Uncategorized

Կայուն գյուղատնտեսության արմատների ամրապնդում․ համատեղ դաշտային այց IADAAM ծրագրի շրջանակում

2025թ. հոկտեմբերի 17-ին Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD), ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ծրագրերի իրականացման թիմի (PIT) և IADAAM ծրագրի ներկայացուցիչները իրականացրեցին համատեղ դաշտային այց Արարատի մարզ՝ IADAAM ծրագրի թիրախային տարածք և Հայաստանի ամենաարդյունավետ գյուղատնտեսական շրջաններից մեկը։

Այցի նպատակն էր տեղում գնահատել ծրագրի հիմնական ուղղություններով արձանագրված առաջընթացը և ներկայացնել, թե ինչպես են նորարարական լուծումները, գործընկերային համագործակցությունը և գործնական նախաձեռնությունները միավորվում՝ խթանելու ոռոգման համակարգերի արդիականացումը ու գյուղաջակցության խորհրդատվական ծառայությունների արդյունավետ զարգացումը։

Դաշտային այցը մեկնարկեց Ավշարի Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայության գրասենյակից, որտեղ պատվիրակությունը ծանոթացավ գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների թվայնացման գործընթացին և հանդիպեց Վեդիի, Արտաշատի և Արմավիրի Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության թիմերին (AEST)։ Վերջիններս հանդիսանում են այն օղակը, որը կապում է նորարարությունը ֆերմերների առօրյա կարիքների հետ։ Քննարկումները կենտրոնացած էին այն ուղղությունների վրա, թե ինչպես են թվային գործիքներն ու համակարգված խորհրդատվական գործունեությունը նպաստում ֆերմերների գիտելիքների ընդլայնմանը, ագրոտեխնիկական հմտությունների կատարելագործմանը և դիմակայունության բարձրացմանը։

Այնուհետև պատվիրակությունն այցելեց հնարավոր ցուցադրական ֆերմաներ՝ ծանոթանալու դրանց ընտրության հիմնավորումներին և նախատեսվող ցուցադրական թեմաներին։ Այցի ընթացքում ֆերմերների և խորհրդատվական թիմերի հետ քննարկվեցին կարողությունների զարգացման, համաֆինանսավորման և իրագործման այն մեխանիզմները, որոնք նորարարական լուծումները կբերեն ավելի մոտ դաշտային պրակտիկային։

Արտաշատի խորհրդատվական գրասենյակում քննարկումները նվիրված էին համայնքների հետ համագործակցության ամրապնդմանը՝ անդրադառնալով այն ձևաչափերին, որոնց միջոցով գյուղատնտեսական խորհրդատուները համագործակցում են համայնքային դերակատարների հետ՝ ապահովելով, որ ժամանակակից ոռոգման և գյուղատնտեսական տեխնոլոգիաները հասնեն համայնքային մակարդակ՝ այնտեղ, որտեղ ձևավորվում է իրական արդյունքը։

Դաշտային այցը եզրափակվեց Վեդիի ջրամբարում, որտեղ թիմը ծանոթացավ ենթակառուցվածքային համակարգերի, ջրային կառավարման մեխանիզմների և դաշտային ցանցի գործունեությանը։ Ջրային կառավարման մարմինների հետ քննարկվեցին ռազմավարական քայլեր՝ ուղղված ջրամբարի շահագործման մեկնարկի և ծրագրի ավարտի միջև ընկած ժամանակային բացի արդյունավետ լրացմանը՝ ապահովելով ծրագրի շարունակականությունը և երկարաժամկետ կայունությունը։

Այս համատեղ դաշտային այցը վերահաստատեց Ֆրանսիական զարգացման գործակալության, Էկոնոմիկայի նախարարության Ծրագրերի իրականացման և IADAAM ծրագրի թիմերի համատեղ հանձնառությունը՝ նպաստելու դիմակայուն, արդյունավետ և ներառական ոռոգման համակարգերի ձևավորմանն Արարատի մարզում։

