Uncategorized

RECONOMY-ն ITB Berlin 2026-ում․ տարածաշրջանային զբոսաշրջության ներուժի ներկայացում

Հայաստանից և Մոլդովայից գործընկեր տուրօպերատորները, RECONOMY ծրագրի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի աջակցությամբ, մասնակցեցին ITB Berlin 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի միջև միջսահմանային զբոսաշրջային առաջարկներ։

Աշխարհի առաջատար զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկում նրանց մասնակցությունը կարևոր հնարավորություն էր ներկայացնելու տարածաշրջանային զբոսաշրջային երթուղիների զարգացման աճող ներուժը, որոնք կապում են տարբեր երկրներ, մշակույթներ և համայնքներ։

Ներկայացված առաջարկները զբոսաշրջիկներին հնարավորություն են տալիս բացահայտելու տարածաշրջանի մշակութային հարուստ ժառանգությունը, խոհարարական ավանդույթներն ու բազմազան բնական լանդշաֆտները, միաժամանակ նպաստելով տեղական զբոսաշրջային բիզնեսների և համայնքների զարգացմանը։

Թվային կարողությունների զարգացման, միջազգային տեսանելիության բարձրացման և շուկաների հասանելիության ընդլայնման միջոցով ծրագիրն աջակցում է զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպություններին՝ առավել արդյունավետ ներկայացնելու իրենց առաջարկները միջազգային շուկաներում և ներգրավելու նոր այցելուներ։

Տարածաշրջանային համագործակցությունը, նորարարական մոտեցումները և թվայնացումը նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանում կայուն զբոսաշրջության զարգացման համար։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

Uncategorized

SEIRA Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերի իրազեկվածության և հասանելիության խթանում

2026թ․ փետրվարի 19-21-ը տեղի ունեցավ «Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի իրազեկում» խորագրով եռօրյա միջոցառումը, որն իրականացվեց «Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագրի շրջանակում։

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը՝ ընդգծելով գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության գործիքների արդյունավետ կիրառման, արտադրողականության բարձրացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը։ Նա իր խոսքում նաև նշեց, որ պետական քաղաքականության առաջնահերթություններից է գյուղատնտեսության մրցունակության բարձրացումը, ռեսուրսների արդյունավետ կառավարումը և ոլորտի կայուն զարգացումը՝ ներառյալ խոցելի խմբերի տնտեսական ինտեգրումը։

Եռօրյա միջոցառման նպատակն էր բարձրացնել շահառուների, ոլորտի ներկայացուցիչների և համայնքների գյուղատնտեսության բաժինների ներկայացուցիչների իրազեկվածությունը գործող պետական աջակցության ծրագրերի, անասնաբուծության և մեղվաբուծության ժամանակակից մոտեցումների, ինչպես նաև ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարման մեխանիզմների վերաբերյալ՝ խթանելով տեղական մակարդակում ծրագրերի արդյունավետ իրագործումն ու շահառուների հետ համակարգված աշխատանքը։

Ծրագրի առաջին օրը ներկայացվեցին անասնաբուծության վարման տեխնոլոգիաները՝ էքստենսիվ մոդելից դեպի ինտենսիվացման անցման գործնական մոտեցումները, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցությունը ոլորտի վրա և դրա մեղմմանն ուղղված միջոցառումները։

Երկրորդ օրը քննարկվեցին անասնաբուծության մեջ հակաբիոտիկների կիրառման հիմնախնդիրները և հակամանրէային կայունության դեմ պայքարի միջոցառումները՝ շեշտադրելով պատասխանատու օգտագործման և կանխարգելիչ մեխանիզմների կարևորությունը կենդանիների և հանրային առողջության պահպանման համատեքստում։

Միջոցառման շրջանակում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև մեղվաբուծությանը՝ ներկայացնելով մեղուների վարրոատոզ հիվանդության բնութագիրը և դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցառումները՝ հատկապես մեղվաընտանիքների ձմեռացման նախապատրաստման և հետձմեռային շրջանի կառավարման փուլերում։

Միջոցառման ամփոփմանը մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումները և կարևորեցին նմանատիպ իրազեկման միջոցառումների շարունակական կազմակերպման անհրաժեշտությունը՝ պետական աջակցության ծրագրերի հասանելիության և արդյունավետության բարձրացման նպատակով։

SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։

IADAAM Ռազմավարությունից դեպի գործնական ազդեցություն

2026 թ. փետրվարի 19-ին IADAAM ծրագրի շրջանակում իրականացվել է համատեղ դաշտային այց՝ Եվրոպական միության պատվիրակության ծրագրի ղեկավար Սուսանա Մարտինսի, Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD)՝ Հայաստանում ծրագրի ղեկավար Օդրի Գուրդիենի, ինչպես նաև IADAAM ծրագրի թիմի մասնակցությամբ։

Դաշտային այցի հիմնական նպատակն էր գնահատել, թե ինչպես են ծրագրի ռազմավարական ուղղությունները վերածվում շոշափելի և չափելի արդյունքների՝ գյուղաջակցության խորհրդատվական ծառայությունների կարողությունների զարգացման, ցուցադրական ֆերմաների միջոցով գործնական գիտելիքի փոխանցման խթանման և ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության ու կայունության բարձրացման միջոցով։ Այս բաղադրիչները հանդիսանում են գյուղատնտեսական ոլորտի մրցունակության և դիմակայունության ամրապնդման առանցքային նախադրյալներ՝ նպաստելով նորարարությունների ներդրմանը և համակարգային բարեփոխումների առաջմղմանը։

Համատեղ այցը վերահաստատեց գործընկերների միասնական հանձնառությունը՝ ապահովելու ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում և ռեսուրսների պատասխանատու կառավարում՝ ձևավորելով երկարաժամկետ և կայուն ազդեցություն Հայաստանի գյուղատնտեսության և ջրային ոլորտներում։

«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով:

Uncategorized

INLIMA աշխատանքային հանդիպումներ Արարատի մարզում՝ անասնապահության արժեշղթայի համապարփակ զարգացման համար

Արարատի մարզի Արտաշատի, Վեդիի և Արարատի համայնքներում «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի շրջանակում կազմակերպվեցին մասնագիտական աշխատանքային քննարկումներ՝ միավորելով ոլորտի հիմնական դերակատարներին մեկ հարթակում։

Հանդիպումներին մասնակցեցին՝

  • կաթի և մսի վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներ,
  • սպանդանոցների ղեկավարներ և մասնագետներ,
  • անասնաբույժներ,
  • անասնապահությամբ զբաղվող ֆերմերներ։

Քննարկումների առանցքում էին նախրաքաշի արդյունավետ կառավարման և գենետիկական ներուժի բարելավման հարցերը, արտադրության կազմակերպման արդիական մոտեցումները, որակի ապահովումը, ինչպես նաև շուկայական պահանջներին համապատասխան արտադրանքի ձևավորումը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց արժեշղթայի օղակների միջև համագործակցության մեխանիզմների հստակեցմանը՝ նպատակ ունենալով նվազեցնել ռիսկերն ու բարձրացնել ոլորտի ընդհանուր արդյունավետությունը։

Մասնագիտական երկխոսությունը հնարավորություն տվեց ոչ միայն բարձրաձայնել առկա խնդիրները, այլև ձևակերպել համատեղ գործողությունների ուղենիշներ՝ ուղղված արտադրողականության աճին, ծախսերի օպտիմալացմանը և տեղական արտադրանքի մրցունակության ամրապնդմանը։

INLIMA ծրագիրը նման ձևաչափով հանդիպումների միջոցով խթանում է փաստահեն և գործընկերային մոտեցումները՝ նպաստելով անասնապահության ոլորտի համակարգային բարեփոխումներին և կայուն զարգացման հիմքերի ձևավորմանը։

«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքարշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Uncategorized

Էկոհամակարգերի պահպանությունից դեպի շուկայահեն համայնքային զարգացում․ ՌԶԳ-ի փորձը կլիմայական հարմարվողականության ամրապնդման գործում

Ռազմավարական զարգացման գործակալությունը (SDA), նախագահ Մկրտիչ Այվազյանի գլխավորությամբ, մասնակցել է «Հայաստանի չորային գոտիներին և անտառային պահպանվող տարածքներին հարակից համայնքների հողահեն հարմարվողականության կարողությունների հզորացում՝ նախորդ ծրագրի հաջողված մեխանիզմների կրկնօրինակման և ընդլայնման միջոցով» ծրագրի բացման արարողությանը։
«Էկոհամակարգերի պահպանությունից դեպի համայնքային զարգացում․ կլիմայական հարմարվողականության ինտեգրված մոտեցումներ» թեմայով պանելային քննարկման շրջանակում Մկրտիչ Այվազյանը ներկայացրել է ՌԶԳ-ի գործնական փորձը՝ ընդգծելով, որ արժեշղթաների զարգացումը համայնքների համար ոչ թե տեսական մոտեցում է, այլ արդեն ապացուցված տնտեսական հարմարվողականության ռազմավարական գործիք։
Նա ներկայացրել է ՌԶԳ-ի կողմից իրականացված ծրագրերի փորձը՝ ցույց տալով, որ բնահեն և ագրոպարենային արժեշղթաների զարգացումը միաժամանակ ապահովում է եկամտի բազմազանացում, աշխատատեղերի ստեղծում, կանանց տնտեսական ակտիվացում, շուկաների հասանելիության ընդլայնում և բնական ռեսուրսների կայուն կառավարում։
Կայուն զբոսաշրջության, վայրի հավաքչության, տեղական արտադրանքի շուկայի զարգացման, ինչպես նաև անասնապահության ոլորտում արժեշղթաների ամրապնդման և արոտների կայուն կառավարման փորձը փաստում է, որ շուկայի հետ կապակցված մոդելները նվազեցնում են կլիմայական ռիսկերը և բարձրացնում համայնքների դիմակայունությունը։
Նա նաև ընդգծել է, որ կլիմայախելամիտ տեխնոլոգիաները կենսունակ են դառնում միայն այն դեպքում, երբ զուգահեռ զարգանում են գործարար, կառավարման և ինստիտուցիոնալ կարողությունները։ Վերապատրաստումները, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի համագործակցությունը, ինչպես նաև շուկայի հետ ինտեգրումը հանդիսանում են երկարաժամկետ կայունության հիմնական նախապայմաններ։
Ամփոփելով՝ պարոն Այվազյանը նշել է, որ կայուն արդյունքներ հնարավոր է ապահովել, երբ ծրագրերը դիտարկվում են որպես համակարգային զարգացման գործընթաց, համայնքները դառնում են լիարժեք դերակատարներ, տնտեսական մոդելները հիմնվում են շուկայական մեխանիզմների վրա, իսկ իսկ բնության պահպանությունը դիտարկվում է որպես տնտեսական զարգացման և համայնքների երկարաժամկետ կենսունակության հետ համատեղելի գործընթաց։
Այս մոտեցմամբ հնարավոր է համատեղ ապահովել էկոհամակարգերի արդյունավետ պահպանում, համայնքների կլիմայական հարմարվողականության ամրապնդում և երկարաժամկետ տնտեսական զարգացում։