Uncategorized

LILA ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է, ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ

Հայաստանի չորս մարզերում ավելի քան երեք տարվա հետևողական և համակարգված աշխատանքից հետո LILA ծրագիրը մոտենում է իր եզրափակիչ փուլին՝ ոչ թե որպես ավարտ, այլ որպես երկարաժամկետ և կայուն փոփոխությունների նոր մեկնարկ։ Ձեռնարկատիրությունը, էկոտուրիզմը և համայնքային դիմակայուն զարգացման նպատակն աստիճանաբար վերածվեց համագործակցության լայն հարթակի, որտեղ ձևավորվեց ավելի կայուն ապագայի միասնական տեսլական։

Ծրագրի ընթացքում ձեռնարկատիրությունը, էկոտուրիզմը, վայրի հավաքչությունը և տեղական գյուղմթերքի արտադրությունը վերածվեցին համագործակցության լայն հարթակի, որտեղ համայնքները ոչ միայն զարգացրին իրենց տնտեսական ներուժը, այլև դարձան բնության պատասխանատու պահապաններ։ Հայաստանում առաջին անգամ համադրվեցին բնապահպանությունն ու տնտեսական զարգացումը՝ ընտրելով երեք արժեքշղթա՝ կայուն և ներառական զբոսաշրջություն, վայրի հավաքչություն, ինչպես նաև տեղական արտադրության և դրա ինտեգրման զարգացում զբոսաշրջային ու հյուրնկալության ոլորտներում։

Ծրագրի ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում Ուրսուլա Լաուբլին (Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ / SDC), Լուսինե Գևորգյանը (ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ), Լևոն Աղասյանը (WWF-Հայաստանի տնօրեն), Նաիրե Երիցյանը (WWF-Հայաստանի ծրագրի համակարգող) և Ալլա Ղազարյանը (Ռազմավարական Զարգացման Գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի ծրագրի համակարգող) ներկայացրին ծրագրի իրականացված աշխատանքները Տավուշում, Լոռիում, Վայոց Ձորում և Սյունիքում՝ ընդգծելով LILA-ի դերը համայնքային տնտեսությունների հզորացման, էկոտուրիզմի զարգացման և բնապահպանական պատասխանատու մոտեցումների տարածման գործում։

Ծրագրի շրջանակում կառուցվել և բարեկարգվել են զբոսաշրջային ենթակառուցվածքներ՝ Աթան–Ահնիձոր արահետից մինչև Արենի 1 քարայրի VR փորձառություն, որն այսօր համայնքի այցեքարտերից մեկն է։ Զարգացվել են նոր բնահեն զբոսաշրջային ուղղություններ, որոնք արդեն իսկ ներառվել են գործընկեր տուրօպերատորների փաթեթներում և ներկայացվել միջազգային առաջատար ցուցահանդեսներում։ Մարզերում իրականացվել են տասնյակ վերապատրաստումներ՝ պրոֆեսիոնալ գիդերից մինչև լեռնային ուղեկցորդներ, ապահովելով որակյալ մարդկային ռեսուրսների ձևավորում։

Կանանց տնտեսական մասնակցությունն առանձնահատուկ ուղղություն էր՝ կանայք ներգրավվել են վայրի հավաքչության, տեղական արտադրության և զբոսաշրջության արժեշղթաներում, իսկ բազմաթիվ կին ձեռներեցներ ստացել են ծրագրային աջակցություն՝ ձևավորելով նոր եկամտի աղբյուրներ և տեղական բիզնեսներ։ Միևնույն ժամանակ ամրապնդվել են վայրի բույսերի հավաքման, մշակման ու շուկա դուրսբերման ամբողջ արժեքաշղթան՝ ներդնելով անվտանգ և բնությանը ոչ վնասող մեթոդաբանություն։

Տեղական արտադրողների և զբոսաշրջության ոլորտի կապի ամրապնդումը խթանեց Farm-to-Table մոդելի զարգացումը՝ հնարավորություն տալով մարզային արտադրողներին մատակարարել թարմ և տեղական ինքնությունը ներկայացնող գյուղմթերք։ Այդ գործընթացի կարևոր ձեռքբերումներից էր Տավուշի, Լոռու և Վայոց Ձորի ավանդական խոհանոցին նվիրված ժողովածուների հրապարակումը, որոնք միաժամանակ դարձան գաստրոտուրիզմի նոր գործիք։

Ամփոփիչ միջոցառման ընթացքում ծրագրի շահառուները և համայնքային ներկայացուցիչները պատմեցին իրենց հաջողության պատմությունները՝ ներկայացնելով ինչպես նորաստեղծ էկոտուրիստական ծառայությունները և հզորացված բիզնեսները, այնպես էլ առօրյա կյանքում արդեն ինտեգրված կայուն գործելակերպերը։ Նրանց պատմությունները դարձան վկայություն, որ ծրագրով ստեղծված մոտեցումները ոչ միայն աշխատում են, այլև ձևավորում են երկարաժամկետ փոփոխություններ։

