ՄԿՈՒ ոլորտի խթանման աշխատանքային խմբի հանդիպումը

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում փետրվարի 15-ին տեղի ունեցավ միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների երկխոսության հարթակի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում (ՄԱՎԵՏԱ) ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանն ընդգծեց ՄԿՈՒ ոլորտի խթանման նպատակով գործողությունների համակարգման և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարևորությունը։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հանրային հաղորդակցման մասնագետ Աննա Պողոսյանը ներկայացրեց «ՄԱՎԵՏԱ» ծրագրի շրջանակներում  կազմակերպության կողմից ՄԿՈՒ ոլորտում իրականացվող ռազմավարությունն ու գործողությունների պլանը։

Այնուհետև աշխատանքային խմբի անդամները ծանոթացան դոնոր  կազմակերպությունների կողմից Հայաստանում ՄԿՈՒ զարգացմանն ուղղված ծրագրերին և քննարկեցին միջին մասնագիտական կրթության խթանման համար անհրաժեշտ միջոցառումների, գործողությունների, իրազեկման արշավների կազմակերպման ու դրանց հանրայնացմանն առնչվող հարցերի լայն  շրջանակ։

Դասընթաց` ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջների դասավանդողների համար

Փետրվարի 7-8-ը «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ն ՄԿՈՒ հաստատություններում գենդերային զգայուն մոտեցումների կիրառման և խոցելի խմբերի ներկայացուցիչների համար հավասար հնարավորությունների ստեղծման թեմայով երկօրյա դասընթաց էր կազմակերպել ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջների դասավանդողների համար։

Դասընթացի մասնակիցներին ՄԿՈՒ ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունների բացահայտման և զարգացման, տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումների, այս ոլորտում համաշխարհային միտումների և հաջողված փորձի մասին պատմեց ներառական կրթության փորձագետ՝ Սյուզաննա Պետրոսյանը։

Փորձագետը նաև ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքը, օրենսդրական դաշտի բարեփոխումներն ու անձնական օգնականի ինստիտուտի ներդրման մանրամասները։

Այնուհետև ՄԿՈՒ հաստատություններում գենդերային զգայուն մոտեցումների կիրառման անհրաժեշտության, հանրային կյանքում դրանց ընկալումների և դրսևորումների, ոլորտում տեղական ու միջազգային համեմատական փորձը ներկայացրեց  «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի գենդերի և հանրային հաղորդակցման մասնագետ Աննա Պողոսյանը։

Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ներառականության մասին տեսական գիտելիքներն ամրապնդեցին գործնական աշխատանքի և դերախաղերի միջոցով։

Uncategorized

«Կաթնարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններում լաբորատորիայի մասնագետի կարճաժամկետ վերապատրաստում» թեմայով դասընթաց

2024թ. հունվարի 29-ից փետրվարի 7-ը «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ն «Կաթնարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններում լաբորատորիայի մասնագետի կարճաժամկետ վերապատրաստում» թեմայով դասընթաց է կազմակերպել ՄԱՎԵՏԱ-ի գործընկեր մասնավոր հատվածի լաբորատորիայի աշխատակիցների և Գորիսի ու Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջներում կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա առարկան դասավանդողների համար։

6-օրյա վերապատրաստման դասընթացն ու գործնական պարապմունքներն իրականացրել է «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերությունը, որի ուսումնական կենտրոնը հագեցած է եվրոպական չափորոշիչներին համապատասխան լաբորատորիաներով։

Դասընթացի մասնակիցներն ուսումնական կենտրոնի ղեկավար Հայկուշ Բատիկյանի գլխավորությամբ գիտելիք և հմտություն են ստացել կաթի նմուշառման, դրա ընթացակարգերի, գործիքների ու միջոցների, գնահատման, ֆիզիկաքիմիական և մանրէաբանական ցուցանիշների որոշման, կաթի-կաթնամթերքի արտադրությունում վտանգների վերլուծության ու հսկման, կրիտիկական կետերի կառավարման համակարգի ներդրման և մասնագիտական այլ նրբությունների վերաբերյալ։

Նրանք նաև հնարավորություն են ունեցել ինքնուրույն փորձարկումներ իրականացնել լաբորատորիաներում։ Ուսումնական գործընթացն ավարտվեց թեստավորմամբ։ Թեստավորման դրական արդյունքներով բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր։

Դասընթացի մասնակիցները մասնավոր հատված-քոլեջ համագործակցության շրջանակներում այս դասընթացը կանցկացնեն նաև մարզերում։

Uncategorized

Դասընթաց ՄԱՎԵՏԱ ծրագրի մասնավոր հատվածի գործընկերների համար

Փետրվարի 1-2-ը «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ն գենդերային զգայուն մոտեցումների կիրառման և խոցելի խմբերի համար աշխատաշուկայում հավասար հնարավորությունների ապահովման թեմայով դասընթաց էր կազմակերպել մասնավոր հատվածի գործընկերների համար։

Դասընթացի ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ի գենդերի և հանրային հաղորդակցման մասնագետ Աննա Պողոսյանը ներկայացրեց աշխատավայրում սեռով պայմանավորված խտրականությունների բացառման և զգայուն մոտեցումների կիրառման տեղական ու միջազգային փորձը, կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծման կարևորությունը և կանանց կարողությունների զարգացմանն ուղղված անհրաժեշտ քայլերը։

Այնուհետև մասնավոր հատվածի ներկայացուցիչները ծանոթացան  աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկման հնարավորություններին, ՀՀ օրենսդրությանը, խելամիտ հարմարեցումների փորձին և համաշխարհային միտումներին, որը ներկայացրել է  ներառական կրթության փորձագետ Սյուզաննա Պետրոսյանը։

Երկօրյա դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ինտերակտիվ խաղերի միջոցով ամրապնդելու խոցելի խմբերի կարողությունների և առձանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքները և կիսվելու աշխատավայրում առկա խնդիրների լուծման իրենց  փորձով ու մոտեցումներով։

Uncategorized

Թիմակառուցման և փափուկ հմտությունների դասընթաց՝ ՄԱՎԵՏԱ գործընկեր ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի անձնակազմի համար

Կարևորելով գործընկեր քոլեջների թիմի ամրությունն ու կայունությունը՝ ս․թ․ հունվարի 20-21-ին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի քոլեջի դասավանդողների համար կազմակերպեց «Թիմակառուցում և փափուկ հմտություններ» թեմայով դասընթաց։

Դասընթացի նպատակն էր նպաստել ՀԱԱՀ Սիսիանի քոլեջի անձնակազմի համախմբվածությանը և վստահության միջավայրի ձևավորմանը։

Դասընթացի ընթացքում սիմուլյացիոն խաղերի և իրավիճակների վերլուծության միջոցով մասնակիցները ծանոթացան թիմային աշխատանքի, հաղորդակցության և համագործակցության բարելավման մեթոդներին, ստացան համապատասխան հմտություն և կարողություն ժամանակի ճիշտ կառավարման, որոշումների կայացման, կոնֆլիկտի հաղթահարման և հաղորդակցման վերաբերյալ։