«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում Տաշիրում հուլիսի 22-ին մասնագիտական կրթության և գյուղոլորտի հնարավորությունները ներկայացվեցին բռնի տեղահանված և Լոռու մարզում բնակություն հաստատած մի խումբ արցախցիների։
Մասնակիցները նախ այցելեցին ծրագրի գործընկեր Վահան Գրիգորյանի կաթնային ֆերմա, որտեղ ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության հնարավորությունները, դուալ կրթության առավելությունները՝ աշխատաշուկայում պահանջված մասնագետ դառնալու տեսանկյունից։
Այնուհետև նրանք շրջայց կատարեցին ֆերմայի տարածքում, ծանոթացան տնտեսության կառուցվածքին, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բուծման առանձնահատկություններին։
Փորձի փոխանակման երկրորդ կանգառը ծրագրի մյուս գործընկեր Վահրամ Մկրտչյանի մեղվաբուծական տնտեսությունում էր, որտեղ մասնակիցները ծանոթացան մեղվաբուծության արտադրության ամբողջական համակարգին։ Նրանք շրջեցին տնամերձ փեթակների տարածքում և մտքեր փոխանակեցին մարզում մեղվաբուծության զարգացման հնարավորությունների շուրջ։
ՄԱՎԵՏԱ ծրագրի թիրախային մարզերում այս և տարբեր ձևաչափերով նախորդ հանդիպումների ընթացքում փորձ արվեց արցախցի ընտանիքներին ուղղորդելու դեպի գյուղատնտեսական ոլորտ և խրախուսելու մասնագիտական կրթության ընտրությունը՝ նրանց տնտեսվարական հմտությունների զարգացման և Հայաստանի գյուղատնտեսությունում ակտիվ ինտեգրման նպատակով։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։