LILA ծրագրի արդյունքներ և ժառանգություն

  • Աջակցություն է տրամադրվել մարզային բիզնեսներին. զբոսաշրջության և հարակից ոլորտների 31 մարզային բիզնեսներ ստացել են ծրագրային բազմակողմանի աջակցություն՝ բարձրացնելով իրենց մրցունակությունն ու ծառայությունների որակը։
  • Ծրագրի տնտեսական զարգացման բաղադրիչի շրջանակներում համագործակցություն է հաստատվել առաջատար ներգնա տուրօպերատորների և զբոսաշրջային կառույցների հետ, ինչը նպաստել է կայուն զբոսաշրջության խթանմանը։
  • Ծրագրի տնտեսական ազդեցությունը զգալի է եղել համայնքներում. ծրագրի աջակցությամբ ավելի քան 600 մարդ, որից 50%-ը կանայք ունեն են զբաղվածություն կամ ինքնազբաղվածություն տուրիզմի և հյուրընկալության, ինչպես նաև տեղական գյուղմթերքի արտադրության և վայրի հավաքչության ոլորտներում։
  • Իրականացվել է լայնածավալ կարողությունների զարգացում. տասնյակ մասնագիտական դասընթացներ են կազմակերպվել ուղղված էկո-, գաստրո-, անվտանգ և պատասխանատու զբոսաշրջության զարգացմանը, մարզային գիդուղեկցորդների պատրաստմանը, վերապատրաստմանը և այլն։
  • Տեղական արտադրանքը և ծառայությունները ձեռք են բերել լայն ճանաչում և կայուն շուկա. արտադրանքն այսօր հաջողությամբ մատակարարվում է զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներին՝ բարձրացնելով տեղական արտադրանքի տեսանելիությունն ու պահանջարկը։

LILA-ի փորձը ապացուցեց, որ բնահեն տնտեսական մոդելները կարող են դառնալ կայուն գյուղական զարգացման հիմնասյուն։ Ծրագիրը ստեղծեց նոր մոտեցումներ, որոնք կարող են ծառայել որպես ուղեցույց Հայաստանի ապագա նախաձեռնությունների համար՝ ամրապնդելով կապը բնության պահպանության և սոցիալ-տնտեսական զարգացման միջև։

LILA-ն իր հետևում թողնում է ոչ միայն արդյունքներ, այլև երկարաժամկետ և ամուր հիմք՝ մի ապագայի համար, որտեղ Հայաստանի համայնքները շարունակելու են զարգանալ՝ դառնալով ավելի ուժեղ, կանաչ և դիմակայուն։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համատեղ ջանքերով։

Ապագայի անասնապահության ուղենշում․ INLIMA ծրագրի աշխատանքային այցը Շիրակի մարզ

«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքարշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի թիմը՝ ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ, կատարեց աշխատանքային այց Շիրակ՝ ծրագրի թիրախային մարզերից մեկը։

Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում թիմը քննարկեց ծրագրի հիմնական ուղղություններն ու հնարավոր համագործակցության ձևաչափերը ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի և Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պատասխանատուների հետ։

Այցի շրջանակում ծրագրային թիմը հանդիպում ունեցավ նաև «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ տնօրեն Լևոն Անանյանի հետ՝ ներկայացնելով ծրագրի նպատակները, նորարարական մոտեցումները և համատեղ աշխատանքի հնարավորությունները։

Հանդիպումները հնարավորություն տվեցին ձևակերպելու համագործակցության հաջորդ քայլերը, որոնք հիմք կդառնան Շիրակի մարզում անասնապահության ոլորտի արդիականացման և INLIMA ծրագրի երկարաժամկետ ազդեցության ապահովման համար։

«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքարշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Uncategorized

ՌԶԳ ՀԿ-ն մասնակցեց «Ջերմուկ» և «Տաթև» ազգային պարկերի ստեղծմանն ուղղված խորհրդակցական աշխատաժողովներին՝ ներկայացնելով LILA ծրագրով գրանցած հաջողված փորձը

Նոյեմբերի 12-ին Վայոց ձորում և 14-ին Սյունիքում, «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի «Կենսաբազմազանության և պահպանվող տարածքներ» բաղադրիչի շրջանակում, տեղի ունեցան երկու կարևոր խորհրդակցական աշխատաժողովներ՝ նվիրված «Ջերմուկ» և «Տաթև» ազգային պարկերի ստեղծման գործընթացներին։