Նորարարության, գործընկերության և մարդակենտրոն մոտեցման միջոցով ծրագիրը շարունակաբար ամրապնդում է Հայաստանի ոռոգվող գյուղատնտեսության հիմքերը՝ դաշտ առ դաշտ, ֆերմեր առ ֆերմեր և համայնք առ համայնք։

«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով։

Uncategorized

Թվայնացմամբ դեպի մրցունակություն․ RECONOMY-ն աջակցեց Թուշեթական Գուդա պանրի փառատոնին

2025 թ. հոկտեմբերի 12-ին գեղատեսիլ Կախեթիի Զեմո Ալվանի գյուղում կայացավ Թուշեթական Գուդա պանրի փառատոնը՝ ներկայացնելով Վրաստանի հարուստ պանրագործական ավանդույթներն ու գյուղատնտեսական տուրիզմի ներուժը։

Այս տարի փառատոնը ստացավ կարևոր աջակցություն RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության բարձրացման համար» ծրագրից, որը աջակցեց փառատոնի պրոմո նյութերի ձևավորմանը և տպագրությանը՝ նպաստելով նախաձեռնության ճանաչելիության և տարածման բարձրացմանը։

Այս աջակցությունը հնարավորություն տվեց տեղական արտադրողներին և կազմակերպիչներին առավել արդյունավետ ներկայացնել իրենց վարպետությունը, ներգրավել նոր այցելուների և խթանել Թուշեթական Գուդա պանրի ճանաչելիությունը՝ որպես կայուն գյուղական ձեռնարկատիրության խորհրդանիշ։

Ծրագրի մասնակցությունը լիովին համահունչ է RECONOMY-ի առաքելությանը՝ խթանել ոլորտների մրցունակությունը թվային գործիքների և շուկայական կապերի զարգացման միջոցով՝ հնարավորություն տալով գյուղական համայնքներին համադրել ավանդույթն ու նորարարությունը, ժառանգությունն ու ժամանակակից հնարավորությունները։

Գուդա պանրի փառատոնը հանդիսանում է վառ օրինակ այն բանի, թե ինչպես կարող են թվայնացումն ու խելամիտ հաղորդակցությունը նպաստել գյուղական տնտեսությունների ամրապնդմանը, կայուն տուրիզմի զարգացմանը և տեղական արտադրողների միջազգային տեսանելիության բարձրացմանը։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

Uncategorized

LILA ծրագիրը ձևավորում է պատասխանատու արկածային զբոսաշրջության առաջնորդներ

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում ավարտվեց «Լեռնային, սպորտային և արկածային զբոսաշրջության զարգացման նպատակով կարողությունների հզորացման» խորացված դասընթացը։ Դասընթացի արդյունքում մասնակիցները ոչ միայն հարստացրին իրենց գիտելիքները, այլև իրական պայմաններում փորձարկեցին ձեռք բերած հմտությունները։

Լոռու լեռնային միջավայրում անցկացված դաշտային փուլը դարձավ դասընթացի ամենաակտիվ և հիշվող մասը՝ ընդգծելով թիմային աշխատանքի, պատասխանատվության և անվտանգության կարևորությունը արկածային զբոսաշրջության կազմակերպման մեջ։

Դասընթացն իրականացվել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի կողմից՝ ոլորտի փորձառու մասնագետների՝ Սուրեն Դանիելյանի, Անտուան Անանյանի, Էդգար Նավասրդյանի, Նարինե Ճաղարյանի և Գեղամ Ալոյանի դասընթացավարությամբ։

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին սերտիֆիկատներ՝ նշանավորելով նրանց կողմից ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները։

 ԼԻԼԱ ծրագիրը նախաձեռնել էր այս դասընթացը ոչ միայն որպես մասնագիտական հմտությունների փոխանցման հարթակ, այլև ոգեշնչող ճանապարհորդություն դեպի ինքնազարգացում, թիմային համագործակցություն և առաջնորդություն։ Ձեռք բերված գիտելիքներն ու գործնական փորձը կծառայեն որպես ամուր հիմք՝ լեռնային, սպորտային և արկածային զբոսաշրջության կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համար՝ վերածելով գաղափարները իրական փորձառությունների և նոր հնարավորությունների։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան) «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ–ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից։

Uncategorized

Գործընկերություն և առաջընթաց՝ ՌԶԳ-ն պարգևատրվեց ոսկե մեդալով Ագրարային համալսարանի 95-ամյակի միջոցառմանը

Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և կազմակերպության նախագահ պարոն Մկրտիչ Այվազյանը մասնակցեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հիմնադրման 95-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը, որն անցկացվեց «Ագրարային 95․ Արարման փառավոր ուղի» խորագրի ներքո։

Միջոցառումը, որը կայացավ 2025թ․ հոկտեմբերի 14-ին, ընդգծեց ՀԱԱՀ-ի գրեթե մեկդարյա ներդրումը Հայաստանում գյուղատնտեսական կրթության, գիտական հետազոտությունների և նորարարությունների զարգացման գործում։

Որպես ՀԱԱՀ-ի երկարամյա գործընկեր՝ ՌԶԳ-ն մշտապես հավատարիմ է Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը և կայուն գյուղական առաջընթացի խթանմանը՝ համագործակցային նախաձեռնությունների և գիտելիքի փոխանակման միջոցով։

Այս երկարամյա արդյունավետ համագործակցության և համալսարանի առաջընթացին համակողմանի աջակցության համար Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն պարգևատրվեց ոսկե մեդալով, որպես գնահատանք գյուղատնտեսական կրթության ամրապնդման, նորարարական նախաձեռնությունների և գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտներում ցուցաբերած հետևողական աշխատանքի համար։

Բաց երկխոսությունից դեպի համատեղ առաջընթաց․ SEIRA ծրագիրը խթանում է համագործակցությունը Սյունիքում

«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագրի շրջանակում հոկտեմբերի 9-ին Գորիսում և հոկտեմբերի 10-ին Սիսիանում անցկացվեցին համաբերման հանդիպումներ՝ միավորելով գյուղատնտեսական արժեշղթայի հիմնական դերակատարներին և ծրագրի շահառու փախստականներին։

Հանդիպումների ընթացքում նույն հարթակում հավաքվել էին կաթ մթերողներ, սպանդանոցի ներկայացուցիչներ, անասնաբույժներ-սերմնավորողներ, ինչպես նաև SEIRA ծրագրի աջակցություն ստացած և գյուղատնտեսական գործունեությամբ հետաքրքրված փախստականներ։ Այս ձևաչափը հնարավորություն տվեց բաց երկխոսության, փոխըմբռնման և գործնական համագործակցության ամրապնդման համար։

Ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը կարևորեց նման հանդիպումների ռազմավարական նշանակությունը՝ ընդգծելով երեք առանցքային նպատակ.

  • բացահայտել և հաղթահարել համագործակցության խոչընդոտները,
  • ձևավորել երկարաժամկետ և փոխշահավետ գործընկերային կապեր,
  • և ծրագրային աջակցությամբ խթանել գյուղատնտեսական ներուժի զարգացումը։

Այս հարթակները վերածվում են վստահության և համատեղ առաջընթացի տարածքի՝

  • խթանելով տնտեսական ու սոցիալական համախմբում,
  • ապահովելով փախստականների լիարժեք ներգրավում տեղական տնտեսության մեջ,
  • և վերածելով գյուղատնտեսությունը համայնքային վերածննդի շարժիչ ուժի։

SEIRA ծրագիրը շարունակում է վերափոխել մարտահրավերները հնարավորությունների՝ նպաստելով ուժեղ, դիմակայուն և ներառական համայնքների ձևավորմանը։

SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։