլեջի կրթական հնարավորություններին, մասնավորապես՝ դուալ կրթության ծրագրերին, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին միաժամանակ սովորել և ձեռք բերել գործնական փորձ։

Միջոցառման ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանի աշխատաշուկայի հնարավորությունները։ Թռչնաբուծության մասնագետ, ֆերմեր Արման Սաքանյանը ներկայացրեց ոլորտի առանձնահատկությունները և անցկացրեց ցուցադրական դասընթաց՝ մասնակիցների ակտիվ ներգրավմամբ։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։