Աշխատաժողովների ընթացքում քննարկվեցին ազգային պարկերի սահմանների ձևավորման սկզբունքները, կառավարման ապագա մոտեցումները, ինչպես նաև համայնքների հետ համատեղ տնտեսական և զբոսաշրջային համագործակցության հնարավորությունները։

Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ն ներկայացրեց ԼԻԼԱ ծրագրի տնտեսական բաղադրիչի շրջանակում համայնքներում իրականացված զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի մատակարարման արժեշղթայի զարգացման հաջողված փորձը։ ԼԻԼԱ ծրագրի արդյունքները վկայում են, որ պատասխանատու զբոսաշրջության խթանումը, համայնքային ներուժի ներգրավումը և բնապահպանական արժեքների պահպանության ինտեգրված մոտեցումը կարող են միաժամանակ ապահովել ինչպես պահպանվող տարածքների արդյունավետ կառավարում, այնպես էլ տեղական տնտեսության կայուն աճ։

Վստահ ենք, որ ներկայացված լավագույն փորձն ու աշխատաժողովներում ծավալված քննարկումները կնպաստեն նոր ստեղծվող ազգային պարկերի կայուն և արդյունավետ կառավարման համակարգերի ձևավորմանը, համայնքային մասնակցության ամրապնդմանը և համատեղ զարգացման նախաձեռնությունների իրականացմանը։

ՌԶԳ ՀԿ-ն շարունակում է աջակցել այն գործընթացներին, որոնք միտված են համայնքների տնտեսական զարգացմանը, բնապահպանական արժեքների պահպանությանը և պատասխանատու զբոսաշրջության խթանմանը։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համատեղ ջանքերով։

Uncategorized

IADAAM Շահագրգիռ կողմերի քարտեզագրում. AEST և Էկոնոմիկայի նախարարության թիմերը զարգացնում են նոր հմտություններ

2025թ․ նոյեմբերի 12-ին «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակում անցկացվեց դասընթաց՝ նվիրված «Շահագրգիռ կողմերի քարտեզագրմանը և տվյալների հավաքագրմանը»։

Դասընթացը, որը վարեց IADAAM ծրագրի մշտադիտարկման և գնահատման փորձագետ Աննա Սարգսյանը, նախագծված էր Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության (AEST) և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության (MoE) ներկայացուցիչների համար։

Դասընթացի  նպատակն էր խորացնել մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները շահագրգիռ կողմերի քարտեզագրման ոլորտում՝ այն դիտարկելով որպես շարունակական և դինամիկ գործընթաց։ Քննարկվեցին շահագրգիռ կողմերի նույնականացման, վերլուծության և դասակարգման մոտեցումները, ինչպես նաև տվյալների հավաքագրման և վերլուծության գործիքները՝ համահունչ ծրագրի նպատակներին։

Արդյունավետ համագործակցության և նորարարական մոտեցումների խթանման շնորհիվ Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության և նախարարության ներկայացուցիչները համալրեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ նպաստելով Հայաստանի ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում տվյալահեն և նպատակային փոփոխություններին։

 «Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով։

Uncategorized

Ռազմավարական զարգացման գործակալությունը WTM London 2025-ում․ երբ վիրտուալ Արենին հանդիպում է իրական Լոնդոնին

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ LILA ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը մասնակցել է WTM London 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին՝ ներկայացնելով Ռազմավարական զարգացման գործակալությունը (ՌԶԳ) և խթանելով կայուն զբոսաշրջության զարգացումը ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի և LILA ծրագրի գործընկերներ՝ Nueva Vista տուրօպերատորի և AM TRAVEL ընկերության հետ միասին։
Այս տարվա մասնակցությունը յուրահատուկ էր․ առաջին անգամ Հայաստանի կողմից ներկայացվեց վիրտուալ իրականության (VR) փորձառություն, որը ցուցահանդեսի այցելուներին հնարավորություն տվեց յուրովի զգալ Արենի 1 քարանձավի գինու համտեսի եզակի մթնոլորտը։
Որպես աշխարհի առաջատար զբոսաշրջային միջոցառումներից մեկը՝ WTM London-ը հարթակ է, որտեղ համախմբվում են ոլորտի միջազգային մասնագետները՝ փորձի փոխանակման, նոր համագործակցությունների ձևավորման և զբոսաշրջության ապագան ձևավորող միտումներին ծանոթանալու նպատակով։ ՌԶԳ-ի և նրա գործընկերների մասնակցությունը ևս մեկ կարևոր քայլ էր՝ Հայաստանը ներկայացնելու որպես ինքնատիպ, մշակութային ժառանգությամբ, պատմությամբ և նորարարությամբ հարուստ զբոսաշրջային ուղղություն։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (#ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համատեղ ջանքերով: