Uncategorized

RECONOMY Հայաստան-Շվեդիա տեխնոլոգիական երկխոսության հարթակում

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանը մասնակցեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (UATE) կայացած հանդիպմանը, որտեղ հյուրընկալվել էր ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Եվա Սունդքուիսթը։

Հանդիպման ընթացքում միության տնօրեն Սարգիս Կարապետյանը ներկայացրեց հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի վերջին զարգացումները և միության գործունեության հիմնական ուղղությունները։ Քննարկվեցին նաև հայկական և շվեդական «հայթեք» համայնքների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Շվեդիայի տեխնոլոգիական էկոհամակարգի ազդեցիկ առաջընթացը ներկայացվեց մի շարք կարևոր ցուցանիշներով, այդ թվում՝

  • 200,000 R&D ճարտարագետ, որոնցից 16,000-ը՝ գիտությունների դոկտորներ
  • 47 «յունիքորն» ընկերություններ
  • Համաշխարհային ճանաչում ունեցող պրոդուկտներ և բրենդեր, ինչպիսիք են Spotify-ը, Loveable-ը և Ericsson-ը

Reconomy-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

Uncategorized

IADAAM AEST Ցուցադրական ֆերմաների հնարավորությունների ներկայացում և հայտերի ընդունում Վեդի համայնքում

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության AEST թիմը Վեդու համայնքապետարանում անցկացրել է հանդիպում ցուցադրական ֆերմաների պոտենցիալ շահառու ֆերմերների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի նպատակները, ցուցադրական ֆերմաների մոդելի առանձնահատկությունները և մասնակցության պահանջները։
Ֆերմերները Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության թիմի աջակցությամբ լրացրել են հայտերը՝ ըստ նախօրոք ներկայացված ձևաչափի։ Հանդիպման արդյունքում ձևավորվել են ծրագրին մասնակցելու պատրաստակամություն ունեցող հավանական շահառուների նախնական ցուցակներ։
IADAAM AEST թիմը շարունակելու է համագործակցությունը համայնքի հետ՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունը և մասնագիտական աջակցությունը։
«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով։
Uncategorized

INLIMA ծրագրի պաշտոնական մեկնարկը․ Հայաստանի անասնապահության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլ

2025թ․ նոյեմբերի 28-ին կայացավ «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի պաշտոնական մեկնարկային միջոցառումը, որը համախմբեց պետական և մարզային կառույցների, միջազգային և տեղական գործընկերների, ոլորտային փորձագետների, ինչպես նաև թիրախային մարզերի  վարչական ներկայացուցիչներին։

Միջոցառման ընթացքում առանձնահատուկ շեշտադրվեց Հայաստանի անասնապահության ոլորտում պետական քաղաքականության շարունակական զարգացման ու ոլորտային բարեփոխումների կարևորությունը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն իր ելույթում ընդգծեց, որ անասնապահության զարգացումը կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն է՝ միտված գյուղական տնտեսությունների եկամուտների աճին, պարենային անվտանգության ամրապնդմանը և մրցունակ արտադրության խթանմանը։ Նրա խոսքով՝ նման ծրագրերը կարևոր գործիք են պետական քաղաքականության արդյունավետ իրականացման համար՝ մեկտեղելով պետական աջակցությունը, միջազգային փորձն ու տեղական ներուժը։

Ռազմավարական զարգացման գործակալության (ՌԶԳ) ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանն իր խոսքում անդրադարձավ անասնապահության ոլորտում երկարաժամկետ ներդրումների կարևորությանը, ենթակառուցվածքների զարգացման  անհրաժեշտությանը, ինչպես նաև շուկաների հասանելիության ապահովման առանցքային դերակատարությանը։ Նա ընդգծեց պետական և մասնավոր հատվածների համագործակցության նշանակությունը կայուն և չափելի արդյունքների ապահովման գործում՝ նշելով, որ ոլորտի զարգացումը հնարավոր է միայն համակարգված և միասնական աշխատանքի պայմաններում։

Իր հերթին, Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը, հանդես գալով որպես ծրագրի ֆինանսավորող գործընկեր, ընդգծեց Հայաստանի հետ ձևավորված ամուր գործընկերությունը գյուղատնտեսության ոլորտում։ Նա նշեց, որ INLIMA ծրագիրը միտված է ոչ միայն տեխնիկական խնդիրների լուծմանը, այլև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, գիտելիքի փոխանցմանը և համայնքների երկարաժամկետ կայունության ապահովմանը։

Մեկնարկային միջոցառման ընթացքում INLIMA ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի համապարփակ տեսլականը՝ ընդգրկելով դրա նպատակները, հիմնական բաղադրիչները, թիրախային խմբերը, աշխարհագրական ընդգրկումն ու ակնկալվող արդյունքները։ Նա ընդգծեց, որ ծրագիրն ուղղված է Հայաստանի անասնապահության ոլորտի կայուն կառավարման բարելավմանը և ֆերմերների կենսապահովման բարձրացմանը՝ կենդանիների կազմակերպված նախրաքաշի, ժամանակակից բուծման տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև մսի և կաթի շուկաների հասանելիության ընդլայնման միջոցով։

Նա մանրամասն ներկայացրեց նաև ծրագրի շրջանակում նախատեսված գործողությունները, որոնք ներառում են կենդանիների սեզոնային նախրաքաշի համակարգումը, վերարտադրողական ծառայությունների զարգացումը, արոտավայրային և այլ օժանդակ ենթակառուցվածքների բարելավումը, ինչպես նաև ֆերմերների, անասնաբույժների և արհեստական սերմնավորման մասնագետների կարողությունների հզորացումը։

Ծրագրի աշխարհագրական ընդգրկումը տարածվում է Հայաստանի յոթ մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի վրա, իսկ շահառուների շրջանակը ներառում է ֆերմերներին, համայնքներին, անասնաբուժական և վերարտադրողական ծառայությունների մասնագետներին, ինչպես նաև մսի և կաթի վերամշակող կազմակերպություններին։

Ընդգծվեց ծրագրի երկարաժամկետ ազդեցությունը՝ միտված ձևավորելու ավելի մրցունակ, արդյունավետ և շուկային ինտեգրված անասնապահական համակարգ, որը կնպաստի գյուղական տնտեսությունների զարգացմանը, պարենային անվտանգության ամրապնդմանը և մարզերի սոցիալ-տնտեսական առաջընթացին։

Միջոցառումն ամփոփվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի միջև համագործակցության հուշագրի հանդիսավոր ստորագրմամբ: Հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է կայուն և երկարաժամկետ գործընկերության կառուցման գործում, որը կուղղվի ոլորտային բարեփոխումների շարունակական ապահովմանը և մարզերում ծրագրի ազդեցության առավելագույնս ընդլայնմանը։

«Նորարարական անասնապահությունկենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Uncategorized

IADAAM Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության աշխատանքային այցը Ավշար և Նոյակերտ

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության Վեդիի թիմն իրականացրեց իր հերթական աշխատանքային այցն Ավշար և Նոյակերտ բնակավայրեր՝ ներկայացնելու ցուցադրական ֆերմաների հնարավորություններն ու աջակցելու պոտենցիալ շահառուներին։

Թիմը հանդիպեց հետաքրքրված ֆերմերների հետ, քննարկեց ցուցադրական ֆերմաների ձևավորման պահանջներն ու ընտրության չափորոշիչները, ինչպես նաև ուղեցույց ներկայացրեց դիմումների պատշաճ լրացման համար։

Այս հանդիպումները նպատակ ունեն ապահովել ծրագրի թափանցիկ և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև խթանել նորարարական գյուղատնտեսական պրակտիկաների զարգացումը համայնքներում։

«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով։

Միավորելով տարածաշրջանները, զարգացնելով զբոսաշրջությունը․ RECONOMY ծրագիրը մասնակցեց ITF Armenia 2025-ին

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագիրը մասնակցեց ITF Armenia միջազգային հարթակին, որի նպատակն էր խթանել նոր զբոսաշրջային ուղղությունների ներկայացումն ու տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնումը։

Ծրագրի Արևելյան գործընկերության երկրներում տարածաշրջանային զբոսաշրջության զարգացում բաղադրիչի շրջանակում Ռազմավարական Զարգացման Գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն աջակցեց գործընկեր կազմակերպություններին Մոլդովայից (ANTRIM) և Վրաստանից (GTA)՝ ապահովելով նրանց մասնակցությունը միջոցառմանը։ ՌԶԳ-ի աջակցությամբ չորս մոլդովացի և հինգ վրացի ներկայացուցիչներ մասնակցեցին ցուցահանդեսին՝ ստանալով մասնագիտական տաղավարի ձևավորում, ճանապարհածախսի և կեցության ապահովում, ինչը նպաստեց բարձր տեսանելիություն և արդյունավետ համագործակցություն։

Միջոցառումը ծառայեց որպես ակտիվ գործընկերային հարթակ, որտեղ տուրօպերատորները ներկայացրեցին նոր մշակված զբոսաշրջային առաջարկները, այդ թվում՝ RECONOMY-ի աջակցությամբ ձևավորված միջսահմանային զբոսաշրջային փաթեթները և ստեղծեցին նոր գործարար կապեր և համագործակցային հնարավորություններ։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։