Uncategorized

Գյուղատնտեսությունում ներգրավված և ոլորտի բարելավմանն ու զարգացմանը նպաստող «Կանանց մեծարման երեկո» միջոցառում

Ս․թ․ ապրիլի 8-ին տեղի ունեցավ գյուղատնտեսությունում ներգրավված և ոլորտի բարելավմանն ու զարգացմանը նպաստող «Կանանց մեծարման երեկո» միջոցառումը։

Միջոցառումը կազմակերպվել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն: Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Միջոցառման նպատակն էր խթանել ՄԱՎԵՏԱ ծրագրի կողմից ընտրված մասնագիտությունները, ընդլայնել կանանց ներգրավվածությունն ոլորտում, բարձրացնել նրանց դերն ու հնարավորություն ընձեռել կապեր հաստատելու միմյանց հետ:

Միջոցառումը մեկնարկեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ՝ Արմենուհի Պողոսյանի ողջույնի խոսքով, ով կարևորեց կրթության դերը գյուղատնտեսության զարգացման գործում և ներկայացրեց ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում դուալ ուսոցմամբ ներդրվող գյուղատնտեսական մասնագիտությունները, որը հնարավորություն կտա ուսանողներին արդեն հմտացած մուտք գործել աշխատաշուկա՝ նպաստելով համայնքների զբաղունակությանը։

Տիկին Պողոսյանին հաջորդեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ՝ Տաթևիկ Սարգսյանը, ով կարևորեց կանանց դերը գյուղատնտեսության ոլորտում և նշեց, որ տեղական արտադրանքի մեծ մասը ապահովվում է ոլորտում գործունեություն ծավալող կանանց կողմից։ «Թող Ձեր կյանում միշտ լինեն մասնագիտական հաջողություններ, շարունակեք ազնվորեն և անմնացորդ ծառայել հայրենիքին և նրա առաջընթացին»,-ասաց տիկին Սարգսյանը։

HEKS/EPER կազմակերպության ՄԿՈՒ խորհրդատու՝ Մոնիք Ֆրեյը ներկայացրեց Շվեյցարիայի փորձն ու կանանց քաղաքական և սոցիալական կյանքում ներգրավման համար իրականացվող ծրագրերը։

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանն իր խոսքում կոչ արեց երիտասարդներին մասնագիտություն ընտրելիս հետևել սրտի թելադրանքին և առաջարկ կատարեց նմանատիպ միջոցառումներին հրավիրել նաև տղամարդկանց՝ գյուղատնտեսությունում կանանց դերը էլ ավելի կարևորելու համար։

Միջոցառման ընթացքում կաթի և կաթնամթերքի տեխնոլոգ, անասնաբույժ և ֆերմեր մասնագիտություն ունեցող յոթ կին ներկայացրեցին իրենց հաջողության պատմությունները։

Միջոցառման ընթացքում պանելային քննարկման միջոցով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետ՝ Մելանյա Կարապետյանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ՝ Արմենուհի Պողոսյանի և մասնավոր հատվածի ներկայացուցիչ, կին ձեռներեց «Լոռվա Կաթ» ընկերության համահիմնադիր Անուշ Սուքիասյանի կողմից ներկայացվեցին և քննարկվեցին կանանց համար գյուղատնտեսությունում առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները։

Uncategorized

Կազմակերպվեց հանդիպում «Սքայ Ագրո» ընկերության կողմից Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն շարունակում է աջակցել իր գործընկերներին՝ տեղական կազմակերպություններին և ընկերություններին նոր կապերի ստեղծման և համագործակցության հնարավորությունների ձևավորման հարցում։

Ապրիլի 1-ին տեղի ունեցավ հանդիպում «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» RECONOMY նախագծի շրջանակներում գործընկեր «Սքայ Ագրո» ՍՊԸ-ի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին «Սքայ Ագրո» ընկերության կողմից տրամադրվող ծառայությունները և քննարկվեցին խաղողագործների հետ համագործակցության հաստատման հնարավորությունները։

«Սքայ Ագրո»-ն կիրառում է նորարարական մոտեցում՝ օգտագործելով գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերը և գյուղատնտեսական հմուտ օդաչուները՝ ճշգրիտ գյուղատնտեսական պրակտիկաների շրջանակում բերքի արդյունավետ և նպատակային մոնիտորինգ իրականացնելու համար:

RECONOMY-ը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների տարածաշրջաններում այլ կազմակերպությեւնների հետ համագործակցությամբ:

ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին իրազեկման այցեր մարզային դպրոցներ

Մարտի 19-20-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ի «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում ՄԿՈՒ համակարգող Լիլիթ Բեգլարյանը, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի կարիերայի պատասխանատու Կամո Ջիվանյանը և քոլեջի համապատասխան դասավանդողներ իրազեկման այց կատարեցին Լոռու մարզի Տաշիր համայնքի դպրոցներ։

9-րդ դասարանի 150 ավելի աշակերտներ հնարավորություն ունեցան տեղեկություններ ստանալ միջին մասնագիտական հաստատություններում ուսումնական գործընթացի, դուալ մոտեցմամբ կրթական ուսուցման առավելությունների, գյուղատնտեսական և/կամ այլ մասնագիտություն ընտրելու դեպքում աշխատանքի հեռանկարների վերաբերյալ։

Այնուհետև Լոռու մարզի մի քանի համայնք սպասարկող երիտասարդ անասնաբույժ՝ Աշոտ Խանումյանն աշակերտներին ներկայացրեց իր մասնագիտության առանձնահատկությունները, աշխատանքային առօրյան ու խոսեց ներկայումս աշխատաշուկայում անասնաբույժ մասնագիտության մեծ պահանջարկի վերաբերյալ։

«Վաճառքը հյուրընկալության և տուրիզմի ոլորտում» դասընթաց ԼԻԼԱ ծրագրի գործընկերների և շահառուների համար

Ս․թ․ մարտի 18-ին մեկնարկեց «Վաճառքը հյուրընկալության և տուրիզմի ոլորտում» դասընթացը, որն իրականացվում է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար»՝ ԼԻԼԱ ծրագիրի շրջանակներում:

Դասընթացը վարում է Զառա Զեյթունցյանը: Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների վաճառք իրականացնելու հմտությունները և գիտելիքները, որոնց շնորհիվ նրանք կկարողանան մշակել մրցունակ վաճառքի եզակի առաջարկներ, գրագետ ներկայացնել իրենց զբոսաշրջային ծառայությունները, մեծացնել վաճառքի ծավալները և ներգրավվել նոր թիրախային շուկաներ, ինչպես նաև մշակել լոյալության ծրագրեր և պահպանել լոյալ հաճախորդներին։

Դասընթացը հնարավորություն կտա մասնակիցներին ինքնուրույն  մշակել և իրականացնել վաճառքի ռազմավարություն, իրականացնել սեփական բիզնեսների վաճառքի կանխատեսումներ և մոնիտորինգ, ինքնուրույն մշակել B2B և B2C վաճառքի առաջարկներ և կիրառել վաճառքի նոր և արդիական գործիքներ։

Դասընթացի մասնակիցները կարևորեցին նախաձեռնությունը, նշելով, որ նմանատիպ դասընթացները նաև հնարավորություն են ընձեռում փորձի փոխանակման և գործընկերային կապերի հաստատման համար։

Uncategorized

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի գործընկերների միջև կապերի հաստատմանն ուղղված միջոցառում

Ս․թ․ մարտի 1-2-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի  կողմից Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվեց գործընկերների միջև կապերի հաստատմանն ուղղված միջոցառում։

Միջոցառման ընթացքում ստորագրվեց 20-ից ավել փոխըմբռնման հուշագիր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ԼԻԼԱ ծրագրի շահառուների ու գործընկերների միջև։

Միջոցառումը մեկնարկեց Շվեյցարիայի փոխդեսպան և հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի զարգացման համագործակցության համար պատասխանատու` պարոն Վերներ Թութի ողջույնի խոսքով, որ դիմելով հանդիման մասնակիցներին ասաց,-«Այս ծրագիրը նախատեսված է բազմաթիվ մարդկանց և ընկերությունների համար, և Ձեր աշխատանքը փոխում է հայկական զբոսաշրջության դեմքն ու ապագան»։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ԼԻԼԱ ծրագրի ընթացքը, ձեռքբերումները և մինչև 2025թվ․ պլանավորված գործողությունները։

Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ Հայաստանում զբոսաշրջության զարգացման ռազմավարությանը, մարզային բիզնեսներին առնչվող զբոսաշրջության քաղաքականության մասին ՀՀ նոր օրենքին և քննարկել զբոսաշրջության զարգացման հեռանկարները։

Երկօրյա միջոցառման ընթացքում ծրագրի գործընկերներն ու շահառուները ներկայացրեցին ծրագրի աջակցությամբ արդեն իրականացված կամ նախագծված բիզնես գաղափարները։