NEWSARM

«Կաթնարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններում լաբորատորիայի մասնագետի կարճաժամկետ վերապատրաստում» թեմայով դասընթաց

2024թ. հունվարի 29-ից փետրվարի 7-ը «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ն «Կաթնարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններում լաբորատորիայի մասնագետի կարճաժամկետ վերապատրաստում» թեմայով դասընթաց է կազմակերպել ՄԱՎԵՏԱ-ի գործընկեր մասնավոր հատվածի լաբորատորիայի աշխատակիցների և Գորիսի ու Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջներում կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա առարկան դասավանդողների համար։

6-օրյա վերապատրաստման դասընթացն ու գործնական պարապմունքներն իրականացրել է «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊ ընկերությունը, որի ուսումնական կենտրոնը հագեցած է եվրոպական չափորոշիչներին համապատասխան լաբորատորիաներով։

Դասընթացի մասնակիցներն ուսումնական կենտրոնի ղեկավար Հայկուշ Բատիկյանի գլխավորությամբ գիտելիք և հմտություն են ստացել կաթի նմուշառման, դրա ընթացակարգերի, գործիքների ու միջոցների, գնահատման, ֆիզիկաքիմիական և մանրէաբանական ցուցանիշների որոշման, կաթի-կաթնամթերքի արտադրությունում վտանգների վերլուծության ու հսկման, կրիտիկական կետերի կառավարման համակարգի ներդրման և մասնագիտական այլ նրբությունների վերաբերյալ։

Նրանք նաև հնարավորություն են ունեցել ինքնուրույն փորձարկումներ իրականացնել լաբորատորիաներում։ Ուսումնական գործընթացն ավարտվեց թեստավորմամբ։ Թեստավորման դրական արդյունքներով բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր։

Դասընթացի մասնակիցները մասնավոր հատված-քոլեջ համագործակցության շրջանակներում այս դասընթացը կանցկացնեն նաև մարզերում